Խանտի Մանսիյսկում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնության հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, որը 15 հնարավորից վաստակեց 11,5 միավոր: 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաչնինՙ 11 միավոր: 3-րդը նրա հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկն էրՙ 10,5 միավոր:
Հայաստանցի 4 շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Սերգեյ Մովսիսյանը, որը 9 միավորով գրավեց 8-րդ տեղը: Վլադիմիր Հակոբյանը 7,5 միավորով 29-րդն էր, իսկ Գաբրիել Սարգսյանը նույնպիսի արդյունքով գրավեց 33-րդ տեղը: Աշոտ Նադանյանը 6 միավորով 51-րդ տեղը զբաղեցրեց:
Արագ շախմատի մրցաշարի ավարտից հետո շախմատիստները վիճարկեցին կայծակնային խաղի աշխարհի առաջնության պարգեւները: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 15 տուրով, ընդ որում յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ 2 պարտիա էին անցկացնում սեւ եւ սպիտակ խաղաքարերով:
Կայծակնային խաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց վիետնամցի գրոսմայստեր Լե Քուանգ Լիեմը, որը վաստակեց 20,5 միավոր: 20-ական միավորով 2-4-րդ տեղերը զբաղեցրին Ալեքսանդր Գրիշչուկը, Ռուսլան Պոնոմարյովն ու Յան Նեպոմնյաչնին:
Ինչպես արագ շախմատի մրցաշարում, կայծակնային խաղում էլ հայ շախմատիստներից լավագույնը Սերգեյ Մովսիսյանի արդյունքն էր, որը 18 միավորով կրկին զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Մովսիսյանը միեւնույն 2-0 հաշվով առավելության հասավ Էշան Ղաեմիի, Իլդար Խայրուլինի, Վլադիսլավ Տկաչովի եւ Ֆրանցիսկո Վալյեխոյի նկատմամբ, 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Միխայիլ Կոբալիային եւ Ղադիր Հուսեյնովին: Հավասարՙ 1-1 արդյունք գրանցվեց Ալեքսանդր Ռահմանովի, Եվգենի Նայերի, Իվան Չեպարինովի, Սոն Նգուենի, Յան Նեպոմնjաչնու եւ Շահրիյար Մամեդյարովի հետ մրցավեճում: Մովսիսյանը զիջեց միայն 3 շախմատիստի: 2-րդ տուրում նա 0,5-1,5 հաշվով պարտվեց Իլյա Սմիրինին, 11-րդ տուրում 2 պարտիաներում էլ զիջեց Ռուսլան Պոնոմարյովին, իսկ ավարտական տուրում նրա նկատմամբ առավելության հասավ Լե Քուանգ Լիեմը (1,5-0,5), որի շնորհիվ էլ վիետնամցի գրոսմայստերը նվաճեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
17-ական միավորով 12-րդ եւ 13-րդ տեղերը զբաղեցրին Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Աշոտ Նադանյանը 13,5 միավորով 60 մասնակիցների մեջ 51-րդն էր: