Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՈՆՍԵՐԱՏ ԿԱԲԱԼՅԵԻՆ

Մայր աթոռի տեղեկատվական համակարգ

Հունիսի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:

Վեհափառ հայրապետը ողջունեց Մոնսերատ Կաբալյեի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածինՙ նշելով, որ Հայաստանում նրա ներկայությունը մեծ խանդավառություն ու ոգեւորություն է առաջացրել հայ ժողովրդի զավակների մոտ, ովքեր առանձնակի սեր ունեն երաժշտության հանդեպ:

Խոսելով Հայաստան կատարած այցելությունից ստացած իր տպավորությունների մասինՙ Մոնսերատ Կաբալյեն իր հերթին նշեց, որ այս այցելությունն իր համար ուխտագնացություն էՙ Հայաստանն անվանելով քրիստոնեական հավատի բաց սիրտը:

Ջերմ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայոց եկեղեցու պատմությանը, հայ ժողովրդի կյանքում եկեղեցու դերակատարությանը, հայ հոգեւոր երաժշտությանը եւ մարդկության կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարեւորությանը: Կարեւորվեց նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը:

Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց աշխարհահռչակ երգչուհուն:

Հանդիպմանը ներկա էր Մայր աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ում ուղեկցությամբ տիկին Կաբալյեն այցելեց նաեւ Մայր տաճար եւ Մայր աթոռի թանգարաններ: