ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիսավորությամբ բացեցին սոցիալական ծառայությունների առաջին ինտեգրված կենտրոնը Նոյեմբերյան քաղաքում:
Շնորհավորելով ներկաներինՙ նախարարը նշեց. «Մենք նպատակ ենք ունեցել սահմանամերձ Նոյեմբերյանում ունենալ այնպիսի կենտրոն, ինչպիսիք ունենք Երեւանում, հանրապետության մյուս վայրերում: Կարեւորում եմ, որ մեկ կենտրոնում, մեկ պատուհանի միջոցով մեր քաղաքացիները կստանան արդիական ծառայություններ: Երկրորդ կարեւոր նպատակը սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումն է: Դրամական վճարումների հետ կապված խնդիրներն այսուհետեւ կատարվելու են ավտոմատացված տեղեկատվական համակարգերի միջոցով, իսկ բազմաշերտ խնդիրներ ունեցող ընտանիքների կարիքների գնահատումն ու դրանց հիման վրա վերականգնողական բոլոր աշխատանքներն իրականացնելու են սոցիալական աշխատողները: Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողներն անցել են վերապատրաստումներ, կենտրոններին տրամադրվել են նոր տեխնիկական միջոցներ: Գործընթացը լինելու է շարունակական, ամբողջ հանրապետությունում ունենալու ենք 55 նմանատիպ կենտրոններ: Այս կենտրոնը Տավուշի մարզում առաջինն է եւ մենք պարոն մարզպետի հետ քննարկում ենք մարզի մյուս տարածաշրջաններում նման կենտրոնների բացման հնարավորությունը»:
Պարոն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց ժամանակակից, վերանորոգված եւ վերազինված կենտրոնի համար եւ ավելացրեց. «Ինտեգրված սոցիալական ծառայությունների նոր կենտրոնն ապահովելու է ծառայությունների նոր որակ եւ սպասարկման նոր աստիճան: Կարեւորում եմ, որ այն բացվեց սահմանամերձ տարածաշրջանում, սկսում ենք ոչ թե մարզկենտրոնից, այլ Նոյեմբերյանից, որտեղ սոցիալական խնդիրներով շատ ավելի մեծ թվով մարդիկ են դիմում: Շնորհակալ եմ համատեղ, արդյունավետ աշխատանքի համար եւ պատրաստ եմ համագործակցությանՙ մարզի մյուս տարածաշրջաններում եւս նման կենտրոններ ստեղծելու համար»:
Բացման արարողությունից հետո նախարարը եւ մարզպետը հանդիպեցին համայնքների, սոցիալական ծառայությունների, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների, մարզպետարանի աշխատակիցների հետ:
Դիմելով ներկաներինՙ պարոն Ասատրյանը նշեց. «Մենք կարեւոր գործընթացի սկիզբն ենք դնում միասին. կենտրոնի բացումն առաջին քայլն է: Սոցիալական պաշտպանության ոլորտում մենք ընդհանուր բարեփոխումներ ենք իրականացնում, եւ իմ ցանկությունն էրՙ ձեզ հետ քննարկել առկա բոլոր խնդիրները, լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, պատասխանել ձեր հարցերին: Դրա համար ենք ընտրել այս ձեւաչափը եւ եկել ենք այս կազմովՙ նախարարի առաջին տեղակալ, նախարարության առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ»:
Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց ինտեգրված ծառայությունների գաղափարախոսության, նպատակների, տեղերում սոցիալական ծառայություններ մատուցող պետական եւ հասարակական կառույցների համագործակցության, սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղիների վերաբերյալ իր մոտեցումները:
Ներկաների հարցերին նախարարը եւ ոլորտների պատասխանատուները տվեցին պատասխաններ, պարզաբանումներ:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների ձեւավորումըՙ համագործակցության լայն հնարավորություններով, քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներով եւ աշխատաոճով հույս է ներշնչում, որ այսուհետ ծառայությունները կդառնան ավելի մարդակենտրոն եւ հասցեական: Դրա համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Գործընթացն անդառնալի է եւ շարունակական: