Ռ. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս
Լ. Ա. ԹԱՎԱԴՅԱՆ, ՀՀ ԳԱԱ քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
Լրանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր, ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտական մտավորականության ճանաչված ներկայացուցիչ Արամ Արտաշեսի Շահինյանի ծննդյան 75-ամյակը:
Ավարտելով Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետեւ ԽՍՀՄ ԳԱ-ի ակադեմիկոս Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, աշակերտելով մեծանուն քիմիկոս, ակադեմիկոս Ն. Ս. Ենիկոլոպովին` նա ձեւավորվեց որպես լայն հետաքրքրությունների տեր գիտնական, որը հետագայում իր գիտելիքներն ու փորձը ներդրեց Հայաստանում գիտական նոր ուղղությունների ստեղծման եւ զարգացման գործում: Աշխատելով մասնագիտությունների հանգուցակետում` նա մեծ ներդրում ունեցավ ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության հարակից մի շարք կարեւոր պրոբլեմների լուծման մեջ, որոնցում նա սկզբնավորել եւ զարգացրել է գիտական նոր ուղղություններ:
Պոլիմերման պրոցեսների կինետիկայի բնագավառում Ա. Շահինյանը իր ավանդն ունեցավ իոնական հետերոշղթայական պոլիմերների առաջացման մեխանիզմների եւ հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման մեջ: Նրա աշխատանքներում, որոնք կատարվել են պրոֆ. Վ. Վ. Իվանովի հետ համատեղ, բացահայտվել է խզման միջոցով շղթայի փոխանցման նոր տարրական ռեակցիայի պայմաններում առաջացող պոլիմերի մոլեկուլազանգվածային բաշխման տեսությունը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ալ. Ալ. Բեռլինի բնորոշմամբ, այս բնագավառում «Ա. Ա. Շահինյանի ստացած արդյունքները դարձան դասական եւ օգնեցին ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն»:
Այս աշխատանքները ամփոփվեցին եւ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում պաշտպանվեցին թեկնածուական ատենախոսության ձեւով:
Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի եւ էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Ա. Շահինյանը (պրոֆ. Լ. Մելքոնյանի մասնակցությամբ) մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի եւ հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Ցույց է տրվել, որ էմուլսիոն պոլիմերման ընթացքում կարելի է հասնել սինթեզվող պոլիմերների ցանկալի հատկությունների` ազդելով համակարգի կառուցվածքի վրա: Այդ աշխատանքները ամփոփվել են Ա. Շահինյանի «Իոնական միցելների կառուցվածքների դերը էմուլսիայում մակրոմոլեկուլների ձեւավորման մեխանիզմներում» գրքում (1985թ.): Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Սինթետիկ պոլիմերային նյութերի» ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ն. Ս. Ենիկոլոպովի բնութագրմամբՙ «Ա. Ա. Շահինյանի առաջարկած պատկերացումները մակերեւութային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ թույլ են տալիս զարգացնել մի նոր գիտական ուղղություն, որը ներառում է ոչ միայն պոլիմերման պրոցեսները, այլեւ միցելային կատալիզը, հեղուկ բյուրեղները եւ այլն»:
Այս արդյունքները ամփոփվել են Ա. Շահինյանի կողմից ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանված քիմ. գիտ. դոկտորի եւ 5 թեկնածուական ատենախոսություններում:
Լիոտրոպ հեղուկ բյուրեղների քիմիայի եւ ֆիզիկայի ասպարեզում Ա. Շահինյանը առաջիններից մեկն էր, որ նախկին ԽՍՀՄ-ում սկսեց հիմնարար հետազոտություններ կատարել բնության մեջ լայն տարածում ունեցող լիոտրոպ հեղուկ բյուրեղների բնագավառում: Այդ համակարգերի կառուցվածքային նմանությունները միցելների եւ բջջային թաղանթների հետ թույլ տվեցին, որ Ա. Շահինյանի կողմից միցելային համակարգերի համար առաջարկված պատկերացումները եւ մոտեցումները օգտագործվեն նաեւ լիոտրոպ հեղուկ բյուրեղների ուսումնասիրության մեջ: Ցույց է տրվել, որ լիոտրոպ հեղուկ բյուրեղների մոլեկուլային եւ վերմոլեկուլային կառուցվածքների միջեւ գոյություն ունի որոշակի կորելյացիա, որը մեծ հնարավորություններ է ստեղծում լիոտրոպ հեղուկ բյուրեղների կիրառության նոր ոլորտներ բացահայտելու համար: Առաջին անգամ այս համակարգերը առաջարկվեցին որպես ճշգրիտ չափիչ սարքերի զգայուն տարրեր: Ստեղծվեցին սարքեր, որոնք կյանքի կոչվեցին եւ ցուցադրվեցին Լայպցիգի միջազգային տոնավաճառում: Ճանաչված գիտնական, Ռուսաստանի ԳԱ «Կրիստալոգրաֆիայի» ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Բ. Կ. Վայնշտեյնի գնահատմամբՙ «Ա. Ա. Շահինյանի կողմից ստեղծվել է լիոտրոպ հեղուկ բյուրեղների հիմնական կառուցվածքային միավորներում տեղի ունեցող կառուցվածքային ձեւափոխումների վերաբերյալ տեսություն եւ նրան կարելի է համարել Հայաստանում լիոտրոպ հեղուկ բյուրեղների քիմիայի եւ ֆիզիկայի գիտական ուղղության հիմնադիր»:
Այս բնագավառում ստացված արդյունքները ամփոփվեցին Ա. Շահինյանի կողմից ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում պաշտպանված ֆիզ.մաթ.գիտ. դոկտորի ատենախոսությունում, հետագայում եւս 2 դոկտորական, ինչպես նաեւ 5 թեկնածուական ատենախոսություններում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաշվողական ռեսուրսների թափ առնող զարգացումը եւ դրանց կիրառության հնարավորությունները տարբեր ոլորտներում, 1990-ական թվականի վերջերից գիտության եւ գիտելիքահենք տեխնոլոգիաների բնագավառում բերեցին որակապես մի նոր իրավիճակի, որը հիմք հանդիսացավ արձանագրելու, որ ոտք ենք դնում «21-րդ դարի գիտության» դարաշրջան: Բնական գիտությունների մասով այս նոր ուղղությամբ իր ծանրակշիռ մասնակցությունն է բերում նաեւ Ա. Շահինյանի ղեկավարած գիտական անձնակազմը:
Համակարգչային քիմիա եւ կենսաբանություն ուղղությունը Հայաստանում դեռեւս 2000 թվականից ակտիվորեն զարգանում է Ա. Շահինյանի ղեկավարությամբ: Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել են մոլեկուլային դինամիկայի եւ համակարգչային թաղանթաբանություն գիտական ուղղությունները` ընդգրկելով ֆոսֆոլիպիդային թաղանթների, միցելային լուծույթների եւ լիոտրոպ հեղուկ բյուրեղների հետազոտության ոլորտները: Հաշվողական ռեսուրսների օգտագործման շնորհիվ ստացվել են նորագույն գիտական արդյունքներ, որոնք հրատարակվել են աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում եւ մեծ հեղինակություն են վայելում: Ամերիկյան BioMedLab հետազոտությունների վարկանիշը գնահատող կազմակերպությունը Ա. Շահինյանի եւ նրա աշակերտների այս բնագավառ կատարած աշխատանքները դասել է նույն ոլորտի լավագույն աշխատանքների շարքին: Ստացված արդյունքները ամփոփվել են 5 թեկնածուական ատենախոսություններում:
Ներկայումս Ա. Շահինյանի ղեկավարությամբ գործող գիտական անձնակազմը իրականացնում է բնական գիտություններում բարձր արտադրողական հաշվողական ռեսուրսների օգտագործմամբ կատարվող աշխատանքներ` օգտվելով ինչպես «Հայ Գրիդի», այնպես էլ մի շարք այլ երկրներում գտնվող գերհամակարգիչների հնարավորություններից: Այս բնագավառում ձեռք բերված կարեւոր արդյունքների համար Ա. Շահինյանը իր աշակերտի հետ 2008թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:
Ա. Շահինյանի կողմից, ինչպես նաեւ իր գիտական ղեկավարությամբ եւ խորհրդատվությամբ պաշտպանվել են 4 դոկտորական եւ 16 թեկնածուական ատենախոսություններ:
Ա. Շահինյանը շուրջ 200 գիտական հոդվածների հեղինակ է: Նա հեղինակ է նաեւ 3 մենագրության, ինչպես նաեւ երեք գրքերի առանձին գլուխների, որոնք լույս են տեսել Nova Science Publishers, Inc.(ԱՄՆ) հրատարակչության կողմից:
Իր գիտական վաստակի համար Ա. Շահինյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից (2000 թ.), այնուհետեւՙ իսկական անդամ (2010 թ.): 2009 թ. նա արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման:
Ա. Շահինյանը մեծ դեր է կատարել նաեւ գիտության ոլորտը համակարգող օրենսդրական դաշտի ձեւավորման գործում: 1992-1999 թթ., լինելով ՀՀ գիտության եւ բարձրագույն կրթության (ապաՙ գիտության եւ կրթության) փոխնախարար, իսկ այնուհետեւ 1999-2011 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար, նա կարեւոր դերակատարում է ունեցել «ՀՀ գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» եւ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքների ստեղծման մեջ, որոնք թույլ են տվել սահմանել անկախ Հայաստանում գիտական կազմակերպությունների, այդ թվում եւ ՀՀ ԳԱԱ իրավական կարգավիճակը եւ գործունեության առանձնահատկությունները:
Ա. Շահինյանը զգալի ավանդ է ունեցել նաեւ գիտության բնագավառում միջպետական համագործակցության կայացման գործում: 1996-2007 թթ. նա եղել է Եվրոպական INTAS կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ. եղել է «Հայ-ռուսական (Սլավոնական)» համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ, եղել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) համակարգող խորհրդի անդամ եւ այլն:
Այժմ Ա. Շահինյանը իր գիտական գործունեությունն իրականացնում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում, իր ստեղծած «Կենսաինֆորմատիկայի» լաբորատորիայում: Նա ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում դասավանդում է կենսաինֆորմատիկա առարկան: Ա. Շահինյանը Հայաստանում առաջին էլեկտրոնային գիտական ամսագրի` «Բնական գիտություններ»-ի գլխավոր խմբագիրն է:
ՀՀ ԳԱԱ նախագահությունը, քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքը եւ հանրապետության ողջ գիտական հասարակությունը սրտանց եւ ջերմորեն շնորհավորում են Արամ Արտաշեսի Շահինյանին հոբելյանի առիթով` ցանկանալով նրան քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: