ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 31-րդն է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նախորդ ամսվա համեմատ 11 հորիզոնականով առաջադիմել է ու զբաղեցրել է 55-րդ տեղը: Մեր ընտրանին ցուցակում գտնվում է Իսլանդիայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հարեւանությամբ:
Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արգենտինայի ընտրանին, որը 2 տեղով բարձրացել էՙ շրջանցելով գերմանացիներին: Իտալացիներն եւս 2 տեղով առաջադիմել ենՙ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Կոլումբիայի հավաքականը 3-րդ տեղից նահանջել է 5-րդ հորիզոնական: Առաջընթաց են ունեցել 6-րդ եւ 7-րդ տեղերը զբաղեցնող Բելգիայի եւ Ուրուգվայի հավաքականները: 8-րդ տեղը զբաղեցնում են բրազիլացիները, որոնք առաջադիմել են մեկ հորիզոնականով: Իսկ ահա 9-րդ տեղում գտնվող հոլանդացիները 4 հորիզոնականով նահանջել են: 2 տեղով էլ նահանջել են լավագույն տասնյակը եզրափակող խորվաթները:
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից լավագույն ցուցանիշն ունի Ռուսաստանը, որը մեկ հորիզոնականով առաջադիմել է ու զբաղեցնում է 15-րդ տեղը: Մյուս հավաքականների արդյունքներն այսպիսին են. 26. Ուկրաինա, 57. Ուզբեկստան, 80. Բելառուս, 88. Էստոնիա, 97. Վրաստան, 107. Ադրբեջան, 112. Լիտվա, 115. Լատվիա, 117. Տաջիկստան, 125. Թուրքմենստան, 129. Մոլդովա, 132. Ղազախստան, 144. Ղրղզստան:
Նախորդ ամսվա համեմատ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ամենամեծ առաջընթացն ունեցել են Հս. Իռլանդիայի եւ Բենինի հավաքականները, որոնք բարձրացել են 23 տեղով: Իսկ ահա Սուրինամի ընտրանին 35 տեղով նահանջել է:
Բացի ՖԻՖԱ-ից, վարկանիշային աղյուսակ է կազմում նաեւ ՈւԵՖԱ-ն իրեն անդամակցող 54 երկրների հավաքականների համար: Հայաստանի հավաքականը պահպանել է 31-րդ հորիզոնականը: Հետաքրքրական է, որ 32-րդ տեղում Բուլղարիայի ընտրանին է, որի հետ մեր հավաքականը մրցելու է հոկտեմբերի 11-ին Երեւանում:
Հարկ է նշել, որ ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում հաշվի չեն առնվում ընկերական հանդիպումների արդյունքները, որոնցում ի դեպ ՀՀ հավաքականն անհաջող է հանդես գալիս: Աղյուսակում հաշվի են առնված 2010-ի եւ 2014-ի աշխարհի առաջնությունների ու 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում գրանցված արդյունքները: Ուստի ՈւԵՖԱ-ի դասակարգման ցուցակը կազմվում է ոչ թե ամեն ամիս, այլ հերթական ընտրական մրցախաղերից հետո:
Ինչպես ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՈւԵՖԱ-ի դասակարգման ցուցակը գլխավորում են իսպանացիները: Լավագույն տասնյակում են նաեւ Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Խորվաթիայի եւ Շվեդիայի հավաքականները:
Հարկ է նշել, որ ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում զբաղեցրած դիրքով է որոշվելու Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի մասնակիցների բաշխումն ըստ զամբյուղների վիճակահանության ժամանակ: Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը հավակնում է 4-րդ զամբյուղում տեղաբաշխվելուն: ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակը վերջնական տեսք կստանա ընտրական մրցաշարի ավարտից հետո: Թեեւ Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է խմբում 2-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը, սակայն պետք է ձգտի լավ արդյունքներ գրանցել բուլղարացիների եւ իտալացիների հետ ընտրական մրցախաղերում, որպեսզի բարելավի իր դիրքերը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ վիճակահանության ժամանակ ավելի հարմար մրցակիցներ ունենա: