Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐԸ ՄԵՂՐԻՈՒՄ Է

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», juillet 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Հայաստանի քարտեզի վրա Մեղրին կարծես մեկուսի կետ լինի երկրի ծայր հարավում: Երեւանից 376 կմ հեռու գտնվող քաղաքը երկրի ամենատաք վայրն է եւ փռված է Արաքսի մոտ, Իրանի դիմաց: Այդ չորային լեռնաշղթաների արանքում ժամանակն ասես կանգ է առել:

Նախիջեւանի եւ Արցախի միջեւ ընկած Զանգեզուրը հայ ազգայնականության ամրոց է: Այս լեռներում Դավիթ-Բեկը մարտնչել էր պարսիկների դեմ, իսկ Գարեգին Նժդեհը ապաստան էր գտել Հայաստանի կարճակյաց առաջին հանրապետության օրոք բոլշեւիկների դեմ պայքարելիս: Խորհրդայնացումից առաջ եւ հետո Բաքվի եւ Երեւանի վիճարկած հույժ ռազմավարական այս հողատարածքը այսօր ուշադրության կենտրոնում է Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման մեռելածին նախագծի հրապարակումից եւ Հայաստանի հարավը իրանցի ազերիների ոչխարների արոտավայր դարձնելու բանակցությունների ձեռնարկումից հետո:

Դեպի հարավ տանող դժվարին ճամփան

Երեւանից Մեղրի տանող ճանապարհը երկար է, փորձություններով լի եւ նույնիսկ վտանգավոր: Ցերեկային ժամերին բազմաթիվ իրանական բեռնատարներ բավական վտանգավոր ճամփորդություն են կատարում վատ եղանակի պայմաններում, արագ սլանալով անմխիթար վիճակում գտնվող ասֆալտի վրայով: Կարելի է հեշտությամբ պատկերացնել, թե այդ հոգնաբեկ վարորդներն ինչպես են հանգստանում ճամփեզրին թառած, պարսկերեն ճչացող անվանումներ կրող մի քանի սրճարաններում ու պարասրահներում: Սիսիանը, Շաքիի վեհատեսիլ ջրվեժը, Գորիսը, ապա Կապանը անցնելուց հետո Սյունիքում ճամփորդության վերջին փուլը, անկասկած, ամենազարմանալին է: Կապանից հարավ կանաչ անտառների միջով անցնող նոր մայրուղին ընտրելը լավ միջոց է խուսափելու իրանական բեռնատարներից, որոնք նախընտրում են նվազ թվով ոլորաններ ունեցող Քաջարանի ճանապարհը:

Մեղրիի ճանապարհի մոտ գտնվող Շիկահողի բնական արգելոցն ունի հեքիաթային տեսարան: Այնտեղ մուտք գործելը դժվար է, քանի որ գտնվում է 1660 մետր բարձրության վրա: Ջուրն այնտեղ հորդառատ է, իսկ կանաչի երանգներըՙ անսահմանորեն հարուստ: Հայաստանի բնապահպանները պաշտպանում են տեղանքը: Ուղին մեզ թվում է անվերջանալի: Ծառերը վաղուց իրենց տեղը զիջել են քարերին: Կիրճերի միջեւ ընկած վերջին վայրէջքը, որտեղ հորիզոնում առերեւույթ անկենդան լուսնային բնապատկերներ են տարածվում, ներշնչանքի աղբյուր է եղել բանաստեղծ Համո Սահյանի համար:

Վեհատեսիլ մաքրություն ունեցող այդ ընդարձակ տարածքը վայրի է եւ զերծ ամեն մի սահմանափակումից: Հեշտությամբ մոռանում ենք, թե տարածաշրջանը որքան է կտրատվել ու վերաձեւվել սղոցանման սահմանների պատճառով: Նաեւ դժվար է մտածել սարերի լռությունը քանիցս խախտած թնդանոթային որոտների մասին: Նախիջեւանը հեռու չէ. եթե հայկական ուժերը այն վերագրաված լինեին, Երեւանից Մեղրի հասնելը կտեւեր ընդամենը երկուսուկես ժամ:

Վայրէջքը շարունակվում է: Տեսնում ենք մի ամայացած գյուղ: Էլեկտրականություն չունեցող քարաշեն պարզ տներ, լքված եկեղեցի. մեղմ քամին է փչում լեռնային արոտավայր դարձած այս աներեւակայելի եւ մտահոգիչ տեղանքում: Ավելի ուշ ես կիմանամ, որ դա նախկին Շվանիձոր գյուղն է. որ գտնվում է մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

Երեկոյան արեւը պակաս ագրեսիվ է, վխտացող օձերը գրեթե չեն երեւում, եւ առավել բախտավոր անցորդները հնարավորություն ունեն տեսնելու լեռնագագաթներին կանգնած մի քանի քարայծեր: Այս ճանապարհով անցնող ավտոմեքենաները հազվագյուտ են: Մինչ վայրէջքը շարունակվում է, պատրանք է հայտնվում, թե շուտով կհասնենք ծովին: Մոռանում ենք, որ հայոց երկրում ծով այլեւս գոյություն չունի: Արեւոտ ու զգայական Միջերկրական ծովի պատրանքը անհետանում է, երբ առջեւում երեւում է Արաքսի հովիտը: Փշալարերի հետեւում գետն է տանում իր ցեխոտ ջրերը: Փշալարերի այն կողմում Իրանի Իսլամական Հանրապետության մի մռայլ եւ ոչ այնքան տպավորիչ բնապատկեր է: Կապույտ մինարեթները մատնում են բեժ քարերով մի գյուղի առկայությունը, եւ մենք ջանում ենք լուսանկարել այն, թեեւ գիտենք սահմանի լուսանկարման արգելքի մասին: Ծովի բացակայության պայմաններում մեղմ լույս է անձրեւում: Մեղրին արդեն շատ մոտիկ է. դա կանաչ գոգահովիտ է չորային լեռների մեջտեղում:

Դրախտի անկյուն Իրանի սահմանի մոտ

Իրանական դրոշը ծածանվում է մյուս ափինՙ ռուս (կամ գուցե հա՞յ) զինվորների դիտաշտարակների դիմաց: Մեր առջեւ հառնում է մեկ ուրիշ Հայաստան: Վերեւից քաղաքին հսկող Մեղրիի հին ամրոցից (վերակառուցված է 18-րդ դարում) պարզ երեւում են եկեղեցիների գմբեթները, որոնք ինչ-որ չափով հիշեցնում են Իրանում գտնվող Նոր Ջուղայի գմբեթները: Տապի պատճառով առկա է Արեւելքի մի կանխազգացողություն: Կողմնորոշիչները խառնվում են. մենք Կովկասի սահմանագծին ենքՙ ռուսաց Հայաստանի եւ պարսից Հայաստանի միջեւ: Մերթ ընդ մերթ թվում է, թե Կիլիկիայի Քեսաբ գյուղում ենք: Քաղաքը կամ, ավելի շուտ, օազիսը սեյսմիկ տարածքի վրա է: Ծովի մակերեւույթից 600 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրը շռայլորեն փոխհատուցում է խոնջացած ճանապարհորդին: Անվանադիր գետի ջրերով ոռոգվող Մեղրին ունի բացառիկ արեւափայլք, տաք կլիմա, որը չափավորվում է մեղմ ձմեռներով: Այստեղ կարծես թե աճում է ամեն ինչ: Կիտրոնից, նարնջից, մանդարինից եւ ելակից հրաշալի մուրաբաներ են պատրաստում: Հայտնի են նաեւ կիվին եւ մանավանդ նուռը, որի համը գնահատվում է ամբողջ երկրում: Մոտ 5 հազար բնակիչ ունեցող Մեղրին նման է աղմուկից ու մոլեգնությունից հեռու քնած խաղաղ արվարձանի: Քաղաքի քարաշեն տներով փողոցներում մեծ թիվ են կազմում շիկահեր եւ բաց գույնի աչքերով երեխաները: Հայացքների անմեղությունը հաստատում է համաշխարհայնացումից զերծ մնացած եդեմական անկյան գաղափարը: Այդուհանդերձ «Լադաներն» աստիճանաբար անհետանում ենՙ իրենց տեղը զիջելով «Մերսեդեսներին»:

Նախկին ԽՍՀՄ սահմանի մոտ գտնվող Մեղրին եւ շրջանը երկար ժամանակ փակ էին օտարերկրացիների առջեւ: Խորհրդային քաղաքացիները պարտավոր էին իրենց բարեհուսությունը ցույց տալ այնտեղ ապրող բարեկամին կամ ազգականին այցելելու համար: Մեզ հյուրընկալող Միշա Ազարյանը խաղաղ ապրում է իր կյանքը: Միայն Աստծուն է հայտնի, թե 1990-ականների առաջին կեսի մութ տարիները որքան տառապանքներ են պատճառել նրան եւ յուրայիններին: Նա հիշում է ադրբեջանցի հայախոս գյուղացիներին, որոնք մինչեւ 1988 թվականը ապրում էին Մեղրիի բարձունքներում: «Նրանք ոչխարների հոտեր էին պահում եւ շատ զավակներ ունենում: Նման աճի պայմաններում նրանք կգրավեին Զանգեզուրը: Նրանք հապճեպորեն հեռացան: Իրենց հետ հակամարտություն չունեինք, բայց երբեք մտքներովս չէր անցել նրանց հետ խառնվել»: Նա անուշաբույր վարդերով երիզված իր պարտեզում կատարյալ տաշվածքով եւ ակնհայտորեն լավորակ փայտերի կույտ է սարքել: Հարցնում եմ, թե որտեղից են այդ փայտիկները:

– Այս փայտը Երեւան-Նախիջեւան-Բաքու նախկին երկաթուղագծից է: Պատերազմը սկսվելուց ի վեր ոչ մի գնացք չի անցնում այստեղով…

– Իսկ իրանցինե՞րը: Կապեր ունե՞ք նրանց հետ:

– Նրանք մեր մոտով չեն անցնում: Նրանց բեռնատարներն ուրիշ ճանապարհ են ընտրում: Սովորաբար ոչ մի իրանցի ոտք չի դնում Մեղրի: Իրանցիներն այստեղ լավ համբավ չունեն, սակայն պետք է խոստովանեմ, որ մենք նրանց շատ ենք պարտական: Ինչպե՞ս մոռանանք մութ տարիների ամենավատ պահին նրանց մեկնած ձեռքը. նրանք միակն էին, երբ այստեղ սով էր: Բոլոր սահմանները փակ էին: Ես դա չեմ կարող մոռանալ:

Միշան հուզված է: Գուցե պատճառը այն մի քանի բաժակ կոնյակն է, որ ինքը հրամցրեց նոր հիպպիական կերպարանքով երիտասարդ գերմանացի հյուրին, որը հեծանվով շրջում է Ասիայում: Նա ակնհայտորեն ուրախ է, որ կարող է մեզ հետ անկեղծ խոսել: Նրան լսելիս ջանում եմ պատկերացնել Հայաստանի նորագույն պատմության ամենածանր պահերին երկրային դրախտի այս անկյանը պատուհասած թշվառությունը:

Ճարտարապետական մեծաքանակ գանձեր

Աշխարհագրական մեկուսացվածության պատճառով Մեղրին ընդունում է սակավաթիվ զբոսաշրջիկների: Վերջիններս սովորաբար կանգ են առնում Գորիսում, որպեսզի իրենց ճամփան շարունակեն դեպի Արցախ: Միշան ինձ պատմում է իր հյուրերի մասին. նրանց մեծ մասը Երեւանում պաշտոնավարող արեւմուտքցի դիվանագետներ են, որոնք, անձնագրերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այցագիր չունենալով, նախընտրում են այցելել Հայաստանի ծայրագույն հարավ: Այլ կարգի հաճախորդներ են ուսապարկերով Իրանում տեղաշարժվող փողազուրկ ճանապարհորդները: «Հայաստան հասնելուց հետո նրանք մտածում են միայն գարեջուր խմելու մասին», ժպտում է Միշան:

Սահմանադուռ լինելուց բացիՙ Մեղրին հայտնի է նաեւ ճարտարապետական գանձերով: 17-րդ դարում կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին քաղաքի կենտրոնում է, Սուրբ Սարգիս նախկին մենաստանը (նմանապես 17-րդ դար) իր շլացուցիչ որմնանկարներով հանդերձ գտնվում է կից հարթավայրում, որտեղ հին Մեղրին է կամ, ինչպես սովորաբար ասում են, Փոքր թաղը: Փայտաշեն պատշգամբներով հին քարե տների մեծամասնությունը կառուցված է 19-րդ դարում: Որոշ տներ վերականգնված են եւ ունեն փարթամ պարտեզներ: Սալմաստ գավառում ծնված գրող Րաֆֆին դեպի Թիֆլիս ճամփորդելիս որոշ ժամանակ դասավանդել է Սուրբ Սարգիս մենաստանում:

Կարճեւան. Մեղրի բարբառի որոնումներ

Հայաստանի մնացյալ մասից մեկուսացած Մեղրիի շրջանը յուրահատուկ է նաեւ իր բարբառով, որը տարբեր է Գորիսի ու Կապանի բարբառներից եւ նույնքան անմատչելի, որքան Մուսա լեռանը: Մեզ տալիս են Մեղրիի հյուսիս-արեւմուտքումՙ Ագարակի բարձունքին «թառած» Կարճեւան գյուղի անունը, որտեղ, ասում են, ոչ ոք չի խոսում սովորական հայերեն: Մինչեւ Երեւան ճանապարհը երկար է: Ի՞նչ փույթ. հարկավոր է այցելել: Փշալարերի երկայնքով անցնող Ագարակի ճանապարհին հանդիպում ենք հայկական բանակի մի գեր սպայի, որի ճակատից քրտինք է ծորում: «Արաքսում ձուկ որսալու համար ի՞նչ պետք է անել», հարցնում եմ ես: «Սահմանապահներից սովորական թույլտվություն ստանալը բավարար կլիներ», պատասխանում է նա: Դիմացի ափին իրանցի (կամ գուցե ազերի՞) գեղջուկները խաղաղ մշակում են իրենց հողակտորները:

– Այստեղ զինվորները շա՞տ են:

– Շատ-շատ: Ադրբեջանն այստեղից երկու քայլի վրա է:

– Ուզում եք ասելՙ Նախիջեւա՞նը:

– Այո: Պետք է այն ազատագրած լինեինք. դա կհեշտացներ մեր կյանքը:

– Դուք շփումներ ունե՞ք իրանցի սահմանապահների հետ: Ուզում եմ ասելՙ կա՞ արդյոք թմրադեղի խնդիր:

– Ոչ: Փառք Աստծո, այդ աղետը շրջանցել է մեզ: Թմրադեղերն անցնում են Ադրբեջանով եւ Թուրքիայով:

Դպրոցըՙ Հայաստան-սփյուռք կամուրջ

Խճաքարային ճանապարհով մի քանի կիլոմետր անցնում ենք չորային լանջով եւ հայտնաբերում սարերում ննջող մի գյուղ: Ամայի հրապարակի նստարանին նստած երկու ծերունիները մեզ ցույց են տալիս գյուղխորհուրդը, որտեղ դպրոցն է:

Պարապմունքների օր է: Երեք տասնյակ դպրոցականները եւ նրանց ուսուցիչները զարմացած են մեր անսպասելի ներխուժումից: Հայացքներն աշխույժ են, ուսուցչուհիներըՙ հմայիչ, բանավոր խոսքում բարբառի հետք անգամ չկա: Հարկ կլինի սպասել մանկավարժական կազմի համախմբմանը: Դպրոցը իրարանցման մեջ է: Կանխասահմանված մի անձնավորության սպասումով մենք զրուցում ենք հանգստի սենյակում: Անսպասելի հանգուցալուծում. երկարատեւ սպասումից հետո դուռը բացվում է, հայտնվում է նրբաճաշակ հագնված մի տիկին: «Դե, այդ ի՞նձ եք փնտրում», հարցնում է նախկին տնօրենուհի Մելինե Գեւորգյանը, որի 73 տարիները աննկատելի են: Մեղմ հայացքով եռանդուն կինը սրամտելով դիմում է ներկաներից յուրաքանչյուրին. «Տեսքս երիտասարդ է, այնպես չէ՞: Ոչ միայն սարերի օդը, այլեւ մեր լեզվի հանդեպ իմ սերն է ինձ պահում»: Հետո, իմանալով սենյակում մի «արեւմտահայի» ներկայության մասին, նա արտասանում է Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները (խոստովանելով արդի հայերենի այդ տարբերակի նկատմամբ իր հակումը) եւ ջերմ ձայնով երգում է «Կիլիկիան»: Ես փշաքաղվում եմՙ լսելով եւ տեսնելով նրա երգեցողությունը Արեւելյան Հայաստանի այս փոքրիկ ու հեռավոր անկյունում: «Գիտե՞ս, կարդացել եմ Շահնուր: Նրա «Նահանջը առանց երգի» վեպը մի գլուխգործոց է: Այն ընթերցելուց հետո ես հասկացա, թե ինչ էր նշանակում հայ լինել սփյուռքում», ասում է նա:

Եթե նկատի ունենանք գյուղի մտավորականների աշխուժությունն ու տաղանդը, նրանք իրենց լավ են զգում: Նրանք հպարտ են իրենց հողով. ժամանակին տեղացիները հանդիսավոր ընդունելություն էին ցույց տվել Գարեգին Նժդեհին դեպի Իրան նրա նահանջի պահին: Մենք կարող էինք մի ամբողջ շաբաթ մնալ նրանց կողքին: Ավա՜ղ, ուշ է. մենք պիտի վերադառնանք: Առկա է լուսանկարչական սարքի առջեւ վերջին անգամ կեցվածք ընդունելու, վերջին անգամ ժպտալու թախիծը: Մենք կրկին ճանապարհ ենք ընկնումՙ քարերն ունենալով իբրեւ ուղեկիցներ: Դեմքերիս ստացել ենք «քնքշանքի հարված»: Խորհում եմ շվեյցարացի գրող եւ մեծ ճանապարհորդ Նիկոլա Բուվյեի նշանավոր արտահայտության մասին. «Ոմանք կարծում են, թե իրենք են ճամփորդություն կատարում. իրականում ճամփորդությունն է, որ ստեղծում կամ քանդում է մեզ»:

Նկար 1. Արաքսը

Նկար 2. Մեղրի

Նկար 3. Շվանիձոր

Նկար 4. Սահման

Նկար 5. Կարճեւանում, կենտրոնում Մելինե Գեւորգյանն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՈՒՃԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ՍԿՍՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԱՅԻՆ» ՇԱԲԱԹԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԿՍՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԱՅԻՆ» ՇԱԲԱԹԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական