Օգոստոս ամսից Երեւանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվեց կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ: Դա նշանակում է, որ հանրապետությունում կառուցվելիք յուրաքաչյուր շինարարության հատակագիծ նախ պետք է արժանանա Սարգսյանի հավանությանն ու միայն նրա որոշումից հետո իրականացվի շինարարություն:
Արդյո՞ք նշյալ կառույցի անհրաժեշտության կարիքը զգացվում էր ու ճի՞շտ անձ է ընտրված հանրապետության ճարտարապետական դեմքի ապագան որոշելու համար: Տեսակետները տարբեր են: Քննադատության թիրախում հիմնականում Նարեկ Սարգսյանն է: «Երեւանն ավերելուց հետո հիմա Նարեկը կավերի Գյումրին, Վանաձորը, Գորիսն ու Էջմիածինը», «Արդյոք Նարեկ Սարգսյանն այդքան «տաշած քա՞ր» է, որ նրա պաշտոնն անընդհատ բարձրացնում են», «Մի՞թե մեր երկրում այլ ճարտարապետներ չկան» ու նման բովանդակությամբ գրառումներով համացանցում քաղաքացիները տեսակետ էին արտահայտում նոր կառույցի եւ նրա ղեկավարի վերաբերյալ:
Թեպետ նշանակումից անցել է 20 օր, սակայն քննարկում-քննադատությունները չեն դադարում: Երեկ նման մի քննարկում էլ կազմակերպվել էր «Հայելի» ակումբում:
Բնապահպան Կարինե Դանիելյանը քննարկման էր եկել թերթերի մի հսկայական տրցակով: Դրանք վերջին 3 շաբաթների հրապարակումներն էին, հարցազրույցներ ճարտարապետներից, որտեղ քննադատում էին կառույցի ղեկավարին: Էկոլոգը խոստովանում է, որ չի հանդիպել Սարգսյանի հանդեպ նույնիսկ մեղմ քննադատության:
Նարեկ Սարգսյանի պաշտպանները թեպետ շատ չեն, սակայն ակտիվությամբ չեն զիջում ու չեն պատրաստվում լռել: Մասնագետներից Նարեկ Սարգսյանի ամենահավատարիմ պաշտպանն ու գաղափարակիցը ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն է: Նրա գնահատմամբՙ թեպետ ճարտարապետությունը Հայաստանում համարվել է ազգային մասնագիտություն, «սակայն 1988-ից հետո, երբ ձեռք բերեցինք պետականություն, մոռացանք 5000 տարվա ճարտարապետությունն ու ամեն ինչ սկսեցինք զրոյից: Ճարտարապետական կառույցները չպահպանվեցին, չկար որեւէ վերահսկողություն»:
«Ո՞վ քանդեց Երեւանը: Դուք այնպես եք խոսում, կարծես այլմոլորակայինները եկան, քաղաքը քանդեցին, հիմա դուք ուզում եք տեսքի բերել», բարկացավ Կարինե Դանիելյանըՙ հավելելով, որ Նարեկ Սարգսյանը եղել է քաղաքաշինության փոխնախարար, հետո երկու անգամ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ, ու այն, ինչ եղավ, եղավ հենց նրա նախաձեռնությամբ:
«Եթե շինարարություն չկա, քաղաքաշինական դինամիկա չկա, ապա երկրի վրա կարող ես խաչ քաշել», հակադարձեց Իգիթյանըՙ հավելելով, որ նոր կառույցի նպատակն է հսկել, որպեսզի առանց մասնագետների հաստատման շինարարություն չիրականանա: «Հիմա բնակավայրերի գլխավոր հատակագիծը հաստատում են գյուղապետները: Նրանքՙ ո՜ւր, ճարտարապետություննՙ ո՜ւր: Չի կարելի թողնել, որ ով ինչ ուզում էՙ անի, պետք է վերահսկողությունը լինի»:
«Ես Ձեզ նորից եմ հարցնումՙ ո՞վ քանդեց Երեւանը, այլմոլորակայիննե՞րն էին»:
«Գիտես, որ կին ես, բան չեմ ասի, առիթավորվո՞ւմ ես: Не моя женщина, но женщина», ասաց Իգիթյանը:
«Ես ուզում եմ հասկանամ, ի՞նչ եղավ Երեւանի հաստատված նախագիծը, ինչպե՞ս կորավ եւ ինչո՞ւ հիմա չկա: Ինչո՞ւ ճարտարապետների միությունում հարցը չքննարկվեց, ինչո՞ւ չլսեցին այլ մասնագետների կարծիքը նույնպես: Ի վերջո, այս քաղաքում մենք էլ ենք ապրում, մենք էլ ենք այս օդը շնչում: Այն, ինչ եղավ Հյուսիսային պողոտայի հետ, կլինի նաեւ այլ քաղաքներում: Երեւանը դարձել է հակաէկոլոգիական, հակասեյսմիկ մի քաղաք»:
«Իյաաա, էդ դու սեյսմակայությունից էլ ես, հա՞, բան հասկանում», հակադարձեց Իգիթյանը:
«Անգամ տարրական գիտելիքով մարդը կհասկանա, որ դպրոցի բակում չի կարելի բազմահարկ շենք կառուցել: Բակը միայն խաղալու համար չէ, այլ վայր, ուր պետք է տարհանվեն աշակերտները երկրաշարժի ժամանակ: Բայց դպրոցի բակում շենք են կառուցում, որ երկրաշարժի ժամանակ փլվի դպրոցի վրա: Ես էլ ձեր նկարած քաղաքում եմ ապրում ու հիմա ֆեոդալական ճարտարապետությունը Երեւանից կտարածվի ողջ հանրապետությունով մեկ»:
«Իրոնիայով չխոսենք, թե չէ, ես էլ կկատաղեմ», ասաց Իգիթյանըՙ հավելելով. «Քաղաքաշինական խորհրդի անդամների 70 տոկոսը ճարտարապետների միության անդամներ են: Ավելին, Նարեկ Սարգսյանի առաջարկությամբ ճարտարապետների միությունն է որոշում քաղաքաշինական խորհրդի ցանկը»:
«Դրա համար քաղաքաշինական խորհուրդը ոչ մի անգամ չհանդիպեց, քննարկում չկազմակերպեց, հարցը այդ օղակում չքննարկվեց»:
«Ո՞նց չքննարկվեց, բա ի՞նչ եղավ», հարցրեց Իգիթյանը
«Դու շատ էլ լավ գիտես, թե ինչ եղավ: Քաղաքաշինական խորհուրդը, որի անդամ եմ նաեւ ես, ունի հանձնաժողովներ: Եվ հարցը դրանցից մեկում է ընդամենը քննարկվել: Չի էլ քննարկվել, դու եւ Նարեկ Սարգսյանը որոշել եք ու քննարկումը դրանով ավարտվել է: Իմ մտահոգությունն այն է, որ ֆեոդալական ճարտարապետները կշարունակեն իրենց գործունեությունը, ֆեոդալական քաղաքաշինությունը մի քանի օլիգարխների ձեռքում է, եւ այս կառույցի գործունեությունն էլ կբխի օլիգարխների շահերից: Այստեղ ընդամենը անձի խնդիր է եւ պայմանավորված է անձի գործառույթով: Իմ մտավախությունը սա է», ասաց էկոլոգը:
«Պահհհ, ստեղ փաստորեն վախ բռնող էլ է, հա՞, պետք», հեգնեց ճարտարապետը:
«Ինչո՞ւ մինչեւ հիմա ճարտարապետության մասին օրենք չկա, ինչո՞ւ չի ընդունվում, որովհետեւ դա ձեռնտու չէ»:
«Ա՚յ մարդ, ինչ գիտեք ի՞նչ է եղել, որ խոսում եք: Ինչի՞ եք էդքան բանիմաց»:
Բանավեճ-քննարկումը նույն ոգով ու բովանդակությամբ շարունակվեց եւս մի քանի րոպե: Ի վերջո քննարկման սկզբում բարձրացված ամենակարեւոր հարցինՙ «Ո՞վ է քանդել Երեւանը», Իգիթյանն այդպես էլ պատասխան չտվեց: