Ի պատասխան «Ստամբուլ-Երեւան»-ի
Երբ թուրքական լրատվամիջոցներն առիթ են ունենում Հայաստանի մասին գրելու, անպայման ձգտում են խեղաթյուրել իրականությունն ու մեր երկրի մասին տեղեկությունները, դրանք ներկայացնելով ավելի բացասական եւ հոռետեսական լույսով, համեմելով դա հայերի ու Հայաստանի նկատմամբ ատելության քարոզով: Պատկերը տրամագծորեն հակառակն է հայկական լրատվամիջոցներում, որտեղ Թուրքիայի մասին որեւէ տեղեկություն հրապարակելիս որպես անառարկելի հեղինակություն են ընդունվում թուրքական աղբյուրները, ներկայացվում այդ երկիրն ու նրան առնչվող նորությունները ավելի դրական եւ լավատեսական լույսի ներքո, կամա թե ակամա նպաստելով թուրքական քարոզչությանը: Սա բավական չէ, սեփական երկրի հանդեպ ատելությունը հասնում է նրան, որ սկսում ենք հակադրել Հայաստանն ու Թուրքիան` ի նպաստ վերջինիս: Նման մի հրապարակում վերջերս եղավ նաեւ մեր թերթում` «Երեւան-Ստամբուլ» վերնագրով (16.09.2013): Կարելի է, անշուշտ, դժգոհ լինել սեփական երկրից եւ քննադատել նրա իշխանություններին, բայց գերադասել թշնամի երկրին եւ գովերգել նրա իշխանություններին, դա արդեն, մեղմ ասած, իսկապես արտառոց է:
Վերոնշյալ հրապարակման մեջ հեղինակը գրում է. «Ամենաարտառոցը, թերեւս, հայաստանցիների ներկայությունն էր այդ հսկա մեգապոլիսում եւ առհասարակ Թուրքիայումՙ տարբեր աղբյուրներովՙ 30-100 հազար մարդ, պաշտոնական տվյալներ չկան»: Հիշեցնենք, որ Թուրքիայում 100 հազար հայաստանցիների մասին մի քանի տարի առաջ հայտարարեց այդ երկրի վարչապետ Էրդողանը, սպառնալով այն երկրներին, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ խոստանալով, որ այդ դեպքում ինքը կվտարի հայաստանցիներին: Ակհայտ է, որ տվյալ դեպքում Էրդողանը մեկտեղել էր թուրքական քարոզչությունն ու բիրտ սպառնալիքը: Դրանից հետո եղան հրապարակումներ Ստամբուլի «Ակօս» թերթում եւ թուրքական մի քանի այլ լրատվամիջոցներում, որ Թուրքիայում ապրող եւ աշխատող հայաստանցիների թիվը չի գերազանցում 20 հազարը: Ինչո՞ւ է հեղինակը հավատում Թուրքիայի վարչապետի բացահայտ քարոզչական բնույթ ունեցող թվերին, այլ ոչ թե շատ ավելի իրատեսական ցուցանիշներին, թողնենք իր խղճին: Միաժամանակ չբացառելով, որ նա անտեղյակ կարող է լինել քիչ թե շատ իրական ցուցանիշներին:
Փորձելով մեկնաբանել Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք ակնհայտորեն այդ երկիր մեկնելու համար որոշակի կոմպլեքսներ ունեն եւ ցանկանում են արդարանալ, հեղինակն այսպես է գրում. «Եկեք միայն կեղծ պաթետիկայով չմեղադրենք այս մարդկանց հայրենիքի դավաճանության մեջ, ինչը ժամանակ առ ժամանակ հնչում է հայկական լրատվամիջոցներում: Լավ կյանքից չեն հեռանում Հայաստանից: Ստամբուլում բնավորված շատ հայաստանցիների հետ ունեցած զրույցներում ապշեցնում էր նրանց միահամուռությունը մի հարցումՙ թուրքական իշխանությունները, թուրքերը իրենց նկատմամբ անհամեմատ ավելի բարեհաճ են, քան դա նկատվում է Հայաստանում: Այդպես է դա, թե ոչ, թողնենք հայոց կառավարիչների խղճին»:
Անկեղծ ասած, մեզ էլ ապշեցնում է այն, որ հեղինակը առանց որեւէ երկմտանքի համաձայնվում է Թուրքիայում բնակություն հաստատած մեր հայրենակիցների խոսքերին` թուրքական իշխանությունների եւ թուրքերի վերաբերյալ, եւ փոխանակ ասողների խղճին թողնելու այդ խոսքերի իրավացի լինելը, թողնում է «հայոց կառավարիչների խղճին»: Այստեղ բավական է միայն հիշեցնել վերեւում նշված Էրդողանի հայտարարությունը, թե նա ինչպես կվարվի հայաստանցիների հետ, եթե այս կամ այն երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հեղինակի` խղճահարություն առաջացնող պաթետիկան հօդս կցնդի: Թերեւս, կարիք չկա հիշեցնել այդ երկրում հայերի դարավոր տառապանքների, ցեղասպանության, դրան հաջորդած տարիներին պարբերաբար կրկնվող` 1920-ական, 1950-ական թվականների ճնշումների, 1970-90-ական թվականներին տեղի ունեցող ռազմական հեղաշրջումների ժամանակ` հալածանքների մասին: Բնական է, քանի դեռ հայաստանցիներն այդ երկրում կատարում են այն աշխատանքերը, որ չեն կատարում տեղացիները, քանի դեռ մեր առեւտրականները նպաստում են թուրքական ապրանքների արտահանմանը, այդ երկրի ղեկավարությունն ու հասարակությունը հանդուրժում է հայերին, սակայն բավական է, որ մի երկրում մի հայտարարություն կատարվի Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիայի հայերը, այդ թվում Հայաստանից գնացածները, ոչ առանց հիմքի ահ ու սարսափի մեջ են ընկնում, քանի որ քաջատեղյակ են թուրքերի եւ թուրքական իշխանությունների «անհամեմատ ավելի բարեհաճությունից»:
Ինչ մնում է Հայաստանից Թուրքիա բնակության մեկնողներին, ապա նրանց ոչ ոք չի մեղադրում դավաճանության մեջ, բայց այնպես էլ չէ, որ պետք է նրանց արդարացնել եւ նրանց մոտեցումները համարել ճիշտ: Աստված մի արասցե, եթե ինչ-որ բան այն չլինի Թուրքիայում, այդ մարդիկ առաջին հերթին են վտանգվելու եւ փախչելու են հենց իրենց երկիր` Հայաստան եւ ապաստան ու այլ պահանջներ ներկայացնելու «անբարեհաճ» «հայոց կառավարիչներին»:
Ընդհանրապես, հրապարակման մեջ կարմիր թելի պես անցնում է թուրքական «դրախտի», եւ հայկական «դժոխքի», Թուրքիա գնացած հայերի այդ երկրից գոհ լինելու եւ Հայաստանից մշտապես դժգոհ լինելու մասին: Այն, որ Հայաստանը դրախտ չէ, բոլորս գիտենք, բայց եւ դժոխք էլ չէ եւ ոչ էլ Թուրքիան է դրախտ` հատկապես հայերի համար: Այս առումով պարզապես զավեշտալի են վերոնշյալ հրապարակման մեջ Էրդողանի ժամանակ Թուրքիայի «հսկայական առաջընթացի» համադրությունները Հայաստանի հետ:
Ահա թե ինչպես է փառաբանում հեղինակը Թուրքիայի վարչապետին եւ հռետորական հարց ուղղում Հայաստանի «որեւէ» ղեկավարին. «Անգամ Էրդողանի հակառակորդները, ընդդիմախոսները ընդունում են նրա կառավարման 10 տարվա ընթացքում երկրի կյանքում տեղի ունեցած հսկայական առաջընթացը: Միայն մեկ փաստ. երբ Էրդողանը եկավ իշխանության գլուխ, տարեկան միջին աշխատավարձը կազմում էր 2000 դոլար: Հիմա հատել է 11000-ի սահմանը: Հայաստանի ո՞ր ղեկավարը կարող է հպարտանալ նման, պարզ է, համեմատական, հաջողությամբ»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հեղինակը չի փորձել կամ ցանկացել ճշտել իր բերած ցուցանիշը: Նախ ներկայացնենք Թուրքիայի սոցիալական ապահովության կոմիտեի տվյալները այդ երկրի միջին աշխատավարձի վերաբերյալ, որոնք հրապարակվել են «Սաբահ» թերթում (18.03.2013): Համաձայն դրանց, Թուրքիայում միջին ամսական աշխատավարձը կազմում է 833 դոլարին համարժեք թուրքական լիրա: Սա բազմապատկելով 12-ի կստանանք տարեկան միջին աշխատավարձի չափը` գրեթե 10 հազար դոլար:
Հաջորդը` Էրդողանը վարչապետ դարձավ 2003-ին: Այդ ժամանակ էլ միջին ամսական աշխատավարձը կազմել է 300 դոլար: google որոնողական համակարգի միջոցով մի քանի աղբյուրներից ստացանք այս թիվը: Ինչը նշանակում է, որ տարեկան միջին աշխատավարձը 10 տարի առաջ Թուրքիայում կազմել է ոչ թե 2000 դոլար, այլ 3600 դոլար: Այսինքն, 10 տարում ոչ թե ավելի քան 5 անգամ է աճել միջին աշխատավարձը Թուրքիայում` իբր 2000 դոլարից դառնալով 11000 դոլար, այլ 3 անգամից էլ քիչ` 3600 դոլարից դառնալով 10000 դոլար: Հիմա տեսնենք, թե այդ նույն ժամանակահատվածում ինչպես է փոխվել միջին աշխատավարձը Հայաստանում, անկախ նրանից, թե որ ղեկավարը կհպարտանա այդ հաջողությամբ:
Իրական, ընդգծում ենք իրական` ոչ թե անվանական, աշխատավարձը Հայաստանում 2003-ին ամսական կազմել է մոտ 33 հազար դրամ, տարեկանը` գրեթե 400 հազար դրամ կամ մոտ 690 դոլար (փոխարժեքն այդ ժամանակ 1 դոլարը 578 դրամ): 2013-ին Հայաստանի միջին անվանական աշխատավարձը օգոստոսի 1-ի դրությամբ մոտ 145 հազար դրամ է, իրականը դրանից փոքր ինչ ցածր կլինի: Համենայն դեպս, այն 350 դոլարից ցածր չի կազմի, որը տարեկան կլինի 4200 դոլար: Պարզ թվաբանություն կատարելով, կտեսնենք, որ 10 տարում Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 6 անգամ, իսկ Թուրքիայում` 3 անգամից էլ քիչ: Եվ դա հաշվի առնելով Թուրքիայի տարածքային եւ այլ ռեսուրսները, աշխարհագրական դիրքը եւ դրան հակառակ` 90-ականներին Հայաստանի տնտեսության փլուզումը եւ մասնավորապես` թուրք-ադրբեջանական շրջափակումը: Դե եթե այս պայմաններում միջին աշխատավարձի աճի տեմպով Հայաստանը կրկնակի բարձր ցուցանիշ ունի, քան Թուրքիան, իսկ մեր հեղինակը հպարտանում է թուրքական կառավարության հաջողություններով, ապա յուրաքանչյուրը թող իր եզրակացությունն անի` այդ թվում այստեղ նշված մնացած բոլոր ցուցանիշների եւ մեկնաբանությունների առումով: