Հայերիս դարավոր պատմության անգամ վերջին 100-ամյակի թող որ սիրողական մակարդակով դիտարկումից բազմաթիվ հիշարժան իրադարձությունների ենք հանդիպում: Ասենք, նախորդ դարի 20-ականներից սկսված վիճարկելի համայնավարական գործընթացները խոչընդոտ չդարձան մեր ազգի լավագույն զավակներին նախնիների երկիր վերադառնալ ու այն գրավիչ դարձնելու գործին լծվել: Երկրորդ համաշխարհայինի տարիներին իրականացվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կազմավորումը, որին էլ հաջորդեց 1940-ականների ավարտի մեծ հայրենադարձությունը, թող որ իր բազում անհեթեթություններով: Այսուհանդերձ հայությունը Գրիգոր Գուրզադյան ու Գոհար Գասպարյան ունեցավ, հաջորդիվ` Հակոբ Հակոբյան ու Հովհաննես Չեքիջյան, իրենց բազմաթիվ հետեւորդներով: Ավաղ, Մայր Հայրենիքում հայության հոգեւոր հարստացումը ցանկալիորեն չուրվագծվեց 88-90-ականների համակարգային փոփոխությունների ու հզոր հաղթանակների արդյունքում: Իշխանությունների անցանկալի պահվածքի, անհասկանալի գործընթացների հետեւանքով հանրային կյանքը աղճատվեց, միջավայրը գաղջ դարձավ, կենցաղային վրդովմունքը վերածվեց առճակատման, որն էլ ավելի խճողեց իրավիճակը կայունացնելու գործընթացները: ՀՀ նորընծա վարչապետն ասպարեզ նետեց 3 մլն հայաստանաբնակների վարչապետական տեսլականը, որի ամփոփումը դարձավ «մերն ուրիշ է» ոչինչ չհուշող կոչը:
Ավաղ, այն վերածվեց «ինչ ուզում այն էլ անում ենք» հռչակագրի, որի ընդամենը մեկ դրսեւորման շուրջ է ՀՀ քաղաքացուս սույն մտորում-մտահոգությունը, թող որ սիրողական, սակայն առավելագույնս փաստարկված ՀՀ եւ համաշխարհային վիճակագրությամբ: Նշեմ, որ տարիներ առաջ բանանի, ստեպղինի ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող գների կապակցությամբ տպագրվել եմ խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ում, իմ պատկերացումն ունեմ տնտեսության հարցերում իր նկատառումների շուրջ: Այնպես որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այլեւայլ ոլորտների ու ճյուղերի շուրջ իր մոտեցումներում, ասենք, ոչխարաբուծությունը խթանելու պետական քաղաքականությունը մտահոգեց ՀՀ քաղաքացուս: Զուտ օգնության նպատակով 2019-ի փետրվարի 15-ին նրան հղեցի սույն դիտարկումս:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ քաղաքացի Գեղամ Քյուրումյանից
Դիմում-ահազանգ
Անցած 6-7 ամիսներին արդեն 3-րդ անգամ եմ Ձեզ դիմում ՀՀ-ում ոչխարաբուծության շուրջ Ձեր մոտեցման առիթով: Այս անասնատեսակի արտահանման նպատակով հարցում զարգացում տեսնելը նման է տնտեսական ցանկացած գործարքից շահույթ ակնկալելու մոտեցման, որը համաշխարհային տնտեսավարական միտքը միանշանակ չի դիտարկում: Ապացույցը` երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում 1940-ականների 52 մլն գլուխ մանր եղջերավորների քանակը ներկայիս 5 մլն-ի իջեցնելը: Նման պատկեր է Թուրքիայում. 1983-ին երկրում պահվում էր 57,5 մլն գլուխ մանր եղջերավոր, 2015-ին` 35,8 մլն գլուխ, հիմա թերեւս ավելի պակաս: Երբեմնի խորհրդային Լիտվա, Լատվիա եւ Էստոնիայում, որոնք հիմա մոտ են գերզարգացած երկրների մակարդակին եւ որոնց ընդհանուր տարածքը ՀՀ-ի 6-ապատիկն է, հազիվ 230 հազար գլուխ մանր եղջերավոր է պահվում, երբ ՀՀ ցուցանիշը 600-700 հազար է, ծրագրվում է հասցնել 1,5-2 մլն-ի: Կարող եմ տարբեր այլ փաստարկումներով շարունակել ոչխարաբուծությունը տնտեսապես ոչ նախընտրելի ոլորտ որակելու հիմնավորումս:
Ահազանգում եմ, քանզի մտահոգ եմ ՀՀ տնտեսության առաջիկա տարիների համար:
Մնացյալը` ակնկալվող հանդիպման ընթացքում:
Կանխավ շնորհակալությամբ` Գեղամ Քյուրումյան
15.02.2019թ.
Հրավիրվեցի դեռեւս գործող ՀՀ գյուղնախարարություն, զրուցեցինք, բանավիճեցինք ու անորոշ տրամադրություններով բաժանվեցինք: Ամիսներ շարունակ թե՛ ՀՀ կառավարության ղեկավարը, թե՛ համապատասխան պաշտոնյաները չանդրադարձան հարցին, մինչ այն պահը, որն անվանվում է «յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է»: 2019-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ-ում 2019-2023 թվականներին ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը»: Տարօրինակ է. պետք դիտարկել, որ 5-ամյա ծրագիրը հաստատվեց գործունեության 4-րդ տարում, որը կառավարության անդամները պարզապես անտեսեցին: Այսուհանդերձ, գործնական ինչ քայլեր են առաջարկվում: Ծանոթացեք խնդրեմ: «Ծրագրով նախատեսվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցություն կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչեւ 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված մատղաշի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսը) 23 տոկոսը, սահմանամերձում` 27 տոկոսը: Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 900 մլն դրամը, 2000 ոչխարի դիմաց»: Նկատենք, որ 450000 թվանշման մեջ որեւէ վրիպակ չկա, այն թե՛ զեկուցելիս բանավոր, թե՛ ծրագրում գրավոր նշել է գյուղոլորտի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հարց է, թե ով է այս ծրագրի շահառուն, քանզի համանման նախորդ փաստաթղթերն էլ երբեւէ իրականություն չեն դարձել: Ասենց, 2004-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը», որտեղ պահանջ էր դրվել 2015-ին մանր եղջերավորի գլխաքանակը հասցնել 1,5 մլն-ի: Պարզից էլ պարզ է, որ վերեւից իջեցված այսօրինակ ծրագիրը, ինչպես հերթական այս մեկը, անկատար է մնալու, որպիսի երեւույթը բոլորովին էլ զուտ հայկական չէ, այլ ունի համաշխարհային դրսեւորում: Ասենք, Թուրքիայում 1980-ին, երբ երկրի բնակչությունը 47 մլն էր, պահվում էր 61 մլն մանր եղջերավոր, 2015-ին բնակչությունն արդեն 82 մլն էր, մանր եղջերավորըՙ 35 մլն, հիմա` շատ ավելի պակաս, որը լրացվում է հավի մսի աննախադեպ աճով:
Պատճառներից հիմնականը նշում է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Լեւոն Վարդեւանյանն իր հրապարակումներից մեկում, փաստելով, որ կենդանիներից խոզերն ունեն 70-75 տոկոս բարձր սպանդային ելունք, խոշոր եղջերավորները` 50-60 տոկոս, իսկ ոչխարները` հազիվ 42-48 տոկոս:
Ուշագրավ է Ավստրալիայի վիճակագրությունը, ուր 1970-ին բնակչությունը 13 մլն էր, մանր եղջերավորը` 180 մլն: Հիմա բնակչությունը 23 մլն է, ոչխարների գլխաքանակն ընդամենըՙ 70 մլն: Հանրահայտ է, որ կենդանու այս տեսակն ամայացնում է իր անցած տարածքը, քանզի խոտաբույսն իր արմատից է հանում, կաթնատվությունն ու մսաճը աննշան են այլ կենդանատեսակների համեմատ:
Ծրագրի պարագայում պարզ չէ շահառուների այն հատվածը, որը պատրաստ է միլիարդներ ներդնել դրա 23 տոկոսի վերադարձի ակնկալիքով, երբ պարզ չէ ոչխարների կերակրման, անվտանգ պահելու հարցերը: Յուրաքանչյուր տարի տասնյակ ոչխարաբույծներ են տուժում գիշատիչների հարձակումներից, զգալի կորուստներ են կրում, իսկ փոխհատուցում կամ օժանդակում այդպես էլ չկա:
Փոխարենը պարզվում է, որ ՀՀ կառավարությունը գումարներ ունի, որոնք պատրաստ է ծառայեցնել շահառուների որոշ թե որոշակի խմբերի: Թե ովքեր են նրանք, որոնք պատրաստ են մինչեւ 2 մլն դոլար ներդնել 2000 ոչխարագլխի ձեռքբերման վրա, սպասումի տրվենք: Երբ այս թեմայով զրուցում էի ծանոթներիցս մեկի հետ, հետեւյալը նշեց. ԱՄՆ-ից վերադարձած մեր հայրենակիցը երեւանամերձ գյուղհամայնքներից մեկում անասնագոմ է ձեռք բերել, 200 ոչխար գնել, որոշել ժամանակ անց Իրան արտահանում իրականացնել: Սակայն կարճ ժամանակ անց այնպիսի խոչընդոտների է հանդիպել, որ վնասի կեսից հետ կանգնելն էլ գերադասելի է մոտեցմամբ առաջնորդվելով բիզնեսը փակել ու Մոսկվա է մեկնել այնտեղ բնակարանաշինարարական գործերում ընդգրկվելու նպատակով: Ահա այսպիսի Հայաստան:
Ահա ինչու մեր պատմության վերջին 100-ամյակի շատ տասնամյակների օրինակով ՀՀ-ում կյանքն ու կենցաղն այն չէ, որն ակնկալում է հայաստանաբնակը, գերադասելով այլ երկրներում տեսնել իր ու ընտանիքի ապագան:
Առայժմ այսքանը…
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
01.02.2022թ.