Սակայն գները շարունակում են մնալ անփոփոխ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16848 գործարք, ինչը 18,4 տոկոսով ավելի է նախորդ ամսվաՙ մայիսի եւ 18,8 տոկոսով բարձրՙ 2012-ի հունիսի գործարքների համեմատ:
Օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 23,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատՙ 5,6 տոկոսով: 3950 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 44,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 38,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 43,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատՙ 12,3 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսին համեմատ գրեթե անփոփոխ են: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հունիս 2012 թ. | Միջին գները (դրամ) հունիս 2013 թ. | Միջին գները (դրամ) մայիս 2012 թ. |
Կենտրոն | 414000 | 428000 | 428000 |
Արաբկիր | 342050 | 355500 | 355500 |
Քանաքեռ-Զեյթուն | 269150 | 282300 | 282300 |
Նոր Նորք | 230250 | 251000 | 251000 |
Ավան | 241000 | 259100 | 259100 |
Էրեբունի | 238100 | 249000 | 248500 |
Շենգավիթ | 237700 | 254250 | 254250 |
Դավթաշեն | 262000 | 274200 | 274200 |
Աջափնյակ | 229100 | 247200 | 247200 |
Մալաթիա-Սեբաստիա | 227500 | 240000 | 239000 |
Նուբարաշեն | 140200 | 152000 | 151500 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 257400 | 272050 | 271900 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, հունիսին վաճառվել են 322 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ անփոփոխ է, իսկ 2012-ի հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով: Գներն այստեղ նույնպես անփոփոխ են:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
2013-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 425 գործարք, որից 130-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի մայիսի համեմատ աճել է 56,6 տոկոսով, իսկ մարզերում` 18,5 տոկոսով: 2012-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 3,1 տոկոսով:
Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել (տեսՙ աղյուսակը).
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հունիս 2012 թ. | Միջին գները (դրամ) հունիս 2013 թ. | Միջին գները (դրամ) մայիս 2012 թ. |
Կենտրոն | 462400 | 476100 | 476100 |
Արաբկիր | 368550 | 383000 | 383000 |
Քանաքեռ-Զեյթուն | 279800 | 295000 | 295000 |
Նորք-Մարաշ | 306800 | 319200 | 319200 |
Ավան | 259100 | 270500 | 270500 |
Էրեբունի | 228100 | 239500 | 239500 |
Շենգավիթ | 244800 | 255000 | 255000 |
Դավթաշեն | 263750 | 276000 | 276000 |
Աջափնյակ | 238150 | 250050 | 250050 |
Մալաթիա-Սեբաստիա | 227150 | 238000 | 238000 |
Նուբարաշեն | 144500 | 150500 | 150500 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 274800 | 286600 | 286600 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հունիսին մայիսին դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, 1 քմ-նՙ 157 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի հունիսին 2012-ի հունիսի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` աճել 14,6 տոկոսով:
2013-ի հունիսին 2013-ի մայիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 45,5 տոկոսով, իսկ 2012-ի հունիսի համեմատ` 32,4 տոկոսով:
Հունիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 180 գործարքներ, որից 131-ը` Երեւանում: Մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 61,7 տոկոսով, իսկ մարզերում նվազել 12,5 տոկոսով: 2012-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 63,8 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 15,5 տոկոսով:
Այսպիսով, անշարժ գույքի շուկայում հունիսին գործարքների քանակը կրկին աճել է, բայց գները մնացել են անփոփոխ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ արձանագրվեց, իսկ ապրիլին եւ մայիսին գործարքների քանակը կրկին նվազեց, եւ ահա հունիսին դարձյալ գործարքների քանակի նկատելի աճ է արձանագրվել: