Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀԵՆՐԻԽԸ 2-ՐԴ ՄԵՍԻՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռախոսային հարցազրույց են տվել գերմանական «Բիլդ» հանդեսին: Հենրիխին ուղղված հարցերը նրա համար թարգմանել է Արթուր Աբրահամը:

– Հենրիխ, օգոստոսի 24-ին Արթուրը կմենամարտի նամիբիացի Վիլբեֆորս Շիհեպոյի հետ: Դու ռինգում կմենամարտեի՞ր նրա հետ:

Մխիթարյան – Այո, ինձ թվում է, որ դա բավական հետաքրքրական կլիներ: Հայաստանում բոլորը ճանաչում են Արթուրին: Միշտ հպարտացել եմ նրանով:

Աբրահամ – Հենրիխին թույլ կտայի անցկացնել բոլոր 12 ռաունդները: Վերջում մենամարտը ոչ-ոքի կավարտվեր: Ցավոք, մենք դեռ Գերմանիայում չենք հանդիպել, սակայն հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կփոխվի: Հենրիխ, քեզ շաբաթ օրը հրավիրում եմ իմ մենամարտին: Կգա՞ս:

Մխիթարյան – Հնարավոր է, որ գամ:

– Արթուրի իսկական ազգանունն Ավետիք Աբրահամյան է: Չե՞ս պատրաստվում դու էլ մականուն վերցնել: Օրինակՙ Հենրիխ Մյուլլեր:

Մխիթարյան (ծիծաղում է) – Ո՛չ, չեմ ուզում: Շատ գոհ եմ իմ անունից:

– Արթուր, Հենրիխը Հայաստանում ինչպիսի՞ կարգավիճակ ունի:

Աբրահամ – Նա ազգային հերոս է: Հենրիխը մեծ տաղանդ ունի: Դորտմունդը կարող է ուրախանալ: Հենրիխը 2-րդ Մեսին է դառնալու:

– Ո՞ր մարզաձեւն է ավելի կոշտ. ֆուտբո՞լը, թե՞ բռնցքամարտը:

Մխիթարյան – Բռնցքամարտը:

Աբրահամ – Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ինձ համար դա զվարճալի մարզաձեւ է: Իմ մարզիչ Ուլի Վեգները մշտապես խաղում է մրցակից թիմի կազմում: Երբ նա արդար է խաղում, իմ թիմը մշտապես հաղթում է:

– Արթուրը միշտ խնդիրներ է ունեցել իր մարտական քաշի պահպանման հարցում: Ի՞նչ կասես գերմանական խոհանոցի մասին:

Մխիթարյան – Այստեղի սննդամթերքն ինձ համար առայժմ անսովոր է: Իսկ ահա գերմանական գարեջուրը հրաշալի է: Ինքս ձգտում եմ միշտ քաշս պահպանել, պրոֆեսիոնալ մարզիկին անհրաժեշտ սննդակարգ եմ պաշտպանում:

– Ի՞նչ կարող ես սովորել Արթուրից: Միգուցե գերմաներեն լեզո՞ւն:

Մխիթարյան – Շաբաթական 3 օր գերմաներենի դասընթացների եմ հաճախում:

Աբրահամ – Ամեն ինչ շատ արագ կընթանա: Մխիթարյանը շատ խելացի տղա է, նա արդեն 5 լեզուների է տիրապետումՙ հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ պորտուգալերենին: Այնպես որ ոչ մի խնդիր չեմ տեսնում գերմաներենին տիրապետելու հարցում:

– Արթուրը հայտնի է իր մեծ ու բարի սրտով: Նա սոցիալական շատ նախագծերի է աջակցում: Դու ե՞ւս մասնակցում ես նման ծրագրերի:

Մխիթարյան – Իմ հայրենիքում ես արդեն հագուստով օգնել եմ անօթեւան երեխաներին: