ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր ցուցակում Լեւոն Արոնյանը պահպանել է իր վարկանիշը (2813) եւ շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Իսկ ահա դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2862): Մեծ առաջընթաց է ունեցել իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը վարկանիշն ավելացրել է 22-ով (2796) եւ 9-րդ տեղից տեղափոխվել է 3-րդ հորիզոնական: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկը 19-ով նվազեցնելով վարկանիշը (2784), նահանջել է 4-րդ հորիզոնական: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ալեքսանդր Գրիշչուկը (2780), Սերգեյ Կարյակինը (2776), Հիկարու Նակամուրան (2775), Վիշվանաթան Անանդը (2775), Բորիս Գելֆանդը (2773) եւ Վեսելին Թոփալովը (2767):
100 լավագույն շախմատիստների ցանկում տեղ են զբաղեցրել եւս 5 հայ շախմատիստներ: Սերգեյ Մովսիսյանը (2699, 49-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (2691, 56-րդ տեղ) եւ Գաբրիել Սարգսյանը (2671, 72-րդ տեղ) պահպանել են իրենց վարկանիշները: Իսկ ահա Տիգրան Պետրոսյանը 2660 վարկանիշով ընդգրկվել է 100 ուժեղագույնների ցանկումՙ զբաղեցնելով 85-րդ տեղը: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 2655 վարկանիշով պահպանել է տեղը 97-րդ հորիզոնականում:
Կանանց դասակարգման ցուցակը գլխավորում է Հուդիթ Պոլգարը (2696): Լավագույն տասնյակում են նաեւ Համպի Կոներուն (2607), Հոու Յիֆանը (2600), Աննա Մուզիչուկը (2594), Նանա Ձագնիձեն (2558), Չժաո Սյուեն (2553), Կատերինա Լահնոն (2542), Ցզյույ Վենցզյունը (2531), Նադեժդա Կոսինցեւան (2531) եւ Տատյանա Կոսինցեւան (2528):
Ցուցակում Հայաստանը ներկայացնում են 29-րդ տեղում գտնվող Էլինա Դանիելյանը (2470) եւ 33-րդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մկրտչյանը (2454): Էլինան նախորդ ամսվա համեմատ վարկանիշը նվազեցրել է 5-ով: Լիլիթն էլ 12-ով է նվազեցրել վարկանիշը:
Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ երկրների ցանկում իր միջին վարկանիշով (2659) 4-րդ տեղում է: Առջեւում են Ռուսաստանը (2747), Ուկրաինան (2700) եւ Չինաստանը (2665): Լավագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիան (2657), ԱՄՆ-ը (2655), Հունգարիան (2655), Հոլանդիան (2636), Հնդկաստանը (2634) եւ Լեհաստանը (2625): Ադրբեջանը 2622 գործակցով 11-րդ տեղում է, Վրաստանը զբաղեցնում է 15-րդ տեղը (2590):