Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումներն ավելի սրեցին իրավիճակը B խմբում 2-րդ տեղի համար ծավալվող պայքարում: Դանիայի ընտրանին հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Մալթային, իսկ իտալացիները սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնեցին բուլղարացիներին: Այդ հաղթանակից հետո իտալացիներն ավելի ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքը, իսկ ահա 2-րդ տեղի համար սուր մրցապայքար է ծավալվելու 4 հավաքականների միջեւ:
A խմբում ուղեգրի նվաճմանը շատ մոտ է Բելգիայի հավաքականը, որը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց շոտլանդացիներին: Իսկ ահա 2-րդ տեղում ընթացող խորվաթները սերբերի հետ արտագնա հանդիպումն ավարտելով ոչ-ոքիՙ 1-1, 5 միավորով հետ մնացին բելգիացիներից: Մակեդոնիան 2-1 հաշվով հաղթեց Ուելսին:
C խմբում ավստրիացիների նկատմամբ վստահ հաղթանակ տոնեցին գերմանացիներըՙ 3 անպատասխան գնդակ խփելով: Հաշիվը բացեց Միրոսլավ Կլոզենՙ խփելով հավաքականի կազմում իր 68-րդ գոլը: Այդ ցուցանիշով նա հավասարվեց Գերմանիայի հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գերդ Մյուլլերին: Գերմանիան 19 միավորով գլխավորում է աղյուսակը: 14 միավորով 2-րդ տեղում ընթացող շվեդները 2-1 հաշվով հաղթեցին իռլանդացիներին:
D խմբում Հոլանդիայի հավաքականն առաջին միավորը կորցրեցՙ հյուրընկալվելիս անսպասելիորեն ոչ-ոքի խաղալով էստոնացիների հետ: Ընդ որում միայն խաղավերջում հոլանդացիներին հաջողվեց խուսափել պարտությունից: Հոլանդիան 19 միավորով առաջատարն է: 13 միավոր ունի Ռումինիան, որը 3-0 հաշվով հաղթեց Հունգարիային:
Տարօրինակ հաշիվ գրանցվեց Շվեյցարիա-Իսլանդիա խաղում (4-4): Շվեյցարիան 15 միավորով E խմբի առաջատարն է: 11 միավոր ունի Նորվեգիան, որը 2-0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսին:
F խմբում Պորտուգալիայի հավաքականը Քրիշտիանու Ռոնալդուի հեթ տրիկի շնորհիվ հաղթեց հյուսիսիռլանդացիներին (4-2) եւ 17 միավորով գլխավորում է F խմբի աղյուսակը: Ռուսները 4-1 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգին, վաստակել են 15 միավոր եւ մեկ խաղ պակաս են անցկացրել:
G խմբում 16-ական միավոր ունեն Բոսնիան եւ Հունաստանը: Բոսնիան սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց Սլովակիային, իսկ հույները մրցակցի դաշտում հաղթեցին Լիխտենշտեյնին (1-0):
H խմբի առաջատար Անգլիայի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Մոլդովային, իսկ Չեռնոգորիան ոչ-ոքի (1-1) խաղաց լեհերի հետ: Անգլիան ու Չեռնոգորիան 15-ական միավոր ունեն:
I խմբում առաջատարը 14 միավորով Իսպանիան է, որը հաղթեց ֆիններին (2-0): Ֆրանսիան գոլազուրկ ոչ-ոքի խաղալով վրացիների հետ, վաստակեց 11 միավոր:
Ահա կայացած մյուս խաղերի արդյունքները. Ղազախստան-Ֆարերներՙ 2-1, Թուրքիա-Անդորրաՙ 5-0, Սլովենիա-Ալբանիաՙ 1-0, Իսրայել-Ադրբեջանՙ 1-1, Լատվիա-Լիտվաՙ 2-1, Ուկրաինա-Սան Մարինոՙ 9-0:
Մրցաշարային աղյուսակ
B խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Իտալիա | 7 | 5 | 2 | 0 | 13-4 | 17 |
2. Բուլղարիա | 7 | 2 | 4 | 1 | 11-5 | 10 |
3. Չեխիա | 7 | 2 | 3 | 2 | 7-6 | 9 |
4. Հայաստան | 7 | 3 | 0 | 4 | 8-9 | 9 |
5. Դանիա | 7 | 2 | 3 | 2 | 8-10 | 9 |
6. Մալթա | 7 | 1 | 0 | 6 | 3-16 | 3 |