Քյոլնից (Գերմանիա) Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը գրում է, որ Թուրքիայում կատարվող բողոքի ցույցերը իրենց արձագանքն են գտնում նաեւ այլ երկրներում, հատկապես Գերմանիայում, որտեղ թուրքական բավական մեծ համայնք գոյություն ունի:
Այնտեղ դատական նոր սկանդալ է բռնկվել ընդդեմ Գերմանիայում ապրող թուրք մի մտավորականի, որը մարդու իրավունքների պաշտպանության հայտնի ակտիվիստ է:
Հետապնդումների զոհը հայտնի գրող, վիպասան եւ թատերագիր Դողան Աքհանլին է, որը, խորամուխ լինելով հայերի ցեղասպանության հետ կապված հարցերում, սեմինարներում եւ գիտաժողովներում արտահայտվել է այդ մասին: Եվ դա կատարել է ոչ միայն Գերմանիայում, այլեւ Թուրքիայում, որտեղ հանդես է եկել թուրքական մամուլի էջերում եւ մտավորականության հետ հանդիպումներում: Նա ճանաչված եւ հարգված անձնավորություն է, եւ չի վախենում հետապնդումներից:
Նրա այդ դիրքորոշման համար էլ, հավանաբար, թուրքական իշխանությունները նոր արշավ են սկսել նրա դեմ, վերաբացելով մի հին դատական գործ եւ ցմահ բանտարկություն սպառնալով նրան: Աքհանլին ձախակողմյան էր 1980-ական թվերին, եւ այդ ժամանակվա զինվորական իշխանության (1985-87) օրերին ձերբակալվել եւ բանտում կտտանքների էր ենթարկվեկ: 1991-ին կարողացել էր փախչել Գերմանիա, որտեղ քաղաքական ապաստան եւ հետագայում քաղաքացիություն էր ստացել: Տարիներ անց, 2010-ի օգոստոսին, ցանկանալով այցելել իր հիվանդ հորը, նա մեկնել էր Ստամբուլ, որտեղ օդանավակայանում ձերբակալվել էր եւ բանտարկվել: Նրան չէին թույլատրել այցելել մահամերձ հորը, ոչ էլ մասնակցել թաղման արարողությանը: Նա բանտարկված էր մնացել մի քանի ամիս: Նրա դեմ ներկայացված լուրջ մեղադրանքներից էր այն, որ իբր մասնակցել էր տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա կատարված զինված հարձակման, որի ընթացքում մեկ հոգի սպանվել էր: Դատական լսումների ժամանակ նրա փաստաբանները (մեկըՙ Ստամբուլից, մյուսըՙ Քյոլնից) մերժել էին մեղադրանքները:
2010-ի դեկտեմբերին նրան ազատ էին արձակել եւ վտարել Թուրքիայից: Դատավարությունն ու հետագա իրադարձությունները մեծ աղմուկ էին բարձրացրել մամուլի էջերում, եւ մարդու իրավունքների միջազգային ակտիվիստների ճնշման տակ նրա դեմ եղած մեղադրանքները հանվել էին: Հետապնդումները դադարել էին… մինչեւ այս տարվա ապրիլը, երբ Թուրքիայի վճռաբեկ դատարանը հանկարծ որոշում ընդունեց վերաբացելու գործը, չնայած ոչ մի նոր վկայություն չկար նրա դեմ:
Լուրը կայծակի արագությամբ տարածվեց Գերմանիայում: «Նյու Յորք թայմսին» համազոր գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե-ցայթունգ» թերթում Թուրքիայի իրադարձություններին հետեւող լրագրողուհի Քարեն Կրուգերը իր հոդվածը վերնագրեց այսպես. «Ում համարում են հանցագործ, նրան էլ դարձնում են հանցագործ»:
«Կարծես ուրիշ բան ու գործ չունեն: Նրանք հին գործեր են վերանայում», գրում է նաՙ հիշեցնելով Ֆրանսիայում ապրող մարդու իրավունքների թուրք պաշտպան Պինար Սելեքի պարագան, որը մի քանի անգամ անմեղ ճանաչվելուց հետո վերջերս դարձյալ ցմահ բանտարկության էր դատապարտվել ի բացակայություն: Սա նշանակում է, որ նա հավիտյան վտարանդի պետք է մնա: Նույն ճակատագիրը սպասում է Աքհանլիին:
Ինչո՞ւ: Կրուգերի կարծիքովՙ ականավոր գրողի ստեղծագործությունների հետզհետե աճող ժողովրդականությունն ու ազդեցությունն է պատճառը: Լրագրողուհին տեղեկացնում է, որ Թուրքիայում լույս տեսնող «Բիրիքիմ» ճանաչված ամսաթերթում Աքհանլին հոդված է գրել Բեռլինի «Հարդենբերգշտրասե» փողոցի նշանակության մասին: Հայտնի է, որ այդ փողոցում է 1921-ին սպանվել Թալեաթ փաշան: Սա երեւի բարկացրել էր իշխանություններին:
Դատական գործի վերանայումը նախատեսված է կատարել Ստամբուլում հուլիսի 31-ին: Ամբաստանյալը հասկանալի պատճառներով ներկա չի լինելու: Բայց նրա փոխարեն Եվրոպայից շատ ճանաչված անձնավորությունների պատվիրակություն է ժամանելու Ստամբուլ: Նախքան մեկնելը նրանք մի շարք միջոցառումներով գործի մանրամասնությունները ծանոթացնում են հանրությանը, որպեսզի ապահովեն նրանց պաշտպանությունը եւս:
«Արդարության վենդետտա» շարժումը, ընդարձակելով իր սահմանները, պայքարում է նաեւ այլ քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Աքհանլիի պարագան եւ նրա պաշտպանությունը Թաքսիմ հրապարակի ապստամբերին զորակցելու յուրահատուկ միջոց է դարձել: Չնայած պարզված պաստառների կոչերը տարբեր են, դրանք իրականում դատապարտում են իշխանությունների ամբարտավանությունը ու երկրում մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքերը:
Պատասխանելով թերթի լրագրողների հարցերին Թուրքիայում կատարվող իրադարձությունների մասինՙ Աքհանլին հույս է հայտնել, որ Թուրքիան կդառնա առավել կանխատեսելի եւ բանական: «Ցույցերը կարեւոր ուղղորդիչ միջոց են ամբարտավան դարձած որեւէ իշխանության համար: Իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը եւ իրավունքի ու օրենքի գերակայությունը բոլորի համար են», ասել է նաՙ իր ոգեւորությունը արտահայտելով Գերմանիայում ծավալվող ցույցերի նկատմամբ, որոնց մասնակցել են հիմնականում գերմանացիներ, բայց նաեւ այլ համայնքների ներկայացուցիչներ: