Բժիշկ ԳՐԻԳՈՐ ՏԱՐԱԳՃՅԱՆ
Հարգելի հայրենակից, հայ քրիստոնյա.
Արդեն 10-11 ամիս է, ինչ ես եւ ինձ պես շատ հալեպահայեր կապրինք (կամ, ավելի ճիշտ, ժամանակավոր կը գտնուինք) մեր երազանքներու հայրենիքի մէջ:
Մենք դարեր շարունակ ապրել ու մեծացել ենք, կրթվել եւ դաստիարակվել ենք մեր Սուրբ Եկեղեցիի կանոններով ու բարոյական սկզբունքներով: Մեծացել ենք Հայ եկեղեցին սրբություն-սրբոց ընկալելով: Մեր այդ ընկալումները ընդունել ու հասկացել են նաեւ մեզ հյուրընկալող ազգերն ու պետությունները:
Այլադավաններու մեջ ապրելով հանդերձ մենք չենք տեսած հալածանք ու անարգանքՙ մեր Սուրբ Եկեղեցիին ուղղված:
Բայց արի ու տես, որ ցավ կապրինք, երբ ականատես կըլլանք անարգող մոտեցումներու մեր Մայր հայրենիքի մէջ, հայ երիտասարդներու կողմէՙ հանդեպ Հայ առաքելական Սուրբ եկեղեցիին:
Մեզ, սփիւռքի մէջ ծնած ու մեծցած հայերուս հայ մնալու եւ հայերէն խօսելու դաստիարակըՙ մեծ մայրը, Հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եղել:
Իրեն եւ իր ազգի պատմությունը հարգող հայը չի կրնար իր բառապաշարին մէջ Հայ եկեղեցիին, Հայոց հայրապետին, առաջնորդ սրբազաններուն եւ քահանա հայրերու հանդէպ ուղղուած վիրաւորական եւ անարգող այնպիսի բառեր գտնել, որոնցմով հեղեղված են համացանցն ու տարբեր լրատուներ:
Ես գրող չեմ, սակայն վիրավորանքս ու զարմանքս այնքան մեծ է, որ չկարողացա գրիչս չվերցնել ու մի քանի տող չգրելՙ ուղղված մեր ազգի երիտասարդներուն ու, չասել.
– Զավակներս, էս ինչ եք անո՞ւմ, Հայոց հայրապետը, սրբազան առաջնորդները, մեր Սուրբ եկեղեցու հոգեւոր հայրերը իրենց կարգի եւ օծման մեջ հարգանքի, ակնածանքի արժանի են եւ ոչ թէ բամբասանքի ու ստորացումներու:
Ով հայ երիտասարդ, ԶԱՎԱԿՆԵՐ ՄԵՐ
Օտարածին ուժերը կը քայքայեն մեր երազանքներու հայրենիքը, կը տկարացնեն մեր ազգային մտածելակերպն ու եկեղեցին: Դու նրանց դեմ պայքարելու պարտավորությունն ունես, ոչ թե նրանց աջակցելու:
Ուստի բերանեդ դուրս եկող խոսքերը պետք է որ նախապես գիտակցված ու տրամաբանված ըլլան, որեւէ բան ըսելե կամ ընելե առաջ մի պահ մտածիր կատարածդՙ քանդիչ ու ավերիչ է, թէ՞ շինիչ ու իմաստավո՞ր
Մեր հորդորն էՙ փարված մնացեք մեր Սուրբ Եկեղեցիին, հեռու մնացեք օտարին ծառայելու ցանկությունէն:
Մեր եկեղեցին սուրբ է, վայելեք այդ սրբությունը եւ հավատարիմ զավակ մնացեք մեր ազգի ու եկեղեցիին: