Պարոն Երվանդ Ազատյան, իրերին պետք է նայել շատ պարզ ու գլոբալ: Հիմա Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, որոշ ժամանակ անց Ադրբեջանը պետք է հարձակվի Հայաստանի վրա, եւ Հայաստանն էլ պետք է աղերսի Ռուսաստանինՙ իրեն ազատել բնաջնջումից: Եվ Ռուսաստանը պետք է «դժվարությամբ» համաձայնվի դրան, փոխարենը կամ արդեն հայաթափված ու հայաբնաջնջված Հայաստանը միացնելով իրեն ու հայտարարելով իր մի նահանգ, կամ էլ այնպիսի «ծախսերի հաշիվ» ներկայացնելով, որ Հայաստանը ոչ միայն իր, այլ նաեւ պապերի հայրենիքն ու հողերն էլ վաճառելով դուրս չի գա դրա տակից: Ռուսները անվճար այսքան ժամանակ ոչինչ չեն արել, ամենավառ վկայությունը «Գույք պարտքի դիմաց» գործարքն է: Սկզբում իրենց հովանավորությամբ կոռուպցիան ու ավազակապետությունը տիրեցրին Հայաստանում, միջնորդված ձեւով թալանեցրին գործարաններն ու գույքը, ապա պարտքի դիմաց վերցրեցին դրանք: Այսօր նրանցն են թե՛ կապի միջոցը, թե՛ հոսանքը, թե՛ գազը, թե՛ Հայաստանի բազմաթիվ տնտեսություններ: Լուծում է պետք գտնել այս վիճակում, իսկ այս վիճակը ռուսներն են արել դեռ 20-րդ դարի սկզբում, Հայաստանը կտրելով ծովից: Տղամարդ եք, լուծում գտեք:
* Սույն արձագանքի առիթը Ե. Ազատյանի «Բարեկա՞մ, թե՞ թշնամի» վերնագրով հոդվածն է, տպագրված հուլիսի 3-ի համարում: