Ազատ են արձակվել քաղբանտարկյալներ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը «երբեք չի արտադրի միջուկային զենք»:
Նախագահը նաեւ ասել է, որ ինքը բոլոր իրավասություններն ունի, որպեսզի Արեւմուտքի հետ բանակցություն վարի ուրանի հարստացման իրանական ծրագրի առնչությամբ:
Ռոուհանին ավելացրել է, որ վերջերս իրեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղարկած նամակը «դրական էր եւ կառուցողական»:
BBC-ի իրանական թղթակից Ջեյմս Ռեյնոլդսի կարծիքով, ամերիկյան խոշոր հեռուստաալիքներից մեկին հարցազրույց տալու Ռոուհանիի որոշումը ցույց է տալիս, թե նրա կառավարության համար որքան կարեւոր է երկխոսությունը Վաշինգտոնի հետ:
Ավելի վաղ Իրանում ազատ էր արձակվել 11 քաղբանտարկյալ: Նրանցից ութը կանայք են, այդ թվումՙ փաստաբան Նասրին Սոտուդեն, որը 2009 թ. նախագահական վիճելի ընտրություններից հետո դատարանում ներկայացնում է իրանցի ընդդիմադիր ակտիվիստներին: Ազատ արձակվածների մեջ է նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Մոհսեն Ամինզադեն:
Նասրին Սոտուդեն ձերբակալվել էր 2010 թվականին եւ 6 տարվա բանտարկության դատապարտվել երկրի «ազգային անվտանգությունը խարխլող գործողությունների» համար:
Բոլոր քաղբանտարկյալների արձակումը Ռոուհանիի նախընտրական խոստումներից մեկն էր: Նախագահ Հասան Ռոուհանին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի հերթական նստաշրջանի որոշ նիստերի: