Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Այդ մասին երեկ նշել է Նյու Յորքի «Թուրքական» կայքէջըՙ հիմք ընդունելով Ռուսաստանում հրատարակվող «Հայկական երկրամաս» թերթի հրապարակումը: Թուրքական կայքէջը այս թերթը համարում է «Ասպարէզի» ռուսաստանյան տարբերակը, ավելացնելով, որ Ղրիմի թաթարական խորհրդարանի նախագահ Մուստաֆա Ջեմիլօղլուն բուռն հակազդեցություն է ցուցաբերել Ուկրաինայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի առնչությամբ:

Ըստ կայքէջի, Ջեմիլօղլուն, որը նաեւ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր է, մատնանշել է. «Եթե բանաձեւը խորհրդարանում հաստատվի, խորհրդարանի նախագահը հազիվ թե դա վավերացնելու հակում ցուցաբերի»: Նա բանաձեւը վերագրել է Ուկրաինայի խորհրդարանի «անմտությանն ու անառողջ դատողությանը», ապա եւ շարունակել. «Ուկրաինայում թուրքական ծագումով մարդիկ թվաքանակով զգալի գերազանցում են հայերին: Բանաձեւի հեղինակները պետք է ի վիճակի լինեն կանխատեսել դրա ընդունման հետեւանքները: Բանաձեւի անցկացումը կվտանգի Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի եւ թուրքալեզու մյուս ժողովուրդների հետ, եւ դա լուրջ հարված կհասցնի Ուկրաինայի արտաքին քաղաքականությանը»:

Ջեմիլօղլուն միաժամանակ զգուշացրել է ուկրաինական իշխանություններին, թե բանաձեւի ընդունումը ոտքի կհանի երկրի թուրքական ծագումով քաղաքացիներին:

Այս ստահակի նախազգուշացումը ոչ այլ ինչ է, քան սպառնալիք, որն էլ լկտիության ակնհայտ դրսեւորում է: Սակայն դա չպետք է մեզ զարմացնի. թաթարը հայատյաց միեւնույն տականքն էՙ Ղրիմի, թե Կովկասի: Պարզապես ականջ է ծակում սրանց ոռնոցի բնույթ կրող ձայնակցումը: