Նախկինում նույն ընտրատարածքում մրցակիցներ Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովում էլ ընդհանուր թեմայով «հանդիպելու» առիթներ ունենում են: Երեկ, օրինակ, Ն. Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին հետաքրքրվում էր, թե ինչպե՞ս է, որ մշակույթի նախարարության արգելանքի պարագայում, բայց քաղաքապետարանի ու իրավապահ մարմինների թողտվությամբ հնարավոր դարձավ պատմամշակութային հուշարձան Փակ շուկայի աղավաղումը: Վարչապետը բացակա էր, Ն. Փաշինյանն էլ, ինչպես Հովիկ Աբրահամյանն էր առաջարկում, չէր համաձայնում հարցը գրավոր տալ: Ամենահետաքրքականն այն է, որ Փակ շուկայի սեփականատեր համարվող Սամվել Ալեքսանյանը, մինչեւ հարցուպատասխանը, ԱԺ նիստի մեծ ընդմիջմանը ելել էր լրագրողական շրջապատ, ու ի թիվս այլ հարցերի` Փակ շուկայի վերաբերյալ էլ դատողություններ էր արել` հոտառություն ունի էլ, մարդը: Նա մեկ ասում էր, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, Փակ շուկայի մասին պետք է նրա տնօրենին հարցնել, մեկ էլ կրկնում այն խոսքերը, որ նրան պաշտպանող կանայք էին ասել Փակ շուկայի կառուցմանը սատարող գործողություններից մեկի ժամանակ, թե ինքը «զիբիլից, կռիսներից» մաքրել է Փակ շուկան. «Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից», ասում էր նա` հորդորելով լրագրողներին մենակ վատ բան չգրել, իր լավ գործերն էլ տեսնել: Ու հակադարձում էր, թե «էդքան քանդված եկեղեցի կա, քարերը թափված, ինչո՞ւ չեք գրում` փչանում են». «Ոչինչ, մի օր խիղճը կգա, ձեզ կխեղդի, կգրեք ճիշտը»: Հետո մեկ էլ կտրուկ հրաժարվեց ինտերվյու տալ, թե` եկեք Մալաթիայի հիվանդանոց, տեսեք ինչ լավ բաներ եմ արել, այնտեղ հարցազրույց տամ (այս հիվանդանոցը եւս նրա սեփականությունն է): «Ազգի» հարցին, թե ի՞նչ է մտածում Մաքսային միություն մտնելու մասին, նա նետեց. «Մեր նախագահն ինչ անում է` ճիշտ է անում»:
Իմիջիայլոց` մի քանի օր հետո «Քարֆուր» առեւտրի կենտրոնի բացմանն Ալեքսանյանը գնալու է, իր խոսքով` «լենտն» էլ ինքն է կտրելու: Համասեփականատեր լինելու վերաբերյալ հետաքրքրությանն էլ պատասխանեց` եթե առաջարկ լինի, չի մերժի: Լրագրողները չէին պոկվում Սամվել Ալեքսանյանից, ու նրանց խաչաձեւ հարցերից նա խիստ դժգոհեց, թե 10 մլն դրամի նվիրատվություն է արել Մալաթիա-Սեբաստիա դպրոցներից մեկին, լրագրող է կանչել` չեն գնացել: Ու եզրակացրեց, որ իր մասին ուզում են միայն վատ բան գրել: Եթե բիզնեսով չի զբաղվում` որտեղի՞ց 10 մլն, հետաքրքրվեց մի լրագրող. «Էդ քեզ վերաբերվո՞ւմ է` որտեղից: Մինչեւ պատգամավոր ըլելը բիզնեսով եմ, չէ՞, զբաղվել, կուտակել եմ», իր ոճով ասաց լրագրողների ուրախություն Սամվել Ալեքսանյանը: