«Gallup international association»-ը այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Եվրասիական զարգացման բանկի պատվերով հետազոտություն է իրականացրելՙ պարզելու Հայաստանի վերաբերմունքը Մաքսային միության նկատմամբ: Համաձայն հետազոտության արդյունքներիՙ հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Մաքսային միությանը, 26 տոկոսն անտարբեր է, իսկ 4 տոկոսի վերաբերմունքը բացասական է: Նման հարցում անցկացվել է ԱՊՀ բոլոր երկրներում եւ մասնակցել է 13.000 մարդ: Քաղաքացիներին տրվող հարցերը եղել են ոչ միայն քաղաքական եւ ռազմական, այլեւ տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներից: Հարցվածները գնահատել են նաեւ հարաբերությունները ԱՊՀ մյուս երկրների, Եվրոմիության եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ:
«Որո՞նք են Հայաստանի գործընկերները» հարցին հայաստանցիների 92 տոկոսը նշել է նախկին ԽՍՀՄ երկրները, գերակշիռ մասը Հայաստանին ամենամոտ բարեկամ համարում է Ռուսաստանը, 46 տոկոսի կողմնորոշումը դեպի եվրոպական երկրներն են: Անդրադառնալով թշնամի երկրներինՙ 94 տոկոսը նշել է Ադրբեջանը, 73 տոկոսըՙ Թուրքիան: Ռազմական համագործակցության հարցում հայաստանցիների մեծամասնության դիրքորոշումը Ռուսաստանն է: