Լիսկայի որդին ու թիկնապահը շաբաթ երեկոյան ազատ են արձակվել
«Ես դիմեցի նախագահին ու պատասխանը ստացա: Գրավոր պատասխան չստացա, բայց գործողություններով ստացա»: ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հայր Էմիլ Բուդաղյանը նկատի ունի ՊՆ քննչականի որոշումը, համաձայն որի Գորիսի կրակոցներից հետո ձերբակալված Ավետիք Բուդաղյանին սպանած, իսկ Արտակ Բուդաղյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցրած Սյունիքի նախկին մարզպետի որդինՙ Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահըՙ Զարզանդ Նիկողոսյանը ազատ են արձակվել, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Էմիլ Բուդաղյանը բաց նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին, ներկայացրել իրավիճակը, այն ապօրինությունները, որ կատարում են իրավապահ մարմիններն ու հատկապես զինվորական դատախազությունը, եւ խնդրել, որ նախագահը հետեւի գործի քննությանը հանուն արդարության:
Բաղրամյան 26-ից արձագանք չէր եկել. դրա փոխարեն Լիսկայի որդին եւ թիկնապահն ազատ արձակվեցին: Դա նշանակում է, որ Հայաստանում եթե ունես լավ թիկունք եւ իշխանության բարեհաճությունըՙ հնարավոր է կրակել, մարդ սպանել ու մնալ անպատիժ:
«Ես համոզվեցի շատ-շատ բաներում, որ այս գործունեությունըՙ քրեական հետապնդման գործողությունը, զուտ ուղղորդված էր: Խաղ կազմակերպեցինՙ ցույց տալու, որ քննչական գործունեություն է կատարվում, բայց մյուս կողմից էլ Խաչատրյանների ընտանիքին նրանք պաշտպան կանգնեցին, եւ հենց Գեւորգ Կոստանյանը իր ղեկավարությամբ իր քննիչին նշանակեց չորրորդ դատապաշտպան Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) համար», ասաց Էմիլ Բուդաղյանըՙ հավելելով, որ պատահական չի համարում այն հանգամանքը, որ դեպքից միայն 20 օր անց են իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել: Էմիլ Բուդաղյանը համոզված է, որ իրավապահ մարմինների նման վերաբերմունքի պատճառն այն է, որ իրենք հնարավորություն չունենային ծանոթանալու քրեական գործի նյութերին:
«Դրա գաղտնիքն այն է, որ եթե ես ունենայի դատապաշտպան, ժամանակից շուտ շատ հարցեր կպարզաբանեին: Համոզված եմ, որ այս ամենի վերեւում կանգնած են վերադաս մարմինները, նրանք ողջախոհ չեն մտածում, որ հետագայում ինչեր կարող են սպասվել, նոր հանցագործությունների են նրանք հրահրում Սուրիկ Խաչատրյանի նման մարդկանց», ասում է Էմիլ Բուդաղյանը: «Սա արդարադատության պարտությունն է, երբ մեղավորներն ազատ են արձակվում, երբ տուժողը վերածվում է մեղադրյալի», ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ՙ հավելելով, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:
«Ազգ»-ի նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ապօրինությունների այն ցանկը, որ կատարել է զինվորական դատախազությունըՙ պաշտպանելու Խաչատրյանների շահերը: Թեպետ իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չառաջադրվի, սակայն գործի քննությունից հետո պարզվեց, որ առնվազն երկու հոդվածով Լիսկայի դեմ պետք է քրեական գործ հարուցվեր: Նախ, նա տանը պահել է ինքնաշեն հրացան, երկրորդ, այդ հրացանից օգտվելով Տիգրան Խաչատրյանը մարմնական ծանր վնասված է հասցրել:
«Ունենք ապացույց, որ Սուրիկ Խաչատրյանի մոտից առգրավված զենքերից մեկըՙ «Բերետտա» ատրճանակը ինքնաշեն է, այսինքնՙ գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած է: Ակնհայտ է, որ այդ ատրճանակը չի կարող լինել օրինական, եւ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի այն անձը, որ այդ ատրճանակը սարքել, պահել եւ օգտագործել է: Բայց քննչական մարմնից տեղեկանք է գալիս, որ այդ ինքնաշեն ատրճանակը օրինական կարգով տրվել է Սուրիկ Խաչատրյանին 2009 թվականին: Ատրճանակը նվիրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը», մանրամասնեց Ալումյանը: Ինչ վերաբերում է փաստին, որ Սուրիկ Խաչատրյանի զենքով են սպանել Ավետիք Բուդաղյանին, Ալումյանն ասաց, որ այդ հոդվածն ունի հետաքրքրական ձեւակերպում: «Երեւույթը համարվում է հանցագործություն, եթե առաջացրել է ծանր հետեւանքներ: Նախաքննական մարմինը համոզված է, որ առկա է դիտավորյալ սպանություն Տիգրանի եւ Զարզանդի կողմից, բայց մեղադրանք չէին առաջադրում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ այնքան ժամանակ, մինչեւ պարզվեց, որ ծանր հետեւանք չկա, քանի որ սպանություն չէ, այլ ինքնապաշտպանություն: Այս հնարքով քրեական պատասխանատվությունից ազատեցին նաեւ Սուրիկ Խաչատրյանին»:
Ալումյանը պատմում է, որ հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանը ճաշկերույթից հետո պետք է վերադառնար տուն, բայց Սուրիկ Խաչատրյանը մի քանի անգամ համառորեն պնդել է, որ «ինքը պետք է իր ախպորը տուն տանի»:
«Մի քանի րոպեի ընթացքում մեքենայում ի՞նչ է տեղի ունեցել, որ Ավետիքը ծեծված վիճակում է մեքենայից իջել, ու ինչքա՞ն խորն է եղել Սուրեն Խաչատրյանի քունը, որ հայտարարել է, թե մեքենայի մեջ քնած է եղել ու չի տեսել, թե իր թիկնապահ-վարորդը ո՞նց է ապտակում ու նվաստացնում Ավետիքին: Այդ օրը Արտակ Բուդաղյանը պետք է կրկին մեկներ զորամաս: Նա խոստովանում է, որ երբեք Ավետիքին այդքան ընկճված չի տեսել: Երբ տեսել է աչքի կարմրածը, հարցուփորձ է արել, ու եղբայրը պատմել է մեքենայի մեջ տեղի ունեցածըՙ նրան արգելելով որեւէ գործողություն կատարել: Արտակը վրդովված դուրս է գալիս տնից, որ մեկնի Ղարաբաղ: Ավետիքը մի քանի անգամ զանգում է ճշտելու, արդյոք Արտակը ճանապարհից չի՞ շեղվել, սակայն բարկացած եղբայրը հեռախոսը չի վերցնում: Ավետիքը մտածում է, որ եղբայրը գնացել է Խաչատրյանների տուն, ինքն էլ է գնում այնտեղ, սակայն երբ ճանապարհից տեսնում է, որ եղբայրն այնտեղ չէ, հետ է շրջվում: Սուրիկ Խաչատրյանի թիկնազորից 5 հոգի սկսում են նրան քաշքշել: Այդ պահին Գորիսից դուրս եկող Արտակ Բուդաղյանը տեսնում է, որ եղբորը Խաչատրյանի տղաները քաշքշում են, եւ մոտենում է տանը: Տեսնելով Արտակի մեքենանՙ հարձակվողներից երեքը մոտենում են նրան: Արտակն էլ հիշում է, որ իր մոտ չլիցքավորված որսորդական հրացան կա, վերցնում է ու դուրս գալիս մեքենայից, որ իր վրա չկրակեն: Նախաքննության տվյալներով ապացուցվել է, որ որսորդական հրացանը լիցքավորված չի եղել: Այդ ժամանակ Սուրիկ Խաչատրյանի տնից երկու կանայք են դուրս գալիս, Բուդաղյաններին հրելով իջեցնում ներքեւ, ու կարող էր ոչինչ չլինել, բայց Սուրիկ Խաչատրյանի որդինՙ Տիգրանը դիրքավորվում է մեքենայի հետեւում եւ 3 անգամ կրակում, դրանից հետո տեսնելով եղբոր ընկնելըՙ Արտակն իր զենքից երկու կրակոց է արձակում: Դեպքի վայրից 13 պարկուճ է հայտնաբերվել, որից 11-ը պատկանել են Խաչատրյաններին: Ավետիք Բուդաղյանը 4-5 մարմնական վնասվածքով մահացել է: Համարել սա Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանությունՙ ճիշտ չէ: Այդ իրադարձությունները գլխիվայր շուռ են տվել: Բուդաղյանների վրա առաջինը կրակել են Խաչատրյանի կողմնակիցները: Արտակը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաեւ դղյակի վերեւի պատուհանից: Լորետան գոռում էրՙ Սուրիկ էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր, ըսենց բան էլ չի լինի: Արտակի ասածները հաստատում է նաեւ տեսագրությունը: Մի գնդակ դիպչում է ասֆալտին, վերեւ բարձրանում», ասաց Ալումյանը հավելելով, որ քննիչներն ու փորձագետներն ամեն ինչ արեցին, որ այդ գնդակի հետքը չհայտնաբերվի:
«Այդ հատվածը փչացվեց, որ գնդակի տեղը չհայտնաբերվի, հնարավոր չեղավ գտնել: Տեսագրության մեջ պարզ երեւում էրՙ գնդակի հետքը», ասում է փաստաբանըՙ հավելելով, որ տեսագրության հետ կար նաեւ ձայնագրություն: Մասնավորապես խոհանոցի տեսախցիկն ուներ նաեւ ձայնագրող սարք, եւ վերջին կրակոցն ավելի ուժգին է եղել, քան նախորդները: «Գիտե՞ք ինչ արեցին փորձագետները, ասացինՙ վերջին կրակոցի ժամանակ երկու կրակոց համընկել է, դրա համար էլ ուժգին է լսվել»:
Թեպետ իրականությունն այլ է, սակայն իրավապահ մարմինների անգործունեության ու օրենքներն անտեսելու հետեւանքով միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է: «Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, Լորետա Բարսեղյանն այժմ տուժող էՙ եւ կա մեկ մեղադրյալ, որի նկատմամբ իրականացվում է նախաքննություն: Մյուս կողմիցՙ փաստաբանը կարծիք հնչեցրեց, թե իրենք կարծում են, որ Լորետա Բարսեղյանը բողոք չի ունենա, դրա համար Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Այսինքնՙ Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվելու միմիայն մյուս կողմի մեծահոգության շնորհիվ: Հասկանո՞ւմ եքՙ ցինիզմն ուր է հասնում», ասաց Ալումյանըՙ հավելելով, որ պատրաստվում է բողոքարկել ՊՆ քննչականի որոշումը:
Հ. Գ. – Տիգրանին եւ Զարզանդ Նիկողոսյանին բաց թողնելու առնչությամբ եւս մեկ զավեշտալի փաստ: «Ազգ»-ը անդրադարձել էր Խաչատրյանների ընտանիքի փաստաբան Ռուբեն Սահակյանի ասուլիսին, ով ոգեւորված հավաստիացնում էր, թե Խաչատրյանները որեւէ մեղք չունեն, ու Տիգրանին եւ Զարզանդին անտեղի են պահում ՔԿՀ-ում: Լրագրողները խնդրանքինՙ ներկայացնել փաստեր-ապացույցներ, որ Խաչատրյանները մեղավոր չեն, Ռուբեն Սահակյանն ասել էր. «Թոռնիկիս արեւ»: Փաստորեն, Լիսկայի հանցավոր անունն ու փաստաբանի «թոռնիկիս արեւը» լուրջ հիմնավորում են զինդատախազության համար: