Բաքվում իշխող վարչախմբի էթնիկ ծագումնաբանությունը մինչեւ վերջ պարզ չէ: Որոշ աղբյուրներ նշում են, որ Հեյդար Ալիեւը էթնիկ քուրդ է, ծնվել է Սիսիանում: «Համազգային առաջնորդի» պաշտոնական կենսագրականում, մինչդեռ, ասվում է, որ նա ծնվել է Նախիջեւան քաղաքում, ազգությամբ «ադրբեջանցի է»:
Այդուհանդերձ, իշխող ընտանիքի «քրդական ծագման» մասին խոսակցությունները չեն դադարում: Ինչպես նաեւ ակնարկվում է, որ ժամանակին իբրեւ ՊԱԿ-ի սպա Հեյդար Ալիեւը «համագործակցել է PKK-ի հետ»: Վերջին շրջանի մի շարք հրապարակումներում խոսվում էր այն մասին, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում «քրդական թեման փորձաքար է»: Պաշտոնական Անկարան բազմիցս աներկմիտ պահանջել է, որ Ադրբեջանը PKK-ն հայտարարի «ահաբեկչական կազմակերպություն», սակայն Բաքվում ինչ-ինչ պատճառաբանությամբ այդպես էլ նման որոշում չի կայացվել:
Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ Ադրբեջանում քրդական թեմայի տաբուն կարծես որոշակիորեն խախտվել է: Նախ հայտարարվեց, որ քրդերն ստեղծել են մշակութային եւ լեզվական ինքնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, որը նպատակադրվել է «հակազդել քրդերի լիակատար ուծացմանը»:
Իսկ երեկ մամուլի համար հայտարարություն է տարածել Ադրբեջանի քրդական միակ թերթի` «Դիպլոմատ»-ի գլխավոր խմբագիր Թահիր Սուլեյմանը: Ըստ այդմ, նա մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու: «Թուրան» գործակալության փոխանցմամբ, քուրդ խմբագիրն իր որոշումը բացատրել է այսպես. «Ադրբեջանում շատ գրագետ քրդեր կան, բայց որոշվել է առաջադրել իմ թեկնածությունը: Ընտրություններին մեր մասնակցությամբ մտադիր ենք ցույց տալ քրդերի համախմբվածությունը եւ հանդես գալ ի պաշտպանություն ադրբեջանական պետականության»:
Վերջին ձեւակերպումն, ըստ երեւույթին, արված է ապահովության համար: Քուրդ գործիչը կանխում է իրեն «անջատողականության» մեջ մեղադրելու փորձերը, բայց եւ միաժամանակ ընդգծում, որ ընտրապայքարին մասնակցելով քրդերը ձգտում են ցույց տալ իրենց համախմբվածությունը:
Այստեղ կածես հակասություն կա, որովհետեւ «ի պաշտպանություն ադրբեջանական պետականության» քրդերը կարող էին հանդես գալ նաեւ առանց նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարցով քննարկումների:
Թվում է, նախագահի քուրդ թեկնածուի գաղափարը միայն իշխանությունների PR-ն է: Այդ քայլով Իլհամ Ալիեւը երեւի թե ձգտում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա սեւեռել եվրոպական դիտորդների ուշադրությունը, որոնք մոտակա մի քանի օրերին արդեն երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ կլինեն Բաքվում:
Կարելի է վստահաբար ասել, որ եվրոպական դիտորդներն անպայման որպես «ժողովրդավարական առաջընթաց» կարձանագրեն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնության ներկայացուցչի համար «հավասար պայմաններ ստեղծելու փաստը»: Փաստացի ընդդիմության հանդեպ իշխող վարչախմբի գործադրած բռնությունների համապատկերին նախագահի քուրդ թեկնածուի «քարոզարշավը» կարելի է ներկայացնել որպես Ադրբեջանում «էթնիկ հանդուրժողականության ցայտուն օրինակ»:
Այս հանգամանքն ուշադրության է արժանի հատկապես այն իրողության նկատառմամբ, որ Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություններից ռուսական համայնքն արդեն իսկ հայտարարել է, որ «պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը», մինչդեռ լեզգիները եւ թալիշները, ինչպես մեր նախորդ հրապարակումներում էինք նշել, կասկածվում են «անջատողականության» մեջ:
Քուրդ գործիչն իրոք նախագահի թեկնածու կառաջադրվի՞, կկարողանա՞ հավաքել 40 000 ընտրողի ստորագրություն, դրանից հետո ԿԸՀ-ն նրան կգրանցի՞, թույլ կտա՞ քարոզարշավ սկսել եւ ի՞նչ ծրագրով հանդես կգա նա` պարզ կդառնա առաջիկա մի քանի օրերին: Այսօր կարող ենք միայն ասել, որ անկախությունից ի վեր Ադրբեջանում նախագահի այլազգի թեկնածու չի առաջադրվել: Թահիր Սուլեյմանն առաջին փորձն է անում, կամ իշխանություններն են նրան դրդել այդ քայլին: Իսկ եթե օրինակը վարակի մյուս էթնիկ փոքրամասնությունների՞ն…