Նշանավոր հայ դասական բանաստեղծ Վահան Թեքեյանը մի շարք բանաստեղծություններ է գրել, որոնք ամենահակիրճ ու ամենաարդյունավետ ձեւով իրենց մեջ ներփակում են պատմության ընթացքում հայերին պատուհասած դժբախտությունները: Դրանցից մեկը վերնագրված է «Փոշի-ազգ» եւ սկսվում է հետեւյալ տողով. «Այդքան պզտի՜կ, պզտիկցա՜ծՙ պէ՞տք է, որ դուն տակաւին…»: Այս կարճ նախադասությամբ նա ողբում է հայերի վիճակը եւ օսմանյան թուրքերի իրականացրած ոճրագործության հետեւանքով փոշու վերածված հայրենիքի ճակատագիրը: Բայց ընդհանուր առմամբ որպես հոռետես մարգարե բնութագրվող բանաստեղծն իր այս քերթվածքն ավարտում է լավատեսությամբՙ գրելով. «Յուսա՛, դիզվուէ՛, փոշին լոկ այդպես թերեւս հող, քար ըլլայ…»:
Թուրքերը որոշել էին փոշիացնել հայ ժողովրդին, որպեսզի նրանք չվերընձյուղվեն եւ չպահանջեն մի օր իրենց նախնյաց հայրենիքը: Պետք է խոստովանել, դժբախտաբար, որ հակառակ Թեքեյանի լավատեսությանը, հայերս թերեւս մնում ենք «փոշի-ազգ» մեր ինքնակործան չափերի հասնող ներքին, երկպառակտչական վեճերի պատճառով: Այն, ինչ թուրքերն էին մտադրվել, մենք մեր կամքով շարունակում ենք իրագործել:
Մենք գտնվում ենք ցեղասպանության 100-ամյակի շեմին, սակայն բացի մի քանի պաճուճազարդ ծրագրերից եւ ճոռոմաբանություններից, մենք, որպես ազգ, շարունակում ենք իրար խարազանելը, մինչ Թուրքիան արդեն իսկ մշակել է հակադարձ միջոցառումներՙ խլացնելու համար աշխարհին հասնելու հայերի ձայնը:
Թուրքերն արդեն ունեն իրենց մարտավարական ծրագրերը, որովհետեւ քաջ գիտակցում են «փոշի-ազգի» կողմից հարուցված հնարավոր սպառնալիքների ահավորությունը, որ կարող է խաթարել իրենց ազգային անվտանգությունը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հստակ հայտարարել է, որ ծրագրվում է 2015-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, որի ընթացքում Մուսթաֆա Քեմալի առաջնորդությամբ թուրքական բանակը պարտության մատնեց դաշնակից զորքերին: Անկասկած, Թուրքիայում պետությանը հավատարիմ քարոզչական խմբակցությունները բավականաչափ աղմուկ կբարձրացնեն միջազգային թատերաբեմում, որ խլացնեն բոլոր տեսակի հայկական նախաձեռնությունների ձայները:
«Էրգենեքոնի» կամ խորքային պետության վերջին շրջանի դատավարություններից հետո, որոնց արդյունքում ճաղերի հետեւում հայտնվեցին վարչապետ Էրդողանի նախաձեռնությունները «ականապատող» զինվորական վերնախավի ներկայացուցիչները, Թուրքիայի գերագույն զինվորական խորհուրդը նոր հրամանատարներ է նշանակել իր օդային, ցամաքային եւ ծովային զորքերի համար, որպեսզի կարողանա պայքարել բոլոր այն հարեւանների դեմ, որոնք կփորձեն ինչ-որ ձեւով սպառնալ Թուրքիայի ազգային շահերին:
Ռազմական ոլորտում Հայաստանը չի կարող չափվել Թուրքիայի հետ, եւ դա բոլորս գիտենք, բայց քաղաքական ոլորտում Անկարան համոզված է, որ հայկական քարոզչությունն Ամերիկայում փորձում է վտանգել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Պատահական չէ, որ Թուրքիան Հուլյուսի Աքարին է նշանակել ցամաքային զորքերի հրամանատար: Աքարը Թուրքիայում հայտնի է որպես հայկական հարցերի «լավագույն մասնագետներից մեկը»: Ստամբուլի Բողաչիզի համալսարանում պաշտպանած նրա դոկտորականի թեման վերնագրված էր. «Հայկական հարցը եւ հայկական քարոզչության ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:
Մինչ Թուրքիան հսկայական դրամական միջոցներ է ներդնում իր քաղաքական դիմագիծը եւ զինվորական հզորությունը պաշտպանելու համար, ի՞նչ ենք մենքՙ հայերս անում դիմակայելու սպառնալիքին»:
Կարող ենք ընդամենը նշել արհամարհանքի արժանի մի քանի փաստեր եւ շարունակել ողբալ մեր կարգավիճակը որպես «փոշի-ազգ»:
Վերջերս Ս Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում ծրագրված էր քննարկել նաեւ 100-ամյակի միջոցառումների հարցը: Բայց ոչ ոք հետաքրքրված չէր այդ հարցով: Փոխարենը մի խայտառակ արշավ էր ծավալվելՙ սեւացնելու եկեղեցական նվիրապետությունը, կարծես դիտավորյալ վիժեցնելու համար շատ ավելի կարեւոր հարցերի քննարկումները: Իսկապես, նման զուգադիպությունն ուղղակի մղում է մեզ մտածելու, որ իրոք դավադրական գործընթացներ են առաջ տարվում: Ներկայիս բարձրացված հարցերի նշանակությունը չէ, որ պետք է մտահոգի մեզ, այլ այն, որ բոլորովին ժամանակը չէ նման փորձություններ մենք մեր վզին փաթաթելու:
Ուշադրության արժանի մյուս փաստը վերաբերում է ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալու ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքին: 2013-ի հուլիսի 24-ին հրատարակված մի հաղորդագրություն նշում է, որ «Եղիայան, Կաբատեկ եւ Կիրակոս իրավաբանական գրասենյակները համատեղ հայտարարում են, որ բարեկամական մթնոլորտում հարթել են Աքսայի դատավեճի առնչությամբ իրենց միջեւ առաջացած տարաձայնությունները եւ Եղիայանի, Մահտեսյանի ու մյուսների դեմ հարուցված հայցը մերժված է»: «Մենք չպետք է աչքաթող անենք մեր գլխավոր նպատակը, որն էՙ արդարությունը վերահաստատել մեր զոհերի հետնորդների համար», ասել է այդ առթիվ Վ. Եղիայանը:
Հետաքրքրական է իմանալ, թե այս իրավաբանական ընկերություններն ի սկզբանե գիտեի՞ն մեր «գլխավոր նպատակի մասին», թե՞ տեղեկացան մեկը մյուսին (նաեւ հայկական համայնքը) խայտառակելուց հետո: Որտե՞ղ էր նրանց առողջ դատողությունը: Չէ՞ որ կարող էինք թուրքերի (եւ ոչ միայն) ծիծաղի առարկան չդառնալ:
Այս պարագան նաեւ խորհրդանշում է մեր խոցելիությունը այն դեպքում, եթե մի օր Թուրքիան որոշի քննարկել մեզ հետ փոխհատուցման չափերը: Թուրքերը քաջ գիտեն, որ բավական է հանրային կարծիքը ստուգելու մի ծրագիր առաջ քաշեն, որպեսզի քաոս առաջացնեն հայերի շրջանում:
Հաջորդ փաստը սկզբունքային հարց է, որ հուզել է մեր գիտական շրջանակներին: Թբիլիսիում (Վրաստան) կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին մասնակցել են հիմնականում ցեղասպանությունը ժխտողները: Դաշնակցական մամուլը կոչ էր արել հայ գիտնականներին չմասնակցել գիտաժողովին, եւ շատերը հետեւեցին այդ կոչին: Ներկայացված փաստարկը, որը համոզիչ է, ժխտողականությունը չօրինականացնելն էր: Բայց պրոֆ. Ժիրայր Լիպարիտյանը համաձայնել էր ներկա գտնվել եւ զեկուցում կարդալ: Ճիշտ է, առողջական պատճառաբանություններով նա չէր կարողացել մասնակցել գիտաժողովին, բայց դա չէ էականը: Մ. նահանգների Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների դաշնակցական մամուլը («Արմինյըն ուիքլի» եւ «Ասպարէզ») համատեղ ուժերով քննադատեցին Լիպարիտյանի այդ որոշումը: Տարիներ շարունակ հայ գիտնականները մասնակցել են MESA-ի նմանատիպ հավաքներին, երբեմն նույնիսկ անպատրաստՙ հակադարձելու թուրքական կողմի եւ նրանց խամաճիկների ոտնձգությունները: Որոշ գիտնականներ պնդում են, որ իրենք ցեղասպանության մասնագետ չեն, ուրիշներ հավատացած են, որ ժխտողականների դեմ պայքարելը իրավաբանական հարթության վրա է դնում խնդիրը, ինչ-որ ակադեմիական ոլորտից դուրս է բերում իրենց: Լիպարիտյանն իր հերթին հավատացած է, որ ժխտողականներին իրենց բնում պետք է դիմակայել երես առ երես եւ փորձել ապացուցել, որ սխալ են: Նրա պատճառաբանությունները համոզիչ չեն թվացել հակառակ կողմի համար, որն այս անգամ պատասխանել է նրանՙ զանց առնելով բոլոր տեսակի քաղաքավարական նորմերը:
Իրականում եթե մենք դիմակայելու ենք ժխտողականներին, պետք է մեր թշնամու չափ եւ նույնիսկ ավելի պատրաստած լինենք: Այլապես կհայտնվենք դոնկիխոտյան իրավիճակում: Բայց պարզվում է Դաշնակցություն-Լիպարիտյան հակամարտությունից, որ Դաշնակցությունը հին հաշիվներ է մաքրում Լիպարիտյանի հետ, որը մի ժամանակ ՀՅԴ անդամ էր: Որպես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդատուիՙ նրան համարում են նախագահի «թուրքամետ» քաղաքականության ճարտարապետ: Տարիների կուտակված վրդովմունքն արտահայտվել էր ակադեմիական գիտաժողովի քողի ներքո:
Բացի սրանիցՙ ՀՅԴ-ն հավատացած է, որ միայն իրեն է պատկանում Հայ դատի եւ ցեղասպանության հարցերի մենաշնորհը: Մեզ անհրաժեշտ է համայնքում քննարկել ժխտողականներին «դիմակայել-չդիմակայելու» եւ նման գիտաժողովների վրա դրական հակազդեցություն ունենալու հարցը:
Եվ վերջապես գանք Վաշինգտոնի ցեղասպանության թանգարանի խնդրին: Ինչպես գիտենք, Գաֆեսճյան ընտանիքի հաստատությունը, շահելով դատը, այժմ իրավասու է տնօրինելու թանգարանի տեղանքի ճակատագիրը: Բայց կարծես թե հրաժարվելու ենք թանգարան ունենալու մտքից, քանի որ ոչ մի հեռանկար չկա, որ այն պատրաստ կլինի մինչեւ 2015 թվականը, առնվազն ոչ այն տեսքով, որ ցանկալի պիտի լիներ: Սա ինքնին դժբախտություն է, որ գալիս է ավելանալու ցեղասպանության դժբախտության վրա:
Եթե Թեքեյան բանաստեղծը հարություն առներ, գուցե վերանայեր իր ոտանավորի վերջին լավատեսական տողը եւ գրեր, որ մենք շարունակ պայքարում ենք մնալու այն «փոշի-ազգը», որ մեզ պարտադրել էր մեր թշնամին:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.