ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Այս վերլուծականը գրելու առիթը ԱՄՆ պետական դեպարտամենտի «Կրոնական կազմակերպությունների մասին միջազգային զեկույց 2012»-ն է, որը հրապարակվեց այս տարվա մայիսի 20-ին: Զեկույցը մանրամասնորեն վերլուծել է կրոնական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում եւ կրոնական ազատությունների վիճակը արեւմտյան ժողովրդավարության եւ միջազգային իրավական նորմերի լույսի ներքո: Այս հոդվածի շարժառիթը վերոհիշյալ զեկույցում պարունակված դատողություններն են այն մասին, որ «Հայաստանի օրենքը որոշակի արտոնություններ է շնորհում Հայաստանյայց առաքելական եկեղեցուն, որոնք չեն գործում մյուս կրոնական խմբերի համար», ինչպես նաեւ դրանից բխող դատողությունները մեր հասարակությունում անհանդուրժողականության եւ «ատելության դրսեւորումների մասին»: Զեկույցի ամփոփիչ մասում, խոսելով ԱՄՆ կառավարության քաղաքականության մասին, ասվում է, որ ԱՄՆ դեսպանը, դեսպանության ներկայացուցիչներն ու այցելող պաշտոնյաները «հրապարակավ եւ պետական պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում խրախուսել են կրոնական ազատությունը եւ միջդավանական երկխոսությունը»: Բացի դրանիցՙ «նրանք աշխատել են կրոնական եւ քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ կրոնական հանդուրժողականությունը խթանելու ուղղությամբ»:
Հասարակության համար դավանանքին եւ հավատքին առնչվող հարցերը ամենազգայունն են, որովհետեւ սերտորեն առնչվում են յուրաքանչյուրի բարոյական պատկերացումներին եւ աշխարհահայացքին: Այլ կերպ ասած, այն ամենին, ինչը մարդուն մարդ է պահում տարաբնույթ ու խայտաբղետ մարդկային օվկիանոսում: Այս վերլուծականի առիթը նաեւ վերջին շրջանում այն բազմաթիվ տեղեկություններն են, որոնք հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով եւ բերնեբերան լցվում են հայաստանցիներիս տները, դառնում ընտանիքներում քննարկման առարկա:
Հանդուրժողականությունը որպես դիմադրողականության նշան
Բոլորս գիտենք, որ քրիստոնեության առաջին տարածողները Հայաստանում եղել են Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալները եւ նրանց հետեւորդները: Բոլորս գիտենք, որ քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունվել է 301 թ., եւ անվիճելիորեն Հայաստանն է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, որտեղ քրիստոնեական հավատքը պահպանվել է իր վաղնջական տեսքով, օրգանապես միահյուսվելով հայկական ազգային հնագույն հավատալիքների, ծեսերի եւ ավանդույթների հետ: Հենց այս ֆենոմենը հայ քրիստոնյայի կերպարը դարձրել է բացառիկ հետաքրքրական շատ երկրների մտավորականների, ուսումնասիրողների, գրողների համար, որովհետեւ չնայած պետականության հազարամյա կորստին, մեր հավատքի հենասյուները մնացել են հաստատուն եւ անաղարտ: Սա զարմանալի է, բայց հենց այդպես է:
Հայ առաքելական եկեղեցին պատվով բռնել է ամենադաժան փորձությունը, երբ 20-րդ դ. 70 տարի քարոզվել է ոչ թե աշխարհիկ, այլ աթեիստական գաղափարախոսություն: Խորհրդահայ իրականության մեջ ամենատարբեր պատճառներով, դիմադրելով տեռորին, սպանություններին, աքսորներին, Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի անկախությունը դիմավորեց զարմանալիորեն հասուն, լավ կազմակերպված եւ գիտակցելով իր առաքելությունը անկախ պետականության շինարարությանը մասնակցելու հարցում: Ճիշտ է, որ մեր հետխորհրդային հասարակությունը Սահմանադրության համաձայն աշխարհիկ է եւ պետությունը բաժանված է եկեղեցուց: Եվ այս առումով մենք ճիշտ այնպիսի հասարակություն ենք, ինչպես որեւէ այլ միջինեվրոպական պետության մեջ ապրող հասարակություն: Բայց Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր հասարակության մեջ ոչ ճնշմամբ է ընդունվել, ոչ էլ բռնությամբ պարտադրվել: Խորհրդային տարիներին մեր եկեղեցին Սփյուռքում էր իրականացնում բացառիկ ազգանպաստ գործունեություն հայկական մյուս, նրա համեմատությամբ ավելի համեստ դերակատարություն ունեցող հաստատությունների եւ կազմակերպությունների հետ միասին Մեծ եղեռնից փրկված հայությունը փորձելով փրկել ուծացումից եւ բարոյալքումից: Հենց այս ծառայությունն է, որ Հայաստանի պայմաններում 90-ականների սկզբին բացարձակապես անվիճելի դարձրեց նրան զուտ բարոյական նախապատվություն շնորհելը մեր բազմակրոն հասարակության մեջ:
Հայ առաքելական եկեղեցու միանգամայն հասկանալի առաջատարությունը հայկական սփյուռքում շատ վաղուց պաշտոնապես ընդունել են թե՛ հայ կաթողիկե, թե՛ հայ ավետարանական եկեղեցիները: Դրա վկայությունն է բոլոր տեսակի ազգային ձեռնարկների ժամանակ հայկական սփյուռքի հիմնական եկեղեցիների միասնական հանդես գալը, օրինակՙ ապրիլ-24-յան կամ Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառումներում, ինչպես եւ այլ շատ դեպքերում: Այնպես որ, հայության, մասնավորապես սփյուռքահայության ներքին կյանքի մասին ամփոփ տեղեկություններ ունեցողները միշտ էլ կհաստատեն, որ երկրորդական նկատված վիճաբանությունների, տարաձայնությունների ֆոնի վրա գլխավոր, առաջնային նկատված հարցերում Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է բացառիկ հանդուրժող, դրանով էլ պահպանելով հայ հոգեւոր կյանքի առաջնորդի իր իրավունքը այն պայմաններում, երբ դա որեւէ կերպ որեւէ պետության կողմից առանձնապես չի խրախուսվել: Անկախության հաստատումից 22 տարի անց ասել, որ հայաստանցիներս 90%-ով հայ-առաքելական քրիստոնյա ենք, բավական պայմանական, բայց սկզբունքորեն ճիշտ դատողություն է:
Խորհրդային Միության փլատակների վրա ձեւավորված նորանկախ բոլոր պետություններում կրոնական կյանքի զարգացում եւ աշխուժացում արձանագրվեց: Թե՛ գերակշռող քրիստոնյա, եւ թե՛ գերակշռող մահմեդական երկրներում մարդիկ փարվեցին հավատքինՙ այդտեղ փնտրելով օգնություն վերահաս դժվարությունների, անարդարությունների, դաժանության եւ բազմաթիվ այլ վտանգների դեմ: Հենց դրա համար էլ հետխորհրդային բոլոր երկրներում կրոնական կազմակերպությունները զարգացում եւ ծաղկում սկսեցին ապրել եւ Արեւմուտքի կողմից դա ընկալվեց որպես անկախ պետականության շինարարությանը ուղեկցող զուգահեռ գործընթաց:
Ասել, որ ամենահարգված ավագի դերում Հայաստանյայց առաքելական եկեղեցին հանդուրժող չէՙ ուղղակի մեղք է ճմարտության դեմ: Հայաստանի բնակչության 95%-ը ազգությամբ հայեր են: Դպրոցներում ուսումնասիրելով Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, մեր երեխաները ընդամենն ուսումնասիրում են մեր պատմության հենց այն մասը, որտեղ պետության բացակայության պայմաններում Հայ առաքելական եկեղեցին կատարել է ազգի համախմբման իր շատ դժվարին առաքելությունը:
Բազմակրոն հասարակություններն աշխարհումՙ դժվարությունների առջեւ
Վերջերս ռուսաստանյան հեռուստաալիքով ներկայացնում էին միջկրոնական հարցերի վիճակը Ֆրանսիայում: Փարիզյան կաթողիկե եկեղեցիներից մեկի հովիվը տեսախցիկի առաջ սպառնում էր դատի տալ մի լրագրողի, որը գրել էր, թե կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցում տասներկու հավատացյալ է եղել: «Եկեղեցում շատ ավելի շատ մարդ կար, ավելի ճիշտՙ 30 հոգի»,- բողոքում էր հոգեւոր հովիվը: Նույն ժամանակ եկեղեցու հարեւան փողոցում նամազի ժամին մզկիթում տեղ չլինելու պատճառով փողոցում աղոթում էին մի քանի հազար մահմեդականներ: Եվրոպայի բոլոր քրիստոնեական եկեղեցիների հետեւորդները միասին վերցրած այս էլ որերորդ անգամ պարտվում են Եվրոպայի խորհրդի քվեարկություններում, երբ խոսքը վերաբերում է միասեռականների իրավունքներին: Այն օրը, երբ Հռոմի նախկին Բենեդիկտոս XVI պապը հայտարարեց, որ այլեւս անկարող է պաշտոնավարել եւ հեռացավ իր մենաստանը, Լոս Անջելեսցի մի հայտնի ֆուտուրոլոգ, մեկնաբանելով Հին Կտակարանի մարգարեությունը, հայտարարեց, որ կաթոլիկ Արեւմուտքը աննախադեպ արժեքային ճգնաժամի առջեւ է կանգնած, եւ նույնիսկ պնդեց, որ Հռոմի հաջորդ պապը Վատիկանի վերջին առաջնորդն է լինելու: Այս տեղեկությունները հաղորդող լրատվամիջոցները օբյեկտիվության դրսեւորում համարվող սառը անտարբերությամբ արձանագրեցին, որ Եվրոպայում բազմակրոն եւ բազմամշակութային հասարակության ձեւավորման գործում լուրջ անհաջողություններ կան, եթե չասենքՙ ուղղակի ձախողումներ:
Օրթոդոքս քրիստոնյա աշխարհը, որտեղ ռուս ուղղափառ եկեղեցին ամենամեծն է եւ ամենաազդեցիկը, արդեն ուշքի եկած եւ վեր հառնած խորհրդային աթեիզմի դեմ պայքարից, փորձում է առաջնորդել իր հավատացյալներին ընտանիքի ամրության եւ ավանդական մյուս արժեքների քարոզման միջոցով: Արեւմտյան քրիստոնեության ճգնաժամի համապատկերում արեւելյան քրիստոնեության աճող ակտիվությունը հույս է ներշնչում, որ Եվրոպայում ու Ամերիկայում այլ կերպ լուծվող, ավանդական բարոյականութանը վերաբերող տարբեր հարցեր կարող են այլ, ոչ եվրոպական եւ ոչ էլ ամերիկյան լուծումներ ստանալ: Բայց դեռ առանձնապես պարզ չէ, թե դա ինչպես է արվելու, եւ արեւելյան ուղղափառությունը ինչպես է հաղթահարելու ժամանակակից գլոբալ ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամին զուգահեռ ընթացող բարոյական հոգեւոր ճգնաժամի ակնհայտ հետեւանքները:
Ուսանելի հանդուրժողականության օրինակներ
Բազմամշակութային հասարակություններում շատ դժվար է համախմբել որոշակի գաղափարների եւ բարոյական արժեքների կողմնակիցներին: Եվ դրա համար լուրջ աշխատանք եւ զգալի միջոցներ է պետք ծախսել: Այդ մասին ինձ պատմում էին անցյալ տարի սեպտեմբերին Փարիզում մի կարճատեւ ուսումնառության նպատակով հավաքված կաթոլիկ, բողոքական եւ ուղղափառ եկեղեցիների աշխարհիկ հետեւորդները: 600 մլն-անոց Եվրոպայում մի քանի հարյուր մարդու մի բարեգործական գաղափարի շուրջը հավաքելը լուրջ հաջողություն է դիտվում, եւ դրա համար կարելի էր եվրոպական հանձնաժողովի կողմից էական դրամաշնորհներ ստանալ: Բարեսիրական ծրագրերի ճնշող մեծամասնությունը մեր իրականության մեջ կատարվում է ժողովրդական հանգանակությունների միջոցներով եւ մեր բարերարների ծախսով: Մեր համեստ նյութական հնարավորություններ ունեցող հասարակությունը (միջազգային համապատասխան ռեյտինգներով) փորձում է իր հնարավորություններով դիմակայել անօրենության, ամենաթողության, դաժանության մերօրյա մարտահրավերներին: Ես բոլորովին չեմ ուզում քարոզել միջկրոնական ատելություն կամ անհանդուրժողականություն: Բայց ուզում եմ, որ, օրինակ, ամերիկյան զեկույցի հեղինակները մտնեն այն զինվորների ու նրանց ծնողների դրության մեջ, ովքեր կանգնած են ռազմաճակատի առաջատար գծում: Եվ նրանց բացատրեն, որ ուրիշը դա կարող է եւ չանել, որովհետեւ ունի այլ կրոնական համոզմունքներ: Աշխարհը չի եղել երբեք միատեսակ եւ ստերիլ եւ այդպիսին երբեք չի լինելու: Իրականում, աշխարհը միշտ էլ բազմազան է եղել եւ նույնիսկ արեւմտյան ինկվիզիցիաների ժամանակներում եղել են այլախոհներ եւ գաղտնի այլադավաններ: Հայ ավետարանական եկեղեցու վերապատվերիներից մեկն ինձ պատմում էր, որ պետք է հասկանալ, որ հայ բողոքականությունը ծագել է ոչ թե Եվրոպայից կամ ԱՄՆ-ից, այլ, որպես բողոք եւ այլընտրանք, հայ եկեղեցու ներսում: Այս իրողության գիտակցությամբ է նաեւ, որ մեր փոքրիկ երկրում բոլոր ուղղությունների քրիստոնյաները աշխարհիկ, ժողովրդավարական հասարակարգի նոր պայմաններում ուղղակի դատապարտված են երկխոսելու եւ համագործակցելու:
Որպեսզի համեմատենք բազմակրոն հասարակության իրական դրսեւորումները մեզանում եւ Եվրոպայում, բավական է մի օր շրջել եվրոպական մեծ քաղաքների կենտրոնական փողոցներում երեկոյան ժամերին: Եվ նույնը հետո անել երեւանյան փողոցներում: Հարցրե՛ք Եվրոպայում ապրող ձեր ծանոթներին, Եվրոպա գնացող զբոսաշրջիկներին եւ հատկապես Կալիֆոռնիայում եղածներին, թե ի՞նչ դժվարությունների եւ վտանգների են նրանք դիմակայում բազմազգ ու բազմակրոն հասարակություններում: Ի՞նչ կապ ունի այստեղ կրոնը, կհարցնեք դուք: Բա էլ ո՞վ է հոգալու բարոյականության եւ աշխարհայացքի մասին, կպատասխանեմ ես:
Մեր նկատված թերություններից ամենամեծն այն է, որ խորհրդային ժամանակների դեռեւս չհաղթահարված ուժով մենք մեր երեխաներին չենք սովորեցնում կարդալ եւ ուսումնասիրել Աստվածաշունչ: Որեւէ ակադեմիական միջավայրում հեշտությամբ կարելի է զանազանել Աստվածաշունչ կարդացածին չկարդացածից: Նույն արեւմտյան կրթական համակարգում, չնայած Եվրոպայում հրաժարվեցին քրիստոնեությունը մշակութային խարիսխներից մեկը համարել, Աստվածաշնչի եւ աստվածաշնչյան թեմաների իմացությունը կրթվածության եւ դաստիարակվածության անվիճելի ապացույցներից մեկն է հենց թեկուզ այն պատճառով, որ համաշխարհային գրականության, արվեստի, փիլիսոփայության մի ահռելի հատվածը հագեցած է աստվածաշնչյան մոտիվներով եւ քրիստոնեական մշակույթի մի մասն է:
Խորհրդային Միության անկումից 22 տարի անց մենք արձանագրում ենք, որ մեր հասարակության մեջ քիչ են կարդում Աստվածաշունչ: Եվ քանի որ այս եւ մեր բարոյական դաստիարակությանն առնչվող այլ հարցեր ուրիշ ոչ մեկը, բացի Հայաստանյայց առաքելական եկեղեցուց, մեզանում ուղղակի չի կարող լուծել, մենք պետք է շարունակենք ազգովին սատարել եւ պետականորեն հովանավորել Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես որ անում ենք, որը մյուս եկեղեցիների հետ երկխոսությամբ շարունակելու է կատարել իր պատմական առաքելությունը մեր բարդ ժամանակներում: