Ուելսի արքայադուստր Դիանան, լեդի Դիանան կամ լեդի Դին, չնայած իր ապրած ողբերգական ավարտով կարճ կյանքին (1961 1 հուլիսի, Նորֆոլք-1997, 31 օգոստոս, Փարիզ), աշխարհի ամենահայտնի կանանցից է: BBC-ի 2002-ի հարցումների արդյունքում բրիտանական պատմության 100 մեծագույն բրիտանացիների ցուցակում արքայադուստր Դիանան զբաղեցրել է երրորդ տեղը:
Լեդի Դիանայի կյանքը լեգենդի էր վերածվել դեռ կենդանության տարիներին: Նրա հանդեպ սերը աննախադեպ ընդգրկում ուներ: Շատ արագ բարձրանում էին բոլոր այն հանդեսների ու թերթերի տիրաժները, որոնց առաջին էջին հայտնվում էր նրա լուսանկարը: Պապարացիները կրնկակոխ հետեւում էին նրան. լեդի Դիանայի մեկ լուսանկարը կարող էր ապահով ծերություն խոստանալ…
Արքայադուստր Դիանայի անակնկալ մահը ցնցեց աշխարհը. նրա մասին գրվեցին տարբեր լեզուներով գրքեր, հուշակոթողներ դրվեցին, խորհրդանիշներ, բազմատեսակ հուշանվերներ, տիկնիկներ, ոսկյա զարդեր ստեղծվեցին, այդ թվում հիշատակելի է նաեւ 1998-ին թողարկված հայկական նամականիշը: Նկարահանվեցին վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր:
Նրա մահվան 10-րդ տարելիցին էր նվիրված «Արքայադուստր Դիանա. վերջին գիշերը Փարիզում» ֆիլմը, նույն տարինՙ նրա ծննդյան 46-րդ տարեդարձի օրը Լոնդոնի Ուեմբլի ստադիոնում տեղի ունեցավ մեծ համերգՙ համաշխարհային կինոյի եւ երաժշտության ամենաճանաչված արտիստների մասնակցությամբ: 2006 թ.-ին նկարահանված «Թագուհին» ֆիլմում թագավորական ընտանիքի կյանքը ներկայացված է արքայադուստր Դիանայի մահից հետո:
Շուտով էկրաններին կհայտնվի «Դիանա» կենսագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Օլիվեր Հիրշպիգլը եւ սցենարի հեղինակըՙ Սթիվեն Ջեֆրիյսը: Գլխավոր դերում նկարահանվել է անգլո-ավստրալական դերասանուհի Նաոմի Ուաթթսը: Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա Լոնդոնում, սեպտեմբեի 5-ին: Ֆիլմի սցենարը գլխավորապես վերաբերում է լեդի Դիանայի կյանքի վերջին երկու տարիներին, երբ նա արդեն ամուսնալուծված էր արքայազն Չարլզից: Ֆիլմը պատմում է Հազնաթ Քանի եւ Դոդի ալ Ֆայեդի հետ նրա ունեցած հարաբերությունների մասին եւ թե ինչպես է արքայադուստրը հանդիպել նրանց:
Բրիտանական թագավորական ընտանիքը ֆիլմին վերաբերող որեւէ հայտարարություն եւ մեկնաբանություն չի արել:
1997 թ. օգոստոսի 31-ի գիշերը արքայադուստր Դիանան վերջին անգամ իր ընկերոջՙ Դոդի ալ Ֆայեդի հետ մեքենա նստեց Փարիզի «Ռից» (Ritz-ի ներկայիս սեփականատերըՙ եգիպտոսցի միլիարդատեր Մոհամմեդ ալ Ֆայեդին, հայրն է Դոդի ալ Ֆայեդիի) հայտնի հյուրանոցի մոտ: Ավտոմեքենան, որին հետապնդում էին պապարացիները, վթարի ենթարկվեցՙ բախվելով թունելներից մեկի` Ալմա կամրջի սյունին: Պաշտոնական տեղեկություններն արձանագրեցին, որ ողբերգական դեպքը հետեւանք էր վարորդի ոչ սթափ վիճակի: Նման եզրահանգման եկավ նաեւ ֆրանսիական ոստիկանությունը:
Հետաքրքրական է լեդի Դիանայի հնարավոր սպանության մասին վերջին, նոր տեղեկությունը. բրիտանական ոստիկանությունը չնայած հետաքննում է այդ տվյալները, սակայն Սքոթլենդ Յարդը մանրամասների մեջ չի խորանում: Ոչ պաշտոնական աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, թե լեդի Դիանայի մահը սպանության հետեւանք է: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, խոսքը բրիտանացի որդեգրյալ մի զինվորի ծնողներից ստացվածՙ Դիանայի մահվանը բրիտանացի զինծառայողի հնարավոր մասնակցության մասին է:
«Այսպիսի բան պատահում է ամեն տարի, արքայադուստր Դիանայի մահվան յուրաքանչյուր տարելիցի նախօրեին: Ես գտնում եմ, որ բրիտանական ոստիկանությունը կատարել է հանգամանալի հետաքննություն, մինչեւՙ արդեն հայտնի եզրահանգման գալը: Այդպիսի մանրակրկիտ հետաքննություն կատարել են նաեւ ֆրանսիացիներըՙ հանգելով ճիշտ նույն եզրակացության: Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է կասկածել դրանց ճշմարտացիությանը», հայտարարել է բրիտանական թագավորական ընտանիքի նախկին մամուլի քարտուղար Դիքի Արբիթերը: