Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԹԵՐԶՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ԱՂՋԻԿ ՀԵԼԻՈՊՈԼՍԻՑ» ԳԻՐՔԸ

Հ. Ծ.

«Մեծ հաճույքով եւ հետաքրքրությամբ կարդացի Սեդա Մխիթարյան-Թերզյանի «Երկու աղջիկ Հելիոպոլսից» վեպը, որն ինձ փոխադրեց Երկրորդ աշխարհամարտի տարիների Կահիրե (Եգիպտոս): Ծանոթացա արեւի քաղաք-թաղամասում հասակ առած երկու աղջիկներիՙ Օժենիի եւ Ալիսիայի հետ, որոնց ընտանիքները մազապուրծ ապաստան էին գտել Եգիպտոսում եւ նոր կյանք սկսել այնտեղ: Տեղեկացա նրանց ճակատագրերին ու դժվարություններին եւ հասկացա, թե ինչպես են նրանք հաղթահարում բոլոր խոչընդոտները շնորհիվ իրենց անկեղծ ընկերության եւ հավատարմության», գրում է տասնմեկ տարեկանում Երեւանից Կահիրե տեղափոխված Հենրիկ Բուդաղյանը : Նա որոշ ժամանակ Եգիպտոսում ապրելուց հետո հաստատվել է Մ. Նահանգներում: Մոտ կես դար անց նա վերագտել է իր պատանեկան տարիների ընկերուհունՙ Սեդա Թերզյանին եւ հեռախոսային զանգի միջոցով վերապրել հին օրերի քաղցր հիշողությունները:

Թերզյանը ծնվել է Հելիոպոլսում, հաճախել Նուբարյան ազգային եւ ապաՙ «Ինգլիշ Միշըն» վարժարանները: Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը եւ 1948-ին տեղափոխվել Մ. Նահանգներ: 1987-ին թոշակի է անցել: Նրա գիրքը կարելի է ձեռք բերել Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների Ազգային ասոցիացիայից (ՆԱԱՍՐ) եւ կամ ընթերցել օն-լայնՙ amazon.com այցելելով: