Ամառը կես եղավ` չիմացանք: Սկանդալ սկանդալի հետեւից ` մեր քաղաքական արեալում ամառվա ու շոգի մասին մտածելու ժամանակ չեն թողել: Էս շոգ-կրակին երկրիս քաղաքական մեծամասնությունը հանգստանալու փոխարեն ներսի խնդիրներ է լուծում, մյուսները ինտրիգներ են փնտրում սովորական մեծամասնության եւ այլընտրանք-մեծամասնության ներսերում: Մյուս կողմից` հասարակության ուշադրությունը կենտրոնացած է Լիցկայի եւ Բուդաղյանների շուրջը տեղի ուենցողին, եւ առհասարակ, ամռան ծույլ շոգին մտածող հանրության համար խթանիչների պակաս չկա, այնպես որ` եթե փող չկա ամառային հանգիստ կազմակերպելու, գոնե մերձքաղաքական շրջանակները զվարճանքի ու թեմայի պակաս չեն թողնում:
Թիվ մեկ խթանիչն, իհարկե, քաղաքականությունից դուրս է` «Ոսկե ծիրանը»: Տարիներ քննադատում էին այս կինոփառատոնը, թերություններ փնտրում ամեն ինչի մեջ: Դե, հասկանալի է, գործ անելը միշտ էլ դժվար է դատարկ խոսելուց` թերություններնՙ անպակաս, իսկ ահա երբ Շառլն ու Փելեշյանը գնահատեցին փառատոնը եւ պատվեցին իրենց ներկայությամբ, այժմ արդեն նախկին քննադատողներին մնում է ջատագովությամբ կազմակերպիչներից առաջ անցնել ու լուսանկարվել մեծությունների հետ ու «Ոսկե ծիրանն» էլ գովել: Դե, գիտեք, հաղթողին չեն դատում, կինոփառատոնը կայացել է, անցել դժվարություններով, եւ հիմա կարող է Հայաստանը ճանաչելի դարձնելու ատրիբուտներից մեկը լինել: Համենայն դեպս` անցյալում էլ համաշխարհային հայտնի անուններ էին մասնակցել փառատոնին, սակայն մեր Շառլն ու Փելեշյանը ազնվականության ու մշտականության երանգով օժտեցին «Ոսկե ծիրանը»:
Հանրության երկրորդ խթանիչը, որքան էլ զարմանալի, էլի քաղաքականության հետ կապ չունի` Հենրիխ Մխիթարյանն է, որի հետ կապված համացանցում պարզապես հենոմանիա է սկսվել: Ու նրա` «Բորուսիային» անդամագրվելուց հետո վախենամ նրա շուրջը հետաքրքրությունն ավելի ու ավելի աճեց` ո՞նց ժպտաց, ի՞նչ ասաց, ի՞նչ գրեց նրա մասին այս կամ այն լրատվամիջոցը: Այս օրերին գրել նրա մասին, նշանակում էՙ հավաքել համացանցի բոլոր «լայքերի» մեծ մասը: Ու մի մարդ չկա, անգամ ֆուտբոլից հեռու մարդը, որ Մխիթարյանի ֆոտոյին նայելիս հաճելի զգացումով չպարուրովի: Ու Մխիթարյանը բոլոր հայերիս` իրեն ուղղված էներգիան արժանի է ստանալու:
Ահա մի մարդ, որ կարող է երկիր ներկայացնել: Մնում է պարզել` հիմա ազգովին ցավելու ենք «Բորուսիայի՞» համար:
Այս երկու խթանիչներից հետո միայն անցնենք քաղաքական դաշտի խթանիչներին: Հանրությունը սպասում էր, թե նախագահ Սարգսյանն ինչ է անելու ՀՀԿ-ի գլխին` Ազգային ժողովում ՎՊ հաշվետվության ներկայացման ընթացքում պահվածքի համար: Սակայն հանրությունը մնաց ենթադրությունների եւ արտահոսքերի հույսին, քանի որ չիմացվեց` ի՞նչ են խոսել ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անցած ուրբաթ: Արտահոսքերը ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի ներսի խնդիրներին շարունակվում է ցախ լցվել, ու որ արդեն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին դիմակայության նոր ռաունդ է լինելու: Վկա` վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նախարարների ելույթները եւ Հովիկ Աբրահամյանի ազատ-անկաշկանդ ճեպազրույցը գործադիր մարմնի նիստից հետո. վերջինս առիթը հավանաբար նիստում էր ստացել:
Սակայն այդ բոլոր խթանիչներին չի հասնի այն մեկը, որ «պարգեւեց» Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն անցած շաբաթ ադրբեջանամետ ելույթ ունենալով հայոց խորհրդարանում ու դրանով հրահրելով մեր դիպվածից դիպված հայրենասեր շրջանակների բուռն հակազդեցությունը: Միջազգային շրջանակներում կատարվածի ռեզոնանսը շարունակվում է, ու անգամ հայկական մամուլում սույն Աուերելիայի հետ հարցազրույց կա: Չենք պատմի հետզարգացումները` մեր ՄԻՊ-ի հեռախոսազրույց Մոլդովայի ՄԻՊ-ի հետ, վերջինիս հավաստումը, թե մեր տեսակետը չէ եւ այլն, կամ Աուրելիայի պահվածքի քննարկման հեռանկարը Մոլդովայի խորհրդարանում, սրանք չէ, որ մեզ համար էական են: Կարեւորն այստեղ այլ բան է. վերջին դեպքը վկայում է, որ մերոնք ծուլորեն եւ ոչ կոմպետենտ են աշխատում. հեր օրհնած` եթե այլ աղբյուրներից դժվարանում եք կամ չեք կարողանում օգտվել, խնդրեմ, Google-ն, մինչեւ մեկին հրավիրելը թեկուզ գրեք նրա անունը` այնքան ինֆորմացիա կբացի, ինչպես սույն տիկին Աուրելիայի` Բաքվի վոյաժների մասին դեպքից հետո ամենապրիմիտիվ եղանակով ինֆորնմացիա պեղեցին: Բա ինչո՞ւ չեք արել: Մերոնք ուղղակի ալարում են գործ անել, ավելի լավ է քյաբաբ ծամեն ու Վարդավառ կազմակերպեն` դույլեր տրամադրելով, դրա համար մեծ խելք հո չի պահանջվում, մարդիկ էլ իրար վրա ջուր կլցնեն ու գոնե մի օրով կմոռանան պրոբլեմները: Իսկ թե ո՞ւմ են հրավիրում էս ու էն համաժողովին կամ թե ինչու միջազգային երեւանյան համաժողովում այդ նույն թեմայով («Մարդու իրավունքների պաշտպանության հարցը սառեցված հակամարտությունների գոտում) ելույթ մերոնք չէին պատրաստել` հայտի չէ, փոխարենը տեսական դասախոսություններ` որքան ուզեք հնչեցին: Կամ` եթե եվրոպաներում խավիարն ավելի մեծ դեր է ստացել, եթե ա՛յդ մեթոդն է աշխատում աշխարհում` մենք ինչո՞ւ իրենց մեթոդներով իրենց դեմ չպիտի կռվենք: Դե, ասենք, մի տասն օլիգարխի յուրաքանչյուրին կցում ես այլազգի մեկ հանրահայտ լոբբիստի` տարեկան ասենք 200 հազար դոլարով, տեսեքՙ ոնց է թեժանում եվրոպական կառույցներում հայկական լոբբիինգը, ու ադրբեջանական լոբբիստներն ինչպե՞ս են մատ լինում: Ու այդպիսի գործունեությունը մեր օլիգարխներին ավելի շատ պլյուս կբերի, քան եկեղեցու կառուցումը:
Ամառվա մյուս խթանիչը գլխավոր դատախազի հայտարարությունն էր Հայոց ցեղասպանության հետ կապված իրավաբանների համաժողովում, թե Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն էլ պետք է վերադարձվեն եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերը Թուրքիայում, եւ առհասարակ` ՀՀ-ն պետք է հետ ստանա կորցրած տարածքները, ու մեր այս բոլոր պահանջները պետք է այնպիսի իրավական հիմնավորում ունենան, որ դրանք չկատարելն անհնար լինի: Մենք փաստորեն Թուրքիայից տարածքային պահանջներ ունենք, ու դա մեր արտգործնախարարը չգիտես ինչու չի բարձրաձայնում, կամ միգուցե գլխավոր դատախազն է շուտով արտգործնախարար դառնալու, չգիտենք: Է, որ հային չեն շոյում տարածքային եւ մյուս պահանջները, հիմա դա դարձնում ենք արտաքին քաղաքականության գերակայությո՞ւն:
Դե իսկ բոլորը` քաղաքական, ոչ քաղաքական, վերլուծաբան, ոչ վերլուծաբան, ձեռնամուխ են եղել «Եվրոմիություն, թե Եվրասիական միություն» արհեստական հարցադրման քննարկմանը, սա ոնց որ մոտակա շատ ամիսների խթանիչն է լինելու: Չգիտես ինչու` բոլորին թվում է, որ Հայաստանն այնքան կարեւոր երկիր է, որ նրան անընդհատ «կամ-կամ» են առաջարկում` Հայաստանի առաջարկած «եւ-եւ»-ի փոխարեն, ու որ ճանապարհն էլ ընտրի` աշխարհի վերջի սկիզբն է Հայաստանի համար: Եվ հարցնում են պատեթիկ` աստված իմ, ինչպես կարելի է եվրոինտեգրման առաջնայնություն որդեգրել` մնալով ՀԱՊԿ-ի անդամ: Ու անգամ կանխատեսում են` աշնանը այս դժվարին եւ երկակի վիճակից դուրս գալու համար, Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից առաջ Հայաստանում հրահրվելու է, ոչ ավել, ոչ պակաս, ներքաղական ճգնաժամ ռուսամետ ուժերի կատարմամբ եւ վերեւների գիտությամբ: Դե հո ներքաղաքական ճգնաժամի ժամանակ հնարավոր չէ՞ Ասոցացման պայմանագիր ստորագրել` նախագահը ստիպված կլինի խնդրել հետաձգել պայմանագրի ստորագրման հարցը: Ձեռքի հետ էլ կլուծվի իշխանության ներսի դիմակայությունը` ուժերից մեկի պարտությամբ: Բա:
Կարելի է հավասարապես տխրել ե՛ւ թեմայի վրա նետված դիլետանտների, ե՛ւ մասնագետ-շահառուների, եւ շառլատանների պահվածքից` Հայաստանի կողմից առաջինը պատերազմ սկսելու 7 պատճառ թվողներից սկսած եւ ուղղակի նյութ գրելու համար թեման ծռմռողներով վերջացրած, քանի որ պատերազմը խաղալիք չէ, ու ով գոնե մեկ շաբաթ պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններում, սրտծակոց է ունենում այս մտավարժանքներից: Ու Հայաստանի ընտրությանն էլ պետք չէ այդպես պրիմիտիվ պատկերացնել` դեռ շատ ջրեր կհոսեն եւ միշտ էլ շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ:
Հիմա որ Եվրոպական միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն է գալիս Հայաստան, ու ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հավաստմամբ` Ասոցացման համաձայնագրի եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի վերջին դետալները ճշտելու է գալիս` այս մի թեման հաստատ մի երկու շաբաթ խթանիչ կլինի, մինչեւ հասնենք օգոստոսի մեռյալ շոգին, երբ եւ «կամ-կամը» ու «եւ-եւը» հավասարպես կմոռացվեն… գոնե մեկ ամիս: Գոնե մեկ ամիս չեն լինի այն մտավարժանքները, թե Մաքսային միությանը որ անդամակցենք` գազն էժան կլինի, Ռուսաստանի տնտեսական ճնշումներից կազատվենք, կամ Եվրոմիությանը որ անդամակցենք` օլիգարխներից կազատվենք: Մինչեւ հասնի «ամեն ինչի ժամանակը»:
Հ.Գ. – Սուրիկ Խաչատրյանի ժամանակներն իսկապես ավարտվեցին, եւ դա տեղի ունեցավ անցած ուրբաթ, երբ Վահե Հակոբյանին ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետի թեկնածու առաջադրեց: Չնայած` ի՞նչ տարբերություն, կհարցնի հայ մարդը, մի փողատիրոջը երբ փոխում են մյուսով, դրանից հասարակ սյունեցու վիճակը կլավանա՞: Բայց դե` անշուշտ լավ է, որ մի անպատժելիի ժամանակը վերջացավ: