Գեղանկարիչ Սամվել Ղարիբյանի հիշատակին
Ճիշտ մեկ տարի առաջ, 56 տարեկան հասակում, կյանքից հեռացավ բազմաշնորհ գեղանկարիչ Սամվել Ղարիբյանը, խոր ցավ պատճառելով իր հայրենի քաղաքիՙ Վանաձորի արվեստասերներին, իր ընկերներին, գործընկերներին եւ, առաջին հերթին, հարազատներին: Արդարեւ, նա կյանքից հեռացավ ուժերի ծաղկման, հասունության շրջանում, ստեղծագործական նորՙ ավելի իմաստնացած եռանդի շրջանում, կիսատ թողնելով բազմաթիվ գործեր, ստեղծագործական ծրագրեր, որոնք մարմին էին ստանալու ու, թերեւս, դառնային իսկական գլուխգործոցներՙ հարստացնելով մեր գեղանկարչության անդաստանը: Եվ ոչ միայն ստեղծագոր ծական, այլեւ ուսումնամանկավարժական ծրագրեր, քանզի Սամվել Ղարիբյանի երկրորդ բնությունը մանկավարժությունն էր, որն իր լիարժեք դրսեւորման հնարավորությունն էր ստացել Վանաձորի նկարչական դպրոցում, որը իրավացիորեն վստահվել էր նրա տնօրինությանը:
Սամվել Ղարիբյանը, լինելով բնութենապաշտ գեղանկարիչ, խորապես կապված էր Լոռվա բնության հետ: Թեեւ նրա գործերում չի նկատվում քաղաքային կյանքի պատկերների պակասը: Հակառակ բազմաթիվ առիթների, նա բնավ ու երբեք չհեռացավ այդ բնաշխարհից, նույնիսկ աղետալի երկրաշարժից հետո: Ընդհակառակը, որպես մարդասեր եւ ընկերասեր, որպես ազգասեր մարդՙ իր ամեն ինչը տրամադրեց ողբալի մարդկանց հոգեկան կորով ներարկելուն, թեեւ մխիթարանքի ոչ պակաս կարիքն ուներ նաեւ ինքը: Շուտով Վանաձորի նրա արհեստանոցը դարձավ արվեստագետների ու մտավորականների հանդիպման վայր: Քաղաքի գեղարվեստական կյանքի ակտիվացման, շատ ծրագրերի որդեգրման համար այդ արվեստանոցը, որտեղ մարդիկ հաճախ գալիս էին նաեւ հոգեկան անդորր գտնելու, դարձավ ծննդավայր: Նրա աշակերտներն էլ այնտեղ էին գալիս «ընկեր Սամվելից» նկարչության գաղտնիքները բացահայտելու, սովորելու: Շատ շատերի համար նա վստահելի ընկեր էր, քչախոսՙ իր խոսքի մեջ, բայց հասնող-օգնող, խորհրդատու, զգայուն հոգու տեր մի անձնավորություն, որի հիմնական բնութագիրը վստահելիությունն էր, ինչպես իր ստեղծած արվեստը, որը ոչ մի երկդիմի, կասկածելի բան չունի իր մեջ, այլՙ խաղաղություն, հոգեկան անդորրություն, բարություն պարգեւող նկարագիր, ինչպես Լոռվա բնությունն է եւ վերջինիս ծնունդ լոռեցիները:
Բարություն ճառագայթող նրա կտավները միշտ կհիշեցնեն իրենց ստեղծողի մասին:
Կենսագրական գծեր
Ծնվել է 1956 թ. նոյեմբերի 28-ին Կիրովականում (Վանաձոր): 1963-ին ընդունվել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց, զուգահեռաբար սովորել Կիրովականի Ստ. Աղաջանյանի անվան նկարչական դպրոցում, որն ավարտել է 1975-ին: 1976-ին ընդունվել եւ 1980-ին ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Երիտասարդ տարիներին զբաղվել է նաեւ սպորտով: ՀՍՍՀ ազատ ոճի ըմբշամարտի եւ ազգային կոխ ըմբշամարտի բազմակի չեմպիոն էր: ԽՍՀՄ սպորտի վարպետ: Տալլին քաղաքում կազմակերպված ցուցահանդեսում գեղանկարչական լավագույն աշխատանքների համար արժանացել է ոսկե մեդալի: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի: Աշխատել է թիվ 7 միջնակարգ դպրոցումՙ որպես նկարչության ուսուցիչ (1980 թ.), Ստ. Աղաջանյանի անվան գեղավեստի դպրոցումՙ ուսուցիչ (1980-88 թթ.), Վանաձորի մշակույթի կենտրոնումՙ նկարչական ստուդիայի ղեկավար (1992-93 թթ.), թիվ 1 մշակույթի տանըՙ նկարչական ստուդիայի ղեկավար (1993 թ.), «Ինտերկապ» հեռուստաստուդիայումՙ նկարիչ-ձեւավորող (1993-97 թթ.), իսկ 1997-2003-ին աշխատել է «Ղարս» կարի ֆաբրիկայումՙ նկարիչ-մոդելավորող, կոնստրուկտոր, այնուհետեւՙ գլխավոր ինժեներ: 1980-ից մասնակցել է քաղաքային եւ հանրապետական ցուցահանդեսների: 1995-ից ՀՀ նկարիչների միության անդամ էր: Նրա աշխատանքներից կան մի շարք երկրների մասնավոր հավաքածուներումՙ ԱՄՆ, Շվեյցարիա, Լիբանան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա եւ այլուր: