Մոսկովյան ակումբում նա կմիանա Յուրա Մովսիսյանին
Ռուսական «Սպորտ-Էքսպրեսի» տեղեկացմամբ, երեկ կեսօրին Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բուժզննում անցնելուց հետո 5-ամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Օզբիլիսը «Սպարտակի» կազմում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով, որով նախկինում խաղում էր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկըՙ Անդրեյ Տիխոնովը, որը ներկայումս թիմի մարզիչն է:
Իսկ մինչ այդ «Կուբանից» Արաս Օզբիլիսի հնարավոր տեղափոխության շուրջն աստիճանաբար կրքերը սկսում էին բորբոքվել, իրավիճակն էլ անորոշ էր դառնում: Նախորդ համարում նշել էինք, որ ըստ «Սպորտ-Էքսպրեսի», ֆուտբոլիստով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը», որը պատրաստ է 10 մլն եվրո վճարել: Սակայն «Կուբանը» ոչ միայն չէր համաձայնվել, այլեւ հերքել էր մոսկովյան ակումբի հետ որեւէ բանակցություն վարելու փաստը:
Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Օզբիլիսը «Կուբանի» հետ չի մեկնել Սանկտ Պետերբուրգՙ «Զենիթի» հետ հանդիպմանը մասնակցելու: Իսկ «Սովետսկի Սպորտն» էլ տեղեկացրել էր, որ հայ ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո»:
Ստեղծված իրավիճակի մասին իր պարզաբանումն էր տվել ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը. «Օզբիլիսը կոնֆլիկտ ունի «Կուբանի» հետ: Երբ Արասին Կրասնոդար բերեցի, ակումբի հետ պայմանավորվեցինք, որ չի խոչընդոտի ֆուտբոլիստի տեղափոխությանն ավելի բարձրակարգ թիմ: Երբ նման առաջարկ ստացվեց «Անժիից», «Կուբանը» չհամաձայնվեց Օզբիլիսից բաժանվելՙ խաբեությամբ ինչ-որ փաստաթղթեր ներկայացնելով: Օզբիլիսը շատ էր վրդովվել, հատկապես «Կուբանի» ղեկավարության հարցազրույցից հետո, որում նշվում էր, թե Արասին ամեն ինչ թիմում գոհացնում է:
Այս ամենի հետեւանքով մենք պատրաստվում ենք դիմել շվեյցարական իրավարար դատարան, որի վճիռը կարող է վատ անդրադառնալ ակումբի հեղինակության վրա: Իսկ ես դեռեւս ոչ մի դատական գործընթաց տանուլ չեմ տվել:
Օզբիլիսի տրանսֆերը կարող է իրականանալ յուրաքանչյուր օր: Ինձ պատկանող տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը կտամ Մոսկվայի «Դինամոյին»: Իսկ «Սպարտակ» տեղափոխվելու վերաբերյալ խոսակցությունները կամ բլեֆ են, կամ էլ սխալ դիրքորոշում: Ինչո՞ւ, որովհետեւ «Սպարտակում» խաղում է Մակգիդին, որը շատ լավ ֆուտբոլիստ է: Նրանով հետաքրքրվում է «Էվերտոնը»: Իսկ Օզբիլիսը, որի խաղային ֆունկցիաները որոշ չափով նման են Մակգիդիին, «Սպարտակին» չի համապատասխանում: Արասն ու Մովսիսյանը «Սպարտակի» համար չեն»:
Ֆուտբոլի մասնագետ Ալեքսեյ Սաֆոնովի կարծիքով, Արաս Օզբիլիսն ընդունակ է ուժեղացնելու «Սպարտակի» խաղը. «Օզբիլիսն իհարկե, կարող է օգնել «Սպարտակին»: Նա ոչ ստանդարտ ու հետաքրքրական ֆուտբոլիստ է եւ կարող է հարմարվել «Սպարտակի» խաղաոճին: Ընդ որում, ոչ միայն իր ներուժի շնորհիվ: Օզբիլիսը խաղային ձեռագրով համապատասխանում է «Սպարտակին», բացի այդ էլ դեռեւս անորոշ է թիմում Էյդեն Մակգիդիի հետագա ճակատագիրը: Այնպես որ Օզբիլիսի նման բարձրակարգ ֆուտբոլիստը երբեք ավելորդ չի լինում: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարող է խաղալ ինչպես եզրերում, այնպես էլ կենտրոնում»: