Սեպտեմբերի 19-ին Պրահայի Բուբնի երկաթուղային կայարանի կառամատույցում տեղակայված վագոնում անցկացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկո հրեական մշակույթի «9 Դարպաս» 14-րդ միջազգային փառատոնի «Գնացք Լուստիգ, հույսի գնացք» ծրագրի շրջանակներում: Այս փառատոնը մեկ տարի առաջ կազմակերպել էր նաեւ «Մուսա լեռներ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցեց ամերիկաբնակ պրոֆեսոր Շամմասյանը, իսկ անցյալ տարի բեմադրվեց հայտնի դրամատուրգ Առնոշտ Լուստիգի «Աղոթք Կատերինա Հորովիցովայի համար» հայտնի պիեսը, թե ինչպես են հրեաներին ուղարկել համակենտրոնացման ճամբարներ: Եվ Բուբնի երկաթուղային կայարանն այդ իմաստով իզուր չի ընտրվել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդտեղից են Պրահայի հրեաներին ուղարկել Տերեզինի եւ այլ համակենտրոնացման ճամբարներ: Խիստ խորհրդանշական էր նաեւ միջոցառման անցկացման վայրը: Ընտրվել էր 1940 թվականներին բնորոշ մի գնացքի վագոն, որտեղ էլ ցուցադրվեց ԱՄՆ-ում 1919 թվականին նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմըՙ «Հոշոտված Հայաստան»-ը, նվիրված Հայոց ցեղասպանությանը: Միջոցառման կազմակերպիչ Շիմոն Կրբեցը նշեց, որ ցուցադրությունը նվիրվում է ամերիկահայ Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հիշատակին, ով, լինելով ցեղասպանության ականատես, նկարահանվել է այդ ֆիլմում: Ավելին, ֆիլմի համար հիմք է հանդիսացել նրա գրած գիրքը, որտեղ Արշալույսը պատմել է ցեղասպանության ընթացքում իր ընտանիքի ապրած դաժանությունները: Հրաշքով փրկված աղջիկը, զարհուրելի ապրումներից հետո երկար տարիներ չի թողել որեւէ մեկն իրեն մոտենա: Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող Շիմոն Կրբեցը ներկաներին պատմեց Առաջին համաշխարահային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակի, երիտթուրքական կառավարության ռասիստական քաղաքականության մասին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց հայերի ցեղասպանությանը:
1,5 միլիոն հայերի տեղահանումն ու ոչնչացումը նա համարեց ոչ միայն մարդկային, այլեւ մշակութային ցեղասպանություն, քանի որ այդ ընթացքում ավերվել են նաեւ հայկական եկեղեցիներն ու մշակութային օջախները: Նա նաեւ նշեց, որ Հոլոքոսթին մասնակից գերմանացի ՍՍ-ականներից շատերը, այդ թվումՙ Ռուդոլֆ Հելսը, 1910-ական թվականներին վկան են եղել հայերի ցեղասպանության: Շիմոն Կրբեցը մանրամասն նկարագրեց, թե ինչպես են կատարվել հայերի տեղահանումն ու ոչնչացումը: Այնուհետեւ բանախոսը կանգ առավ Ավրորա Մարտիկանյանի եւ «Հոշոտված Հայաստան» ֆիլմի պատմության վրա, ներկայացրեց Արշալույս-Ավրորայի, ինչպես եւ ֆիլմի ճակատագիրը, քանի որ մեզ է հասել ֆիլմի ընդամենը 20-րոպեանոց մի հատված: Նույնիսկ անցյալ տարիՙ «Մուսա լեռներ» գիտաժողովից հետո Պրահայում Թուրքիայի դեսպանությունը փորձ է արել ազդել փառատոնի կազմակերպիչների վրա: Եվ քանի որ մինչ այսօր Թուրքիայի պետությունը չի ընդունում ցեղասպանությունը, ըստ Կրբեցի, իրենք ավելի հաստատակամ են Հայոց ցեղասպանության մասին խոսելու եւ այսպիսով կանխարգելելու հետագա ցեղասպանությունները:
Ցեղասպանությունների կանխարգելման թեման իր ելույթում շարունակեց նաեւ Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը , որը բարձր գնահատեց փառատոնի կազմակերպիչների կատարած աշխատանքը, եւ նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին այս թեման հայերի համար մնում է ոչ միայն անցյալում, այլեւ իբրեւ ներկայի ու ճակատագրի անբաժանելի մի մաս: «Մենք իբրեւ ժողովուրդ եւ պետություն միջազգային հանրությանը ապացուցում ենք, որ շարունակում ենք մեր հավերժ ճանապարհը եւ դրանով ցույց տալիս, որ նման հանցագործությունը չի կարող նորից կրկնվել»,- ասաց դեսպանը: «Սակայն Հայոց ցեղասպանության դառը դասերը միայն հիշողություն չեն աշխարհի պատմության մեջ, այլ նաեւ ավելի ցցուն են դարձնում Հոլոքոսթի, Ռուանդայի, Դարֆուրի եւ շատ այլ ողբերգություններ»: Դեսպանը շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում, այդ թվումՙ Չեխիայում եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնող անհատներին եւ կազմակերպություններին, եւ հույս հայտնեց, որ նման միջոցառումները միգուցե աստիճանաբար հասունացնեն նաեւ մարդկության դեմ կատարված հանցագործության ճանաչմանը Չեխիայի կառավարության կողմից:
Ծրագրի երաժշտական մասում «Մուզիկա Պոետիկա» չեխական երգչախումբը կատարեց հայկական հոգեւոր երգեր, իսկ վերջում Պրահայի Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը արամեերենով կատարեց «Քադիշ» երգը եւ ելույթը եզրափակեց «Տեր ողորմյա»-ով, այդպիսով ընդգծելով նաեւ երաժշտական առնչությունները:
Վերջում հիշեցնենք, որ «9 Դարպաս» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 11-24-ն անցկացվող միջոցառումները նվիրվում են ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հիշատակին: Փառատոնը անցկացվում է Չեխիայի եւ Սլովակիայի նախագահների հովանու ներքո:
«Օրեր» եվրոպական ամսագիր, Լուսանկարները «Օրեր»-ի