Մեծի տանն Կիլիկիո Արամ կաթողիկոսի նախաձեռնությամբ 2022 թվականը հայտարարվել է Սփյուռքի տարի: Աշխատանքի բերումով այցելել եմ տարբեր երկրներ եւ, բնականաբար, շփվել դրանցում առկա սփյուռքյան օջախների հայության հետ: Անկեղծ ասած, տպավորություններս խիստ հակասական են, որի պատճառով էլ միշտ դժվարացել եմ այս թեմայով գրել, բայց այս անգամ կփորձեմ:
Նախ ասեմ, որ պատիվ եմ ունեցել անձամբ վայելելու Արամ վեհափառի հետ շփվելու եւ գիտաժողովի մասնակցելու պատվին: Ձեռնպահ մնալով մեծարանքի խոսքերից` կնշեմ միայն, որ մեր դժվարին ու վտանգալեցուն օրերում նրա տեսակի կարիքը շատ ունենք: Իսկ Սփյուռքի տարի հռչակելու վերաբերյալ որոշ դիտարկում-ցանկություններ եմ ուզում հայտնել:
1. Համոզված եմ, որ Սփյուռքի տարի հռչակելուց առաջ նախ հարկավոր էր սկսել Սփյուռքի ճանաչման գործընթաց, իրապես ճանաչման եւ ոչ կիսատ-պռատ ձեւով, որ միշտ արել ենք: Նշենք, որ Հայաստանի անկախությունից հետո, հատկապես տեղի ունեցած Սփյուռք-Հայրենիք մի քանի համաժողովներով դրվեցին դրա հիմքերը: Ավելին, դրանցով Սփյուռքը եւս մտավ ինքնաճանաչման գործընթացի մեջ, սակայն այդ ազգանպաստ գործընթացը չշարունակվեց: Այլապես Սփյուռքի բազմադեմ եւ բազմաբեւեռ լինելու մասին տարաբնույթ տեսություններ առաջ քաշելու փոխարեն ազգագրական եւ մարդաբանական գիտական լուրջ աշխատանքներ կիրականացվեին, որոնցով հնարավոր կդառնար Սփյուռքի ճշմարիտ էությունն ու այդ բազմաբեւեռությունը հասկանալ:
2. Անհրաժեշտ էր նաեւ ի վերջո հստակեցնել, թե Սփյուռք ասելով, այսօր ինչ ենք հասկանում: Հետո էլ` թե ո՛ր աշխարհամասի սահմաններում ենք այն դիտարկում: Քանի որ այդ ըմբռնումը նախկինի նման այսօր էլ է մնում առաձգական հասկացություն: Քանի որ համաշխարհային տնտեսական, պատմական ու քաղաքական վայրիվերումների եւ այլ գործոնների ազդեցության ներքո Սփյուռք գոյացնող զանգվածները պարբերաբար ենթարկվում են տեղատվության կամ ընդարձակվում են: Եթե միջին դարերում օրինակ հայ գաղթականության հոսանքն հիմնականում ծավալվում էր Ջուղայից մինչեւ ծայրագույն Արեւելք, ապա առաջին աշխարհամարտից հետո հայության մեծ մասն իր պատմական հողերից փոխադրվեց Մերձավոր ու Միջին արեւելք, իսկ երկրորդից հետո` Եվրոպա, Ամերիկաներ եւ Ավստրալիա:
3. Եթե ոչ վաղ անցյալում հայերի լինելիությունը երկրագնդի որոշ հատվածներում որեւէ կասկած չէր հարուցում, ապա այսօր բոլորովին այլ պատկեր ունենք: Գաղտնիք չէ, որ Մերձավոր ու Միջին Արեւելքի փոխարեն վճռական դերակատարություն են ստանձնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ավստրալիայի եւ այլ հատվածներ:
4. Անպայման հարկավոր է նաեւ նկատի առնել առաջին հայացքից պարադոքսալ թվացող, սակայն կարեւոր մի իրողություն: Ճակատագրի հեգնանքով հայությունը կարողացավ իր ինքնությունը, իր մշակութային առանձնահատկություններն ավելի հաստատ ու երկար պահպանել իսլամադավան երկրներում, քան քրիստոնյա Արեւմուտքում: Ինչու, որովհետեւ, իսլամադավան երկրներում հայությունը մշտապես մշակութային բախման մեջ էր իր շրջապատի հետ (հետեւապես նաեւ ավելի համախմբված ու զգոն), իսկ երկրորդի դեպքում` ավելի համադրության:
5. Սոցիալիստական գոյաձեւի ժամանակ Սփյուռք-Հայրենիք շփումները հասկանալի պատճառներով խիստ սահմանափակ էին: Միշտ գերիշխող էր այն կարծիքը, որ Հայաստանի անկախացումով դրանք ավելի դյուրին պիտի դառնային, հետեւաբար նաեւ` հայության երկու հատվածների փոխադարձ ներազդեցությունը կավելանար: Հայրենիքը կհզորացվեր Սփյուռքով, իսկ վերջինս կկենսավորվեր Հայաստանով: Սակայն այդ կանխատեսումները չիրականացան, քանի որ Սփյուռքը կազմակերպված ու միատարր չէր, Հայրենիքում էլ շատ գործընթացներ գլխիվայր իրականացվեցին եւ խրտնեցրին Սփյուռքին: Հայաստանն ինքն էլ կազմավորման կարիք ուներ եւ չկարողացավ խելացի կերպով օգտվել Սփյուռքի հնարավորություններից: Այդ ամենի օրինաչափ հետեւանքն էլ եղավ այն, որ Սփյուռքը հայտնվեց կթան կովի վիճակում, իսկ հայրենիքում բարեգործությունը անսպասելի կերպարանափոխություն էր ապրում եւ շատերի համար դարձել էր մասնագիտություն ու վաստակելու հնարավորություն:
6. Թեեւ խիստ անհրաժեշտությունը կար, որպեսզի ավելի իրապաշտ հիմքերի վրա դրվեին Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները, սակայն այդ ուղղությամբ գիտական լուրջ ուսումնասիրություններ չկատարվեցին: Իսկ այսօր արդեն դաժան պատերազմի պատճառով Հայաստանում ստեղծված աղետալի կացությունը գրեթե անհնարին է դարձնում որեւէ ողջունելի ծրագրի արժեւորումը:
7. Անկախության վերջին շրջանում իշխանություններն էլ ձախավեր որոշումներ ընդունեցին Սփյուռքի վերաբերյալ: Նախ` դրսում հարմար թեկնածուներ գտան ու փորձեցին նրանց շքանշաններով գայթակղել եւ համակիրներ դարձնել: Սակայն դա քննություն չբռնեց, քանի որ արվում էր առանց ստուգելու Սփյուռքում նրանց ունեցած հեղինակությունը: Հետեւանքը եղավ այն, որ Հայաստանի ամբողջ դիվանագիտությունը պատերազմի շրջանում տապալվեց եւ Հայաստանը, որ այսօր ռազմապես թույլ է, դիվանագիտական դաշտում եւս փայլուն վիճակում չէ:
8. Արձանագրենք նաեւ, որ Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների ներկա տխուր կացության պատճառը միայն Սփյուռքը չճանչնաչելու պատճառով չէ: Իր հերթին Սփյուռքն էլ իր թերացումներն ունի, քանի որ նա էլ ինքն իրեն չարժեւորեց: Այսօր էլ հստակ չէ, թե ով է Սփյուռքի իսկական ներկայացուցիչը կամ ղեկավարը, որն իրավասություն ունենա հանձնառու դարձնել այն: Հրեաները ներազգային քիչ տարաձայնություններ ու կռիվներ չունեն, քան հայերը: Սակայն, նրանց համազգային կառույցները, բարեսիրական կազմակերպություններն ավելի կազմակերպված են, հեղինակություն ունեն եւ կարող են իրենց պետության կամքից անկախ այլ երկրների հետ բանակցել: Սփյուռքը սակայն, այդպիսի կառույցներ չունի, այնինչ այն իր տաղանդներով, նյութական ու քաղաքական լծակներով կարող է տարողունակ քաղաքական հզոր ուժի վերածվել:
Ասվածից ենթադրվում է, որ անկասկած հարկավոր է հստակ պատկերացում ունենալ միմյանց մասին, որպեսզի հնարավոր դառնա ճիշտ եւ արդյունավետ հարաբերվել իրար հետ, որպեսզի այդ հարաբերությունները փոխշահավետ ձեռնտու լինեն եւ խթանեն հետագա զարգացումներն այդ ասպարեզում: Որպեսզի Սփյուռքի տարին բեղմնավոր լինի եւ օգուտներ պարգեւի թե՛ Հայրենիքին եւ թե՛ Սփյուռքին: Ճանաչման համար կարծում եմ հարկավոր է իմանալ, որ այսօր գործում են համասփյուռքյան մի քանի կառույցներ`
1. Եկեղեցի, որը սակայն տարափեղկված է մի քանի դավանանքների: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կողքին գործում են հայ կաթոլիկ, ավետարանակչական (բողոքական) եւ այլ մեծ թվով մեծ ու փոքր հատվածներ: Ընդ որում, հայոց ամենաշատ հետեւորդներ ունեցող Առաքելական եկեղեցին իրենց կաթողիկոսներով եւս երկու հատված ունի` Էջմիածնական եւ Անթիլիասական:
2. Ավանդական կուսակցություններ, որոնք եւս շատ տխուր վիճակում են: XX դարի 20-ական թվականներից հայապահպանության սրբազան գործին լծված այդ կառույցները հետագայում, երբ անհամեմատ ավելի լավ ապրելու եւ գործելու պայմաններում էին, սկսեցին ճաքեր տալ եւ, բացի, համեմատաբար, ՀՅԴ-ից, մյուսներն այսօր շատ տխուր վիճակում են: Արդեն երկար ժամանակ է ՍԴՀԿ-ն չի կարողանում սթափվել եւ հաղթահարել անդամաքիչ վիճակը, կուսակցության պառակտումը եւ տարբեր հատվածների միջեւ եղած անզիջում գզվռտոցը: Փոքր ավելի ուշ ներկուսակցական անզիջում պայքարի հորձանուտ մտած ՌԱԿ-ը եւս սթափվելու, միմյանց հանդուրժելու եւ ժամանակակից մարտահրավերներին համախմբված դիմակայելու փոխարենՙ ավելի շատ զբաղված է ժամանակի ընթացքում առաջացած տարբեր թեւերի միջեւ անհարթությունները հաղթահարելու փորձերով: Դրանք սակայն առայժմ որեւէ դրական արդյունք չեն տալիս: ՀՅԴ-ն առաջին հայացքից կարծես թե միասնականության խնդիր չունի, սակայն դա միայն առերեւույթ է այդպես: Նրա ներսում էլ կան միասնականությունը խաթարող գործընթացներ, սակայն առայժմ հաջողվում է դրանք ընդհանուր առմամբ փակի տակ պահել:
3. Մամուլ. Լրագրության նպատակը հասարակության դաստիարակելն է, իսկ սփյուռքահայ մամուլը դրանից բացի կոչված է ընթերցողին կողմնորոշել որոշակի նպատակների շուրջ: Հայ մամուլի սկզբնավորման շրջանում` XVIII դարում, երբ տարբեր գաղթօջախներում ծնվել էր ազգային-ազատագրության եւ հայոց պետականությունը վերականգնելու գաղափար-ծրագիրը, եւս այդպես եղավ: Հարություն Շմավոնյանի «Ազդարարից» սկսած հայ մամուլի մղիչ ուժը դարձավ ազգին օգտակար լինելու մղումը: Սակայն սփյուռքահայ մամուլը միատարր չէ եւ բաղկացած է` ա) Կուսակցական. Ազգային ազատագրական պայքարի արշալույսից սկսած այդ պայքարին նվիրված կազմակերպությունները հանդես եկան իրենց մամուլով, Արմենական կուսակցությունը` Մկրտիչ Փորթուգալյանի «Արմէնիա»-ով, ՍԴՀԿ-ն` «Հնչակ»-ով եւ ՀՅԴ-ն` իր «Դրօշակ»-ով: Ցեղասպանության հետեւանքով հայերը սփռվեցին աշխարհի տարբեր երկիրներ` իրենց հետ տանելով նաեւ իրենց մամուլը: Այդ պարբերականները միմյանցից անկախ լինելով հանդերձ` փոխլրացնում էին իրար: Դրանց ընդհանուր նպատակն էր հետապնդել հայ դատը եւ հասնել Եղեռնի ճանաչմանը: Իսկ գաղափարական եւ այլ բնույթի մյուս բոլոր նկրտումները կուսակցական մամուլի համար դարձել են երկրորդական: Օրինակ` ՀՅԴ մամուլում հայկական դատն ու Եղեռնը ավելի գերակշիռ տեղ ունեն, քան սոցիալիստական թեզերի ոգեկոչումը: Նույնն է նաեւ մյուսների պարագայում: Կարեւոր է նաեւ իմանալ, որ կուսակցական մամուլին բնորոշ է երկարակեցությունը եւ գաղափարական պայքար: Եղեռնի թեման եւ դրա ճանաչման խնդիրը բոլորի մոտ նույնն է: Սակայն, Հայկական Դատի հետապնդման սահմանումներն ունեցել են եւ ունեն տարըմբռնումներ եւ նույնիսկ հակասություններ: Դրանք ավելի սուր եւ ընդգծված բնույթ ունեին հատկապես ՀՅԴ-ի ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքի եւ դրան որպես ածանցյալ դրսեւորում դարձած Հայ եկեղեցու բաժանման հարցերը: Իսկ ռամկավարները կարեւորելով հայության հոգեւոր կենտրոնի հետ գործնական կապերի էական անհրաժեշտությունը, ձգտում էին կապ պահպանել հայրենիքի հետ: Հնչակյան մամուլն էլ մշտապես ու անսակարկ Խորհրդային Հայաստանի կողքին մնաց: Կուսակցական այդ հակամարտությունների պատճառով Սփյուռքը երբեմն բեւեռացումներ ունեցավ, որը նպաստեց կուսակցությունների միջեւ յուրահատուկ մրցակցությանը: Դա դրականի հետ նաեւ բացասական դրսեւորումների հանգեցրեց: Նկատենք, որ Սփյուռքում գործում է նաեւ այլընտրանքային, անկախ եւ մամուլի այլ տեսակներ:
4. Հայրենակցական միություններ: Սփյուռքի ձեւավորման առաջին տարիներին դրանք անհամեմատ շատ էին ու բազմանդամ, սակայն սերնդափոխության ընթացքում նոր միջավայրում ծնված ու դաստիարակված սերունդներն արդեն իրենց պապերի երբեմնի հայրենիքին վերաբերում են լոկ որպես աստիճանաբար մարող կանթեղ-հիշողությունների եւ միայն բացառիկ դեպքերում են այդ ճրագներին յուղ ավելացնում: Ավելի հաճախ առօրյա հոգսերով տարվածՙ մոռանում են կամ արդեն չեն էլ ցանկանում դա անել եւ ձեռքերը յուղոտել: Արդյունքում այսօր մատների վրա կարելի հաշվել դրանք եւ այն էլ անհամեմատ սակավաթիվ ու հիմնականում զառամյալ անդամներով:
Ցավոք, մեր օրերում Սփյուռքը քայքայման, տարալուծման պրոցեսում է: Հին կառույցները հաճախ խարխլվում են, որի նկատմամբ կարծես անտարբերություն է նկատվում: Ամենազարմանալին այն է, որ Հայաստանից արտագաղթող զանգվածն ազգային արժեքներ եւ մեծ թվով տաղանդավոր անհատներ է արտահանում, որոնք սակայն չեն ինտեգրվում սփյուռքյան հասարակությանը: Դրան նպաստում են նաեւ ներեկեղեցական հակասություններն ու եկեղեցու նկատմամբ հավատի սասանումը: Այս ամենով հանդերձ հարկավոր է վստահ արձանագրել, որ Հայաստանի այսօրվա վիրավոր վիճակը հոռետեսության պատճառ չպետք է հանդիսանա: Ընդհակառակը, պետք է խթան դառնա կազմակերպվելու, վերարժեւորելու Սփյուռքը, որպեսզի հնարավոր դառնա սատարել Հայաստանին: Հարկավոր է հիշել, որ սովորաբար Հայաստանի անկումներին հաջորդել են հերթական վերելքներն ու բարգավաճումը, իսկ դրանց հաջողությունը մեծապես կախված է խելացի եւ իրատեսական ծրագրեր մշակելուց, անսասան կամք, աշխատասիրություն եւ նպատակային համառություն դրսեւորելուց: Կարծում եմ, որ բոլորիս համար հենց դրանք էլ կլինեն «Սփյուռքի տարվա» հիմնական ուղղորդիչները:
02.01-02.02.2022
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր