Հարվարդի սեմական թանգարանի տնօրեն, հայազգի եգիպտաբան Պիտեր Տեր-Մանվելյանն առաջին անգամ սկսել է հետաքրքրվել Եգիպտոսին առնչություն ունեցող ամեն ինչով, երբ դեռ սովորում էր «Բելմոնտ դեյ սքուլ» վարժարանի չորրորդ դասարանում, գրում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Գաբրիելա Գեյջը:
Այդ օրվա պատմության դասը նրան բառացիորեն գերել է: Բարեբախտաբար նա հնարավորություն ունեցել է հագուրդ տալու իր հետաքրքրասիրությանըՙ այցելելով Բոստոնի գեղարվեստի թանգարանը (ԲԳԹ), որտեղ եգիպտաբանական հարուստ հավաքածու կա: Խորանալով իր մասնագիտության մեջՙ նա 2010-ին դարձել է Հարվարդի համալսարանի առաջատար գիտաշխատողը այդ բնագավառում: Նրանից մոտ 60 տարիներ առաջ Հարվարդում հայտնի եգիպտաբան է եղել Ջորջ Ռեյզները (1867-1942):
«Հետաքրքրությունը մեծ է ուսանողների շրջանում», ասում է նա: Մանվելյանը մեծացել է Բոստոնում: Տատը Առաջին համաշխարհայինի ժամանակ Ստամբուլից է փախել եւ մի կերպ հասել Մ. Նահանգներ, որտեղ ամուսնացել է եւ ընտանիք կազմել: Պիտերը սովորել է Գերմանիայի «Ունիվերսիտար Տուբինգեն» համալսարանում եւ Չիկագոյի համալսարանում, որտեղ պաշտպանել է իր դոկտորական թեզը: 1977-ին ԲԳԹ-ի հնէաբանական արշավախմբի կազմում մեկնել է Եգիպտոսՙ Գիզայում ուսումնասիրություններ կատարելու: 1987-ից ընդգրկված է եղել այդ թանգարանի կուրատորական խմբում: Այնուհետեւ մետ 10 տարի դասավանդել է «Թաֆթս» համալսարանում:
«Ես չգիտեմ մեկ ուրիշ քաղաքակրթություն, որն այդքան գեղեցիկ կերպով միաձուլած լինի նկարչական արվեստը գրագրության արվեստին», խոստովանել է նա, մասնավորապես շեշտելով, որ նորագույն տեխնոլոգիաներ են համալսարանում օգտագործում բացահայտելու անցյալի հարուստ գաղտնիքները: «Եթե համապատասխան ֆինանսավորում լինի, ծրագրում ենք արդիական մի նոր բաժին բացել համալսարանի թանգարանում», ասել է նա: Քառասուն տարիների ընթացքում Եգիպտոսի 23 տարբեր վայրեր է ուսումնասիրել եւ հնէաբանական հարուստ ցուցանմուշներ է հավաքել: «Մեր նպատակն է ամրացնել կապը Հարվարդի եւ Բոստոնի գեղարվեստի թանգարանի միջեւ», ավելացրել է նա:
«Էնդրու Մելոն հիմնադրամի» օժանդակությամբ հնարավոր է եղել թվայնացնել տեղեկությունները եւ օն-լայն տեղեկատվական ցանց կազմել Գիզայից, Նուբիայից եւ այլ վայրերից բերված ցուցանմուշների վերաբերյալ: Ծրագրին մասնակցում են ինչպես ուսանողներ, այնպես էլ կամավորներ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նաեւ նպաստում է վերանայելու հնացած կարծրատիպեր, որոնք տասնամյակներ շարունակ ընդունված են եղել որպես վերջնական եզրահանգումներ: Դրանցից մեկն այն է, որ հրեա գերիները կամ այլմոլորակայիններն են կառուցել բուրգերը, մյուսըՙ որ հիերոգլիֆները սոսկ նկարներ են եւ ոչ թե քերականորեն հագեցած լեզու:
Մանվելյանը նույնքան խանդավառված է իր աշխատանքով, որքան այն ժամանակ, երբ առաջին անգամ դպրոցում պատմության ժամին լսեց եգիպտական բուրգերի մասին: Նա բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել ամենատարբերՙ «Journal of Egyptian Archaeology», «Journal of the American Research Center» եւ այլ պարբերականներում: Հեղինակ է նաեւ մի շարք գրքերի: Ներկայումս գրում է իր նախորդիՙ Ռեյզների կենսագրությունը: Ազատ ժամերի հաճույքներից են երաժշտությունը (կիթառ), ճարտարապետությունը, գրաֆիկական նկարչությունը եւ կատուները: