Բնականաբար, Ազգային ժողովի` երեկ սկսված աշնանային նստաշրջանի առաջին նիստում պետք է կրքեր բորբոքվեին Մաքսա յին միությանը, Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջըՙ հետագայում` Եվրասիական միությանը:
Նախՙ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը տեղյակ պահեց, որ Ազգային ժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովը դիմել է խորհրդարանի նախագահին` հրավիրելու Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս համակողմանի տեղեկություններ տրամադրեն պատգամավորներին Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջը: Նա անընդունելի համարեց ԱԺ մեկուսացվածությունն այս խնդրում: Ըստ նրա` հրատապ է հարցի քննարկումն Ազգային ժողովում, քանի որ տեսակետներ կան այդպիսի անդամակցությամբ երկրի ինքնորոշումը կորցնելու վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, չհամաձայնելով ինքնորոշման կորստի մասին տեսակետներին եւ նշելով, որ իրեն սատարող քաղաքական ուժերի հետ նախագահը քննարկել է հարցը, եւ այդպիսի որոշումը բխում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերից, ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպում խոստացավ:
«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանի կարծիքով էլ Հայաստանի համար այս ճակատագրական եւ պատմական ընտրության վերաբերյալ բարձրաձայնումը շրջանցել է խորհրդարանը, եւ պետք էր նախ այդ հարցը քննարկել խորհրդարանում: Ու մինչ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հակադարձում էր, թե նախագահն իր իրավասությամբ է Հայաստանի այդպիսի ցանկության մասին ասել, իսկ հանաձայնագրերի տեքստը պետք է բերվի խորհրդարան, քննարկվի, ու մինչեւ այդ քննարկումն էլ կհստակեցվեն Հայաստանի շահերն ու ըստ այդմ կկազմվեն համաձայնագրերը, չհամոզեց պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԱԺ նախագահին խորհրդարանի դերը բարձրացնելու նրա հին մտադրությունը, նկատելով, որ Մաքսային միությանը միանալու ցանկությունը նախագահ Սարգսյանը բարձրաձայնել է` առանց պետական ինստիտուտների մակարդակով քննարկելու (իսկ ՀՀԿ-ն պետական մարմին չէ): Բացի դրանից` չորս տարի Եվրոմիության հետ Ասոցիացման պայմանագրի շուրջը բանակցելուց հետո՞ է միայն նախագահը, այն էլ Մոսկվայում, հասկացել, որ Հայաստանի շահերից Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելն է բխում: Ազատդեմոկրատական Ալիկ Արզումանյանն էլ ասելիք ուներ այդ հարցի շուրջը, եւ եթե իր հետ չեն քննարկել խնդիրը` որտե՞ղ պետք է ասեր: Հովիկ Աբրահամյանը մատնացույց էր անում նույն խնդրի հետ կապված ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին նիստի սկզբում տված խոստումը, թե պաշտոնյաները կհրավիրվեն ԱԺ, կքննարկեն խնդիրը: Արտաշես Գեղամյանն էր միայն, որ հստակ նշում էր, թե ամենասթափ ու ամենճիշտ որոշումն է կայացրել երկրի նախագահը, իսկ Հ. Աբրահամյանն իր հակափաստարկները բերելիս նշում էր, թե ոչ ոք, Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի ասել, որ Ասոցիացման համաձայնագիրը չի ստորագրվելու: Ալիկ Արզումանյանն էլ հիշեցրեց եվրոպաշտոնյաների տեսակետները Մաքսային միության ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անհամատեղելի լինելու մասին` պատկերավորելով. «Նույնն է, որ հարսին տվել են ուրիշի, բայց դու շարունակում ես պնդել, թե ամուսնանալու ես նրա հետ»:
Ի վերջո հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան, մինչեւ ԱԺ նիստը Հայաստանի արտգործանախարարը փակ հանդիպումներ է ունենալու ԱԺ խմբակցությունների հետ եւ պատասխանելու է այս թեմայով նրանց հարցերին: Սա փաստորեն պատգամավորների մտահոգությունների արդյունքում տեղի ունեցավ, չնայած` միգուցե երկրի ղեկավարությունը սպասում էր խորհրդարանականների պահանջին եւ նախօրոք էր պլանավորել այդպիսի հանդիպումը: Բոլոր դեպքերում այսօր տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը պատգամավորների հետ` հստակ բացատրություններ ներկայացնելու համար Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության առիթով, ու միգուցե այդ հանդիպումից հետո իշխանական պատգամավորները ձեւավորված կարծիք ունենան: Առայժմ այդ հարցի մասին երեկ չխուսափեցին արտահայտվել Էդուարդ Շարմազանովը , Գալուստ Սահակյանը , ավելի վաղ ՀԱԿ-ում իր տեսակետն էր ներկայացրել Լեւոն Տեր-Պետրոսյանը : Սպասվում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետը:
Լրագրողները Գալուստ Սահակյանից հետաքրքվում էին, թե նույն օրը, երբ Սարգսյան-Պուտին հանդիպումն էր, ինչպե՞ս է, որ նա բոլորովին սենսացիայի չէր սպասում, ու նրան հայտնի չէր Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու տրամադրվածության մասին: Ի պատասխան նա ասում էր, որ Մաքսային միություն մտնելու շահագրգռվածությունը մերը պետք է լինի, այդ առթիվ հիշեցնելով ավելի վաղ արտահայտումներ, իսկ Եվրասիական միության վերաբերյալ նախագծերը դեռ չկան, որ քննարկվեն: Հանրային քննարկումներ սպասվո՞ւմ են այս հարցով. նախագահն իր լիազորությունն ունի որոշում կայացնելու, իսկ խորհրդարանի վավերացման ժամանակ քննարկում կլինիՙ ըստ Գ. Սահակյանի:
Է. Շարմազանովն էլ դեմ էր սկսված հակառուսական հիստերիային` նշելով, որ իրենք ոչ ռուսամետ են, ոչ արեւմտամետ, հայաստանակենտրոն են, իսկ Տեր-Պետրոսյանի գնահատականը համարեց իրարամերժ, քաղաքական թոշակառու անվանելով նրան:
Արժե հիշեցնել նախորդ օրը Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի գնահատականը, որով նա նախագահ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում անվանել էր ձախորդ քայլ, ավելի նվաստացուցիչ, քան Բաթումի պայմանագիրը: Չնայած առաջարկել էր, որ պրոֆեսիոնալ տնտեսագետները նստեն-հաշվարկեն Մաքսային միությանն անդամակցելու հնարավորություններն ու սահմանափակումները Հայաստանի համար: Եվ անգամ` առաջարկել էր չվիրավորել Ռուսաստանին: