Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԻՏԱԼԻԱՆ ԵՎ ՀՈԼԱՆԴԻԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտում կայացած մրցախաղերից հետո հայտնի դարձան Եվրոպայից եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած առաջին 2 հավաքականները: Աշխարհի առաջնությունում իրենց մասնակցությունն ապահովեցին Իտալիայի եւ Հոլանդիայի հավաքականները:

Իտալացիները B խմբում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեցին չեխերին եւ 20 միավորով անհասանելի դարձան մրցակիցների համար: Ի դեպ, այդ խաղից հետո չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հրաժարական տվեցՙ հայտարարելով, որ չի կատարել իր առջեւ դրված խնդիրը: Բիլեկը Չեխիայի հավաքականը գլխավորում էր վերջին 4 տարիներին:

B խմբում 2-րդ տեղի համար պայքարը կշարունակեն Բուլղարիայի եւ Դանիայի հավաքականները: Բուլղարացիները Մալթայում 2-1 հաշվով հաղթելով տանտերերին, վաստակեցին 13 միավոր: Դանիան 1 միավոր պակաս ունի: Հոկտեմբերի 11-ին Բուլղարիան հյուրընկալվելու է Երեւանում, իսկ 4 օր անց սեփական հարկի տակ մրցելու է չեխերի հետ: Դանիայի ընտրանին իտալացիներին եւ Մալթայի հավաքականին ընդունելու է սեփական հարկի տակ: Իսկ ՀՀ հավաքականը կորցրեց 2-րդ տեղի համար պայքարը շարունակելու վերջին հնարավորությունը:

Աշխարհի առաջնության 2-րդ մասնակիցը որոշվեց Անդորրայում, որտեղ հոլանդացիները 2 անպատասխան գնդակ խփեցին դաշտի տերերի դարպասը: Հոլանդիայի հավաքականը հիանալի ցուցանիշ ունիՙ 8 խաղում 22 միավոր:

2-րդ տեղի համար պայքարում առայժմ առջեւում է Հունգարիայի հավաքականը, որը 5-1 հաշվով սեփական հարկի տակ ջախջախեց էստոնացիներին: Մյուս խաղում Ռումինիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց թուրքերին:

A խմբում վերջնական հաջողությանը մոտ է Բելգիայի հավաքականը, որն ունի 22 միավոր: 2-րդ տեղում ընթացող խորվաթները վաստակել են 17 միավոր: Խմբում կայացած 2 հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մակեդոնիա-Շոտլանդիաՙ 1-2, Ուելս-Սերբիաՙ 0-3:

C խմբում էլ Գերմանիայի հավաքականն է գործնականում ապահովել ուղեգիրը: Հերթական հաղթանակը տոնելով Ֆարերների նկատմամբ (3-0), գերմանացիները վաստակեցին 22 միավոր: 2-րդ տեղում ընթացող շվեդները հյուրընկալվելիս պարտության մատնելով ղազախներին (1-0), ունեն 17 միավոր: Ավստրիան 1-0 հաշվով հաղթելով իռլանդացիներին, վաստակեց 14 միավոր:

Մյուս խմբերում համառ պայքար է ծավալվել ուղեգրերի համար: G խմբում 19-ական միավորով առաջատարներն են Բոսնիայի եւ Հունաստանի հավաքականները, որոնք էլ կվիճարկեն ուղեգիրը: Հույները հաղթեցին լատվիացիներին (1-0), Բոսնիան պարտության մատնեց սլովակներին (2-1):

Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում 3-1 հաշվով հաղթելով իսրայելցիներին, վաստակեց 18 միավոր ու շրջանցեց պորտուգալացիներինՙ գլխավորելով F խմբի մրցաշարային աղյուսակը: Այս խմբում անակնկալ մատուցեց Լյուքսեմբուրգի հավաքականը, որը 3-2 հաշվով հաղթեց Հս. Իռլանդիային: Լյուքսեմբուրգը 6 միավոր վաստակեց ու տեղափոխվեց 5-րդ հորիզոնականՙ հետնապահի տեղը զիջելով ադրբեջանցիներին: Իսկ հյուսիսիռլանդացիների 74-ամյա գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին պաշտոնանկ արվեց:

H խմբում կայացած 2 առաջատարներիՙ Ուկրաինայի եւ Անգլիայի հավաքականների մրցավեճում դարպասներն անառիկ մնացին: Դա միակ գոլազուրկ ոչ-ոքին էր ընտրական մրցաշարի 8-րդ տուրում: Անգլիան մեկ միավորով գերազանցում է ուկրաինացիներինՙ գլխավորելով աղյուսակը:

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Նորվեգիա-Շվեյցարիաՙ 0-2, Իսլանդիա-Ալբանիաՙ 2-1, Կիպրոս-Սլովենիաՙ 0-2, Սան Մարինո-Լեհաստանՙ 1-5, Բելառուս-Ֆրանսիաՙ 2-4, Վրաստան-Ֆինլանդիաՙ 0-1:

Մրցաշարային աղյուսակ

B խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Իտալիա862015-520
2. Բուլղարիա834113-613
3. Դանիա83329-1012
4. Չեխիա82338-89
5. Հայաստան83058-109
6. Մալթա81074-183