Սննդի անվտանգության ապահովումը մշտական խնդիր է, հատկապես ամռան ամիսներին, երբ բարձրանում է օդի ջերմաստիճանը, իսկ փողոցային առեւտրի ու արեւի տակ սնունդ վաճառելու հարցը, որի մասին տարիներ շարունակ գրվում է մամուլում, նշվում դրա հակահիգիենիկ կողմերը, մնում է անլուծելի:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ փողոցային առեւտուրը պետք է իսպառ վերանա: Բացի նրանից, որ մթերքներն արեւի ճառագայթների տակ ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությանը, նաեւ երթեւեկող մեքենաների արտանետած ծանր մետաղներն են հավաքվում փողոցում վաճառվող սննդի վրա, էլ չասենք վաճառակետի միջավայրի աղտոտվածության մասին, երբ մի գետնանցումում կոշիկ են փորձում ու գնում, իսկ կողքին քյաբաբ պատրաստում: Այս դեպքում սննդի անվտանգության նորմերի մասին իրազեկվածությունը քյաբաբ վաճառողի մեջ թերեւս ավելի բարձր լինի, քանՙ գնողի, վերջին հաշվով` եթե այդ սնունդը գնող կա, ուրեմն վաճառող էլ կլինի:
Սպառողների պաշտպանը զգուշացնում է, որ փողոցում վաճառվող մթերքների վրա հավաքվում են հազարումի վնասակար մանրէներ, հետեւաբար միրգն ու բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրով, իսկ փողոցում պատրաստվող ուտելիքներից պարզապես չօգտվել: Ըստ նրա` առեւտուր անելիս պարզապես պետք է գրագետ լինել ու խանութում վաճառվող մթերքների վրա կարդալ պիտանության ժամկետը:Նույնիսկ տան սառնարանում օրերով պահված սնունդը, որը մի քանի անգամ սառնարանից ներսուդուրս են արել, տաքացրել ու սառեցրել, արդեն վտանգավոր է: Օրինակ` մի շաբաթվա տոլման ուտելուց հետո առողջության հետ որեւէ վատ բան միանգամից չի լինի, բայց հետեւանքները` լյարդի ու ստամոքսի ցավերն ու հիվանդությունները, առաջ կգան տարիների ընթացքում: Հետեւաբար հարկ է սնվել նոր պատրաստված ուտելիքներով, թարմ միրգ ու բանջարեղենով: Իսկ միս գնելիս ապահովության համար անհրաժեշտ է պահանջել անասնաբույժի թուղթը, որի վրա պետք է լինեն կնիքն ու նույն օրվա ամսաթիվը: Եփելիս էլ հնարավոր է կողմնորոշվել` արդյոք միսը հի՞ն է, թե՞ ոչ: Օրինակ` եթե խաշած մսի քափը տարածվում է թասի երեսին, ապա միսը թարմ է, իսկ եթե հավաքվում է գունդ-գունդ, ապա թարմ չէ:
Սպառողների պաշտպանը երեկ «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ նաեւ նշեց, որ լոլիկի ու խաղողի հայկական լավագույն տեսակները հետզհետե վերանում են: Օրինակ` շատացել են լոլիկի այն տեսակները, որոնք կոշտ են, հեշտ են տեղափոխվում ու պահվում են երկար. «Սակայն պոմիդորն առնում են ոչ թե պատ շարելու, այլ ուտելու համար: Ընդհանրապես հասած պոմիդորը պետք է փափուկ լինի», ասում է Արմեն Պողոսյանը, որը սպառողներին խորհուրդ է տալիս դեն նետել այն լոլիկն ու ձմերուկը, որոնց մեջ կան սպիտակ կամ կանաչ ջիլեր:
Ընդհանուր առմամբ` Սպառողների ասոցիացիան բողոքներ ստացել է կիսաֆաբրիկատների, կաթնամթերքի, հացի վաճառքի ու հացի որակի հետ կապված:
Իսկ Սպառողների ասոցիացիան որքանո՞վ է տեղյակ սննդի արտադրամասերի կողմից անվտանգության նորմերի պահպանման ու արտադրման պայմանների մասին: Արմեն Պողոսյանը պատասխանում է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ստուգող շրջայցեր ունեցել են 2 տարի առաջ, ու այդ ժամանակ ստուգված 40 խանութներից 18-ը տուգանվել են: Սակայն պետական ծառայության հետ ստուգումները սահմանափակվել են այդքանով, ըստ Արմեն Պողոսյանի` սննդամթերքի անվտանգության ծառայությունից ամեն անգամ մի բան պատճառաբանել են ու չեն շարունակել ստուգումներն իրենց հետ, մինչդեռ սննդամթերքի անվտանգության ստուգումները, ըստ նրա, պետք է լինեն նաեւ հասարակական սեկտորի ու մամուլի մասնակցությամբ, որպեսզի ստուգումների հավաստիության մասին կասկածանքներ չհարուցվեն: