Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

5 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՔՈՒԹԱԻՍՈՒՄ

Սուսերամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Քութաիսում անցկացված միջազգային մրցումներումՙ նվաճելով 5 մեդալ: Հայաստանը ներկայացրին 10 սուսերամարտիկներ:

Առավել հաջող հանդես եկավ «Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին: Նույն ակումբի սան Արփինե Աթոյանը 3-րդն էր:

Տղաների մրցաշարում ճկասուսերակիրների պայքարում 2-րդ տեղը գրավեց Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը: Նույն մրցաձեւում 3-րդ մրցանակակիր դարձավ Երեւանի հրաձգության-սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մայքլ Հովհաննիսյանը:

Խոցասուսերակիրների պայքարում Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը դարձավ բրոնզե մեդալակիր: