Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Թուրքիայի կառավարական պաշտոնաթերթին, տեղեկացրին, որ Աբդուլլա Գյուլը «վավերացրել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին հուլիսի 4-ին կողմերի միջեւ ստորագրված միջգերատեսչական համաձայնագիրը», որով նախատեսվում է տարեկան անցկացնել երկու համատեղ զորավարժություն` համապատասխանաբար Թուրքիայում եւ Ադրբեջանում:
Ըստ ադրբեջանական կողմի մեկնաբանություններիՙ Գյուլն այդ համաձայնագիրը վավերացրել է «օգոստոսի 16-17-ին Բաքու կատարելիք այցի համատեքստում»:
Ասվածից կարելի էր հասկանալ, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ տեղի կունենան ոչ ավելի վաղ, քան Թուրքիայի նախագահը կգտնվի Ադրբեջանում:
Այդուհանդերձ, օրվա երկրորդ կեսին haqqin.az-ը տեղեկագրեց, որ «թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն արդեն սկսվել են եւ կտեւեն մինչեւ հուլիսի 28-ը» (տես http://haqqin.az/news/7467): Ընդսմին, «զորավարժությունները տեղի են ունենում Բաքվում եւ Նախիջեւանում»: Դրանց նպատակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, «երկու երկրների զինծառայողների միջեւ փորձի փոխանակումն է»:
Թուրքական կողմից Բաքվում զորավարժություններին մասնակցում է «թուրքական բանակի հետեւակային մի ստորաբաժանում, իսկ Նախիջեւանում` մեկ մոտոհրաձգային ջոկ»: Ադրբեջանական լրատվամիջոցն իր հրապարակումը վերնագրել է «Թուրքական զորքերը Նախիջեւանում են», ինչը կարծես լիովին արտացոլում է թուրք-ադրբեջանական համատեզ զորավարժությունների բուն նպատակադրվածությունը:
Արժե թերեւս նկատել տալ, որ Բաքվի «Զերկալո»-ն երեկվա համարում ծավալուն հոդված էր տպագրել «Իրանը պատերազմի է նախապատրաստվում» խորագրով, որտեղ խոսք կար Կասպից ծովում Իրանի իսլամական կորպուսի պահապանների վարժական կենտրոն եւ ռազմածովային ուժերի մշտական հենակետ ստեղծելու` պաշտոնական Թեհրանի կողմից արդեն իսկ ընդունված որոշման մասին:
Վերլուծականի հեղինակն անդրադարձել էր նաեւ Կասպից ծովի ավազանում ռուս-իրանական համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ ձեռք բերված համաձայնությանը եւ ավելացրել, թե «մինչ այժմ Իրանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժեր ուներ միայն Պարսից ծոցում»:
Որեւէ կապ կա՞ Կապից ծովում ռուս-իրանական եւ Բաքվում ու Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների միջեւ` ռազմական փորձագետների խնդիրն է: Նկատենք միայն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ նրա զինված ուժերի թեկուզ «մեկ մոտոհրաձգային ջոկի» ներկայությունն Իրանին սահմանամերձ Նախիջեւանում պաշտոնական Թեհրանի կողմից կարող է ընկալվել որպես բացահայտ թշնամական քայլ:
Չենք խոսում այն մասին, որ Նախիջեւանը սահմանակից է նաեւ Հայաստանին, որի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամական վերաբերմունքը որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը նաեւ չի «տեղավորվում» ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչեցված «հավաստիացումների» համատեքստում, թե ենթադրյալ պատերազմը «չի ներառի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը»:
Փաստը հակառակն է հուշում` որ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ ձգտում են հավանական պատերազմի թատերաբեմ դարձնել նաեւ Նախիջեւանը` Հայաստանի համար դրանից բխող շոշափելի սպառնալիքներով հանդերձ: Եվ այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները հրապարակային հայտարարում են, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի: