WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր Գերմանիայի Շվերին քաղաքում կմենամարտի նամիբիացի 30-ամյա բռնցքամարտիկ Վիլբեֆորս Շիհեպոյի հետ, որին պրոֆեսիոնալ ռինգում Սեւ Մամբա են անվանում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մենամարտն ուղիղ եթերում կցուցադրի ժամը 00:30-ին:
Արթուր Աբրահամը բավական լրջորեն է նախապատրաստվել հերթական հանդիպմանը ու մարտականորեն է տրամադրված: Շիհեպոն ներկայումս WBO-ի վարկանիշային աղյուսակում 8-րդ հորիզոնականում է եւ նրա նկատմամբ հաղթանակը հնարավորություն կընձեռի Արթուրին կրկին իրավունք ստանալ պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Այդ տիտղոսն Արթուրը կորցրել էր այս տարվա մարտինՙ պարտվելով Ռոբերտ Շտիգլիցին, որից մեկ տարի առաջ էր խլել չեմպիոնական գոտին:
«Շիհեպոյի հետ մենամարտը հեշտ զբոսանք չի լինի: Եթե բռնցքամարտիկը WBO-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է, ստիպված ես նրան լուրջ մրցակից համարել: Ես չեմ պատրաստվում թերագնահատել Շիհեպոյին: Պետք է ցուցադրեմ լավագույն բռնցքամարտս: Սա իմ հնարավորությունն է Շտիգլիցի դեմ դարձյալ ռինգ դուրս գալու համար: Ցանկանում եմ եւս մեկ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Եվս մեկ պարտությունն աղետ կլինի ինձ համար: Եթե պարտվեմ, այլեւս ռինգ դուրս չեմ գա: Թեեւ ինձ համար ցավալի կլինի ընդունել, որ այլեւս համաշխարհային մակարդակի բռնցքամարտիկ չեմ համարվելու: Ես անպայման հաղթելու եմ Շիհեպոյին: Եթե ուժերիս վստահ չլինեի, չէի համաձայնվի մենամարտել», նշել է Արթուր Աբրահամը:
Արթուրի համար այսօրվա մենամարտը կլինի 41-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Նա 36 հաղթանակ է տոնել, կրել է 4 պարտություն: Արդեն 10 տարի է, ինչ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում է: Նա նորամուտը նշել է 2003-ի օգոստոսի 16-ինՙ պարտության մատնելով գերմանացի Ֆրանկ Կարի Ռոտին: Արթուրն իր կարիերան պրոֆեսիոնալ ռինգում սկսել է միջինքաշային կարգում: Նրա նվաճած առաջին տիտղոսը WBA-ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին էր: Այնուհետեւ Աբրահամն արժանացավ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին, որից հետո տեղափոխվեց 2-րդ միջինքաշային կարգ: Այստեղ էլ հայ բռնցքամարտիկը նվաճեց WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
Շիհեպոյի նկատմամբ հաղթանակը լավ նվեր կլինի Աբրահամի 10-ամյա հոբելյանի առիթով: Նամիբիացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 26 մենամարտ է անցկացրել, որից 20-ում է հաջողության հասել: