ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Այս վերլուծականը գրելու առիթը վերջին շաբաթվա ընթացքում հայկական եւ ռուսական տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութերն են, որոնք քննարկում են այն հարցը, թե Հայաստանին կհաջողվի՞ միաժամանակ զարգացնել ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական միության եւ Մաքսային միության հետ: Ընդամենը մեկ ամիս առաջ հայ հասարակության մեջ, մասնավորապես քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում, կոնսենսուս էր ձեւավորվել այդ հարցի շուրջը, որը հնչում էր այսպես. «ոչ թե կա՛մ-կա՛մ, այլ ե՛ւ-ե՛ւ»: Այս բանաձեւը մտորումների առիթ է տվել Ռուսաստանի քաղաքագիտական եւ տնտեսագիտական շրջանակներում, որտեղ այս հարցերին տարբեր մոտեցումների կապակցությամբ տեսակետների պակաս չկա: Փորձենք վերլուծել առկա մտորումները եւ գնահատելՙ արդյոք մեր արտաքին քաղաքական վեկտորները համարժեքորե՞ն են արձագանքում արագորեն փոփոխվող աշխարհի կողմից պարտադրվող իրողություններին:
Հնարավո՞ր է արդյոք չհակադրել ծավալվող ինտեգրացիոն գործընթացները
Երեք օր առաջ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը տեղեկացրել էր, որ բանկը Հայաստանի տնտեսագետ-գործընկերների հետ իրականացնում է հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել Մաքսային միությանը եւ ապագա Եվրասիական միությանը Հայաստանի ավելի սերտ մասնակցության լավագույն տարբերակը: Նրա խոսքերով, Ռուսաստանի եւ Հայաստանի նախարարություններն իսկապես շահագրգռված են այդ ուսումնասիրություններում եւ մոտ երկու ամիս անց, կոնկրետ տնտեսական հաշվարկների հիման վրա հնարավոր կլինի գնահատել ոչ միայն այն կարճաժամկետ տնտեսական էֆեկտները, որոնք կարող են լինել եվրասիական ինտեգրման գործընթացի այս փուլում, այլեւ երկարաժամկետ օգուտները, որոնք հնարավոր կլինեն այն պարագայում, երբ եվրասիական ինտեգրացիան հետխորհրդային տարածքում ծավալվի ամբողջ ուժով եւ նոր որակով: Ըստ պարոն Վինոկուրովիՙ եթե Հայաստանը միանա Խոր եւ համապարփակ պայմանագրին Եվրոմիության հետ, ապա Մաքսային միությունը ստիպված կլինի մաքսային սահմանափակումներ դնել եվրոպական ապրանքներիՙ Հայաստանի միջով դեպի Ռուսաստան եւ ՄՄ մյուս երկրներ մուտքը սահմանափակելու համար:
Անշուշտ, սրանք առաջին մակերեսային գնահատականներն են, որոնք անմիջապես մտահղանում են, երբ խոսում ես այսօրվա քաղաքական եւ տնտեսական իրողությունների պայմաններում արվող կոնկրետ քայլերի վերաբերյալ: Կյանքը սառած այսբերգ չէ, իսկ եվրասիական մայրցամաքում նոր ծնվող գաղափարները արագ քաղաքական գործընթացներ են նախանշում: Այսպես, ոչ միայն Ռուսաստանում են այսօր խոսում Եվրոպական միության հետ համագործակցության նոր որակ ձեւավորելու խնդրի մասին, ինչը բխում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինիՙ Լիսաբոնից եւ Դուբլինից մինչեւ Վլադիվոստոկ Մեծ Եվրոպա ձեւավորելու տեսլականից, այլեւ սկսել են խոսել Արեւմուտքում: Ֆրանսիական-անդրազգային «Էվիան» հայտնի խմբի հիմնադիր, պրոֆեսոր Ժան Պիեր Լեմանը , անշուշտ ծանոթ լինելով Ռուսաստանի ղեկավարի այդ տեսլականին, արել է մի կանխատեսում, ըստ որի ճիշտ կլիներ, եթե Ռուսաստանը սեպտեմբերին հանդես գար «Դուբլինից մինչեւ Վլադիվոստոկ Եվրասիական խարտիայի» ստորագրման նախաձեռնությամբ: Ըստ նրաՙ ծավալվող եվրասիական ինտեգրման գործընթացն Արեւմուտքի համար ընդունելի դարձնելու ճանապարհին այս մեծ շուկային ուղղված առաջարկությունը կարող էր ընդունելի եւ սպասված դառնալ: Դժվար է ասել, թե ինչպես են Մոսկվայում արձագանքել ֆրանսիացի նշանավոր գործարարի եւ մտածողի այս գաղափարին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ անցյալ տասնամյակի կեսերից մեկը մյուսին հաջորդած ռուսական խոշոր նախաձեռնությունները տարբեր միջազգային հարթակներում կամ չեն ընդունվել, կամ լռության են մատնվել: Ռուսաստանիՙ որպես ուժեղացող եւ թափ հավաքող խոշոր պետության համար, դժվար է մարսել այդ անհաջողությունները, ինչով էլ բացատրվում է այն լռությունը, որն առայժմ կա Եվրոպական միության հետ տնտեսական համագործակցությանը նոր որակ հաղորդելու հարցում: Նույն Եվգենի Վինոկուրովը իր վերոհիշյալ հարցազրույցում ակնարկել էր, որ համատեղել եվրոպական եւ եվրասիական ինտեգրման գործընթացները հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ու իր դաշնակիցները նույնպես անդամակցեին Խոր եւ համապարփակ առեւտրի մասին պայմանագրին:
Մեկ այլ աղբյուրից տեղեկանում ենք, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր, նշանավոր միջազգայնագետ Անատոլի Տորկունովը սկզբունքորեն ողջունել է Հայաստանի ձգտումը դիվերսիֆիկացնելու Հայաստանի կապերը եվրոպական եւ եվրատլանտյան արեալների հետ: Այս մակարդակի ինտեգրումը թե՛ որպես գաղափար, թե՛ որպես քաղաքական ու տնտեսական ձգտումների մասին հայտարարություն ինքնըստինքյան հասկանալի է: Սակայն ավելի խոր ուսումնասիրությունները կարող են ցույց տալ, թե ինչպես են գործնականում համադրվելու Եվրոպական միության ազատ առեւտրի գոտու եւ Մաքսային միության ընդանուր տնտեսական տարածքի միատեղման հնարավորությունները: Ճիշտ է մոսկվացի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը , որը նկատել է քաղաքագիտական եւ տնտեսագիտական մանրազնին հաշվարկների կարեւորությունը, եթե մենք ուզում ենք անհարկի լարվածություն եւ նոր խնդիրներ չստեղծել մեր ռազմաքաղաքական դաշնակիցների հետ հարաբերություններում:
Փոքրիկ Հայաստանի ձգտումըՙ կառուցողական մասնակցություն ցուցաբերել ծավալվող եվրոպական եւ եվրասիական ինտեգրման գործընթացներին, ստիպել է շատ քաղաքագետների եւ միջազգայնագետների փորձել հասկանալ, թե ի՞նչ պայմաններում է հնարավոր այդ համատեղումը եւ ի՞նչ կտա դա Հայաստանին քաղաքական այս կուրսը առաջ մղելու արդյունքում: Օրինակՙ նույն Անդրեյ Արեշեւը կարծում է, որ եվրոինտեգրման ճանապարհին Հայաստանի համար շատ են քարոզչական պլյուսները եւ իրական մինուսները:
Չփորձելով սահմանափակել նրա դատողություններ անելու իրավունքը, ընդամենը ընդգծենք, որ ինտեգրման այս երկու գործընթացների հիմքում պետք է ընկած լինեն հստակ տնտեսական հաշվարկներ: Սա ասում եմ նաեւ այն պատճառով, որ կեղծ մտայնություն կա, ըստ որի 2015 թ. հունվարի 1-ին ստեղծվելիք Եվրասիական միությունը լինելու է ինչ-որ կոնֆեդերատիվ միավորում, որտեղ միատեղվելու են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, ռազմական, ֆինասական եւ այլ հիմնարար շահեր: Մոսկվայից պարբերաբար հայտարարություններ են լսվում, որ ապագա Եվրասիական միությունը լոկ տնտեսական միջազգային միավորում է, որի ձեւավորման համար դեռ պետք է ստորագրվեն 50-ի չափ տարբեր փաստաթղթեր:
Իրավիճակը Հարավային Կովկասում ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից
Եվրասիական զարգացման բանկի պատվերով իրականացրած հաշվումների համաձայնՙ Հայաստանի բնակչության 67%-ը դրական է վերաբերվում եվրասիական ինտեգրացիայի գործընթացին: Նույն բանկի Վրաստանում պատվիրած հետազոտության համաձայնՙ մեկ տարվա ընթացքում եվրասիական ինտեգրման գործընթացին Վրաստանի մասնակցության կողմնակիցների թիվը 30%-ից աճել է մինչեւ 59%: Սա նշանակում է, որ Վրաստանի բնակչության մեծ մասը պաշտպանում է վարչապետ Իվանիշվիլու քաղաքականությունըՙ ուղղված Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների նորմալացմանը եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Մի քանի առիթներով, թե՛ հայկական, թե՛ վրացական մամուլում, մենք հանդես ենք եկել Հայաստան-Վրաստան տնտեսական ինտեգրման գործընթացը աշխուժացնելու հասունացած անհրաժեշտության մասին հրապարակումներով: Վերջին շրջանում այս գաղափարը ընկալում եւ համախոհներ է գտնում Վրաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Վրաց առանձին գործիչների կարծիքով, Միխայիլ Սաակաշվիլու Վրաստանը չափազանց մեծ տուրք է տվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության ծավալմանը եւ ընկել է կախվածության մեջ այդ երկյակից: Այսպիսով, հասկանալի է դառնում, թե ինչու է վարչապետ Իվանիշվիլին այդ կախվածությունից ազատվելու համար փորձում Արեւելք-Արեւմուտք համագործակցությունը հավասարակշռել Հյուսիս-Հարավ համագործակցության ծավալմամբ: Եվ եթե Հայաստանի Հանրապետության տնտեսական ներուժը չափազանց փոքր է միայնակ այդ հավասարակշռումն ապահովելու համար, ապա Ռուսաստանի Դաշնության հետ այն արդեն զգալի է եւ կարող է տարածաշրջանային մասշտաբով ընդունելի լինել:
Ադրբեջանը վարել եւ վարում է միջազգային հարթակներում Հայաստանը սեւացնելու, մեկուսացնելու եւ քայքայելու քաղաքականություն: Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքը շարունակելու է շրջափակել եւ մեկուսացնել Հայաստանըՙ մեզանից զիջումներ կորզելու նպատակով: Չպետք է կասկած լինի, որ այդ դաշինքը շատ ամուր է եւ մշակված է տասնամյակների կտրվածքով: Եթե նույնիսկ Ադրբեջանը ձեռնարկել է քայլեր, որոնք ուղղված են եղել Ռուսաստանի դեմ, ապա նրա դանդաղկոտությունը եվրոպական ինտեգրման գործընթացում եւ ձգտումներըՙ դիվերսիֆիկացնել գազի եւ նավթի արտահանման քաղաքականությունը, ակամա արժանանում են Ռուսաստանի հավանությանը եւ հող ստեղծում նոր համագործակցության եւ շահավետ տնտեսական ծրագրերի համար: Սա իրողություն է, որը պետք է հասկանալ եւ ընդունել: Ադրբեջանը փորձում է առավելագույնս օգտագործել ածխաջրածինների շահագործումից ստացվող շահույթները, եւ մեր խնդիրն է այդ ամենը իմանալով, մշակել ասիմետրիկ սեփական քաղաքականության նուրբ մանրամասներ:
Վերստին անդրադառնանք Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տնտեսական հնարավոր առանցքին: Եթե հնարավոր լինի Վրաստանի հետ այնպիսի ինտեգրացիոն մեխանիզմներ մշակել, որոնցով լրջորեն շահագրգռված լինի Ռուսաստանը, կարելի կլինի ավելի լուրջ խոսել տարածաշրջանային ավելի լայն հեռանկարի մասին: Ռուս վերլուծաբանները նկատել են այս հնարավորությունը եւ զգուշորեն խոսում են դրա դրական ներուժի մասին: Միեւնույն ժամանակ, Եվրոպական միության համար Հայաստան-Վրաստան ինտեգրման գործընթացը կարծես մի նոր ինտեգրացիոն ծրագիր է ներկայացնում, որի տնտեսական եւ քաղաքական օգուտները դեռ պետք է ճշտորեն որոշել եւ հաշվարկել:
Արդյոք եկե՞լ է արտաքին քաղաքական ուղենիշների խմբագրման ժամանակը
ԱՄՆ-ն եւ Եվրոպական միությունը քննարկում են անդրատլանտյան ազատ առեւտրի գոտի ձեւավորելու հարցը: Դեռեւս չեն ճշտվել Եվրոպական միության եւ Ռուսաստանի Դաշնության փոխհարաբերությունները ապագա Եվրասիական միության ձեւավորման տեսանկյունից: Լուրջ դիմակայության եւ մրցակցության պայմաններում պարզ երեւում է, որ եթե Ռուսաստանի Դաշնությանը իր դաշնակիցների հետ հաջողվի ստեղծել կենսունակ եւ զարգացող նոր տնտեսական տարածաշրջանային դաշինք, թե՛ Եվրոմիության, թե՛ Չինաստանի հետաքրքրությունները նրա նկատմամբ միայն կմեծանան: Բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ այս վերջին մեկ տարվա ընթացքում գրել են ռուսական վերնախավի ներսում եվրոպամետների եւ եվրասիացիների գաղափարական պայքարի մասին: Պատմությունից հայտնի է, որ արեւմտականների եւ եվրասիացիների պայքարի արդյունքում Ռուսաստանը միշտ էլ ունեցել է սեփական, անկրկնելի ուղեծիր: Հիմա էլ նույն բանն է: Բայց նոր իրողությունը կայանում է այն ակնհայտ ճշմարտության մեջ, որ ինչքան Ռուսաստանն իր հռչակած սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ծրագրերի իրականացման հարցում համառ ու հետեւողական լինի, այնքան Արեւմուտքում կմեծանան նրա հետ համագործակցելու եւ ինտեգրվելու ցանկությունները:
Հայաստանի Հանրապետությունը հռչակել է արտաքին քաղաքական սկզբունքներ, որոնք անցած 20 տարիների ընթացքում անընդհատ հղկվել ու մշակվել են եւ հասկանալի ու կանխատեսելի են եղել աշխարհի մեծ ու փոքր դերակատարների համար: Այսօր, երբ միաբեւեռ աշխարհը ակնհայտորեն իր տեղը զիջել է բազմաբեւեռ նոր աշխարհակարգին, իսկ Ռուսաստանն էլ այս նոր աշխարհակարգում նոր, ավելի խոշոր, բայց միաժամանակ շատ հասկանալի դերակատարության է ձգտում, անհրաժեշտություն է առաջ գալիս նոր քայլերի: Ճիշտ են բոլոր այն վերլուծաբանները, ովքեր զգուշացնում են, որ Ռուսաստանը փոխվում է եւ փոխվում է արագ: Նրա դաշնակիցների եւ բարեկամների համար սպասված եւ ուրախալի այս իրողությունը շուտով կարող է թելադրել համարժեք քաղաքական արձագանքումներ: Ահա թե ինչու տարբեր վերլուծաբաններ զգուշացնում են մանրակրկիտ քաղաքական մոդելավորումների, հստակ քաղաքական հաշվարկների եւ միեւնույն ժամանակ ստանձնած միջազգային ու տարածաշրջանային պարտավորություններին հավատարիմ մնալու մասին: Եթե եկել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները վերախմբագրելու ժամանակը, ապա մեր քաղաքական ու քաղաքագիտական միտքը պետք է դրան ձեռնամուխ լինի հանուն Հայաստանի անցավ զարգացման եւ առաջընթացի: