ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Օգոստոսի 23-ին Ազգային պատկերասրահում բացվելու է ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որը կազմված է վաստակաշատ արվեստագետի գեղանկանկարչական եւ մի շարք գրաֆիկական աշխատանքներից: Դրանց մեծ մասը ընտանիքի սեփականությունն է եւ արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից:
Արա Վաղինակի Բեքարյանը (մայիսի 30, 1913 – հունիսի 18, 1986), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ծնվել է Աֆիոն-Կարահիսարում (Թուրքիա) մանկավարժների ընտանիքում:
1932 թվականին ավարտել է Երեւանի գեղարդ տեխնիկումը` Վ. Գայֆեջյանի եւ Ս. Առաքելյանի մոտ,1939 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան, 1939-1945 թվականներին մասնակցել է Սովետա-Ֆիննական եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին:1945-1986 թվականներին դասախոսել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1945 թվականից:
Անհատական ցուցահանդեսներ` 1947 եւ 1964 Երեւան, 1964 Մոսկվա, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ 1965 թվականից: Ստեղծագործությունները` Օրորոցի մոտ, Ծաղկավաճառուհիներ, Աշտարակ-Օշական, Հանգիստ,Վահան Տերյանի դիմանկարը,«Քաջ Նազար» գրքի ձեւավորումը, «Երկիր Նաիրի» գրքի ձեւավորումը,Հակոբ Պարոնյանի երկերի ձեւավորումը: Մահացել է 1986 թվականի հունիսի 18-ին Երեւանում:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Արա Բեքարյանի ստեղծագործությունների ծավալուն պատկերագիրքը, որն ամբողջական պատկերացում է ստեղծում նկարչի արվեստի մասին:
Ա. Բեքարյանը ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Արվեստագետին առավելապես գրավել է գյուղական կյանքը, ինչը նա մարմնավորել է պարզ ու ընդհանրացված ձեւերով` զերծ կենցաղային, ազգագրական մանրամասների շեշտադրումից: Նկարչին հարազատ, մտերիմ մարդկանց դիմանկարներն առանձնանում են մարդկային բազմազան խոհերի ու ապրումների արտահայտման մեծ վարպետությամբ: Անմիջական ընկալումով ու քնարական մեղմ տրամադրությամբ են համակված բնապատկերները, որոնք լակոնիկ կառուցվածքով ու նուրբ գունազգացողությամբ, գեղարվեստական մտածողությամբ այժմեական հնչողություն ունեն: