Երբ նախագահ Դոնալդ Թրամփը Մայքլ Ֆլինին նշանակեց ազգային անվտանգության խորհրդատու, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» 2016 թվի նոյեմբերի 23-ի համարում տպագրված «Մայքլ Ֆլինի ներունակ ռումբը ԱՄՆ նախագահի աշխատակազմում» հոդվածի վերջում զգուշացնում էի, որ «նորընտիր նախագահը լավ ծառայություն մատուցած կլինի (իր երկրին), եթե նախքան վերջնական նշանակումները, ճիշտ ընտրություն կատարի: Այլապես նա ժամացույցով աշխատող մի ռումբ կարող է տեղակայել իր իսկ գրասենյակում» (տե՛ս «Ազգ»ի 2016 թվի դեկտեմբերի 2-ի համարը):
Ռումբը ավելի շուտ «պայթեց» քան ակնկալվում էր: Նրան պաշտոնազրկեցին եւ նա այժմ գտնվում է իրավական թեժ իրավիճակում: Նա նույնիսկ իր ետեւից կարող է Սպիտակ տան ղեկավարին էլ քարշ տալ:
Այդ ժամանակ զգուշացումն այս սյունակներում կատարել էի ոչ թե հակա-թուրքական հիստերիայից ելնելով, այլ հիմնվելով նրա խայտաբղետ անցյալի վրա, որն արդեն հասարակական քննարկման նյութ էր դարձելՙ այն բացահայտումների շնորհիվ, որ նա հանդիպումներ էր ունեցել թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ եւ քննարկել Ֆեթուլլա Գյուլենի ճակատագիրը: Նաեւ պարզվել էր, որ նա թուրքական կառավարության վճարացուցակներում է եղել եւ այդ մասին չի հայտարարագրել Ամերիկայում: Նրա անսահման անշրջահայացությունը մղել էր նրան «The Hill» թերթում (2016-ի նոյեմբերի 8-ի համարում) հրատարակել «Մեր դաշնակից Թուրքիան ճգնաժամի մեջ է եւ մեր կարիքն է զգում» հոդվածը, որտեղ կոչ էր անում ամերիկյան կառավարությանը օգնության ձեռք մեկնել Թուրքիային, միաժամանակ Գյուլենին բնութագրելով որպես ահաբեկիչի:
Մ. Նահանգների հատուկ խորհրդական Ռոբերտ Մուելերի հետազոտություններն ավելի շատ բան կպարզեն դեռ նրա անշրջահայացության եւ անձնական ծրագրերի մասին, որոնք վնաս են հասցրել Մ. Նահանգների արտաքին քաղաքականությանը: Օրինակ Ռաքքան ISIS-ից ետ վերցնելու հետաձգումը: Նախքան իշխանության փոխանցումը Օբամայից Թրամփին, ազգային անվտանգության նախկին խորհրդական Սյուզան Ռայսը Ֆլինին տեղեկացրել էր Ռաքքան վերագրավելու Պենտագոնի ծրագրի մասին: Ֆլինը մերժել էր ծրագիրը, որովհետեւ Թուրքիայի կառավարությունը դեմ էր նման քայլ կատարելուն: Այդ ժամանակ, սակայն, ոչ մի պատճառ չէր արձանագրվել Ֆլինի կողմից:
Կառավարություններն անտեսանելի շոշափուկներ ունեն իրականացնելու համար իրենց անօրինական գործողությունները, որոնք կատարվում են գաղտնիության քողի ներքո, մինչեւ որ հավասարակշռությունից հանեն ինչ-որ մեկին: Վերցնենք Օլիվեր Նորթի օրինակը, ով «Iran-Contra»-ի ժամանակ օրենք խախտելով զենքեր էր գնում եւ բաժանում, վերջում ընդամենը արժանանալով թեթեւ պատժի եւ հռչակվելով ծայրահեղ աջակողմյանների կուռքն ու գաղափարախոսը, մինչեւ իսկ նախագահական ընտրարշավի թեկնածու առաջադրվելու հույսերով:
Մայքլ Ֆլինի բախտը չբերեց, որովհետեւ նրա «հաճախորդը»ՙ Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ հեռուն գնաց Մ. Նահանգների կառավարությունը օտարելու եւ ՆԱՏՕ-ի դաշինքը ցնցելու իր գործելաոճով:
Այս օրերին Թուրքիայի անունը մշտապես շոշափվում է ԶԼՄ-ների վերնագրերում, բացասական պատմություններով, որոնք կապ չունեն հայկական հարցերի հետ: Ադրբեջանը նույնպես վատ համբավ է ձեռք բերել շնորհիվ «Պանամա թղթածրարի» բացահայտումներին եւ մալթացի հետազոտող լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցիայի սպանության:
Ալիեւյան կլանի 600 միլիոն դոլարի ներդրումները իսրայելական բանկերում եւ գերմանացի քրիստոնյա-դեմոկրատ Կարին Ստրենցի խոստովանությունն այն մասին, որ եղել է ազերի կառավարության վճարացուցակներում այդ կառավարության շահերը պաշտպանելու համար Գերմանիայում եւ Եվրոխորհրդարանում մեծապես նպաստել են միջազգային մասշտաբով ճշգրտորեն ներկայացնելու ազերի կառավարության իրական դեմքը:
Մ. Նահանգներ-Թուրքիա տարակարծությունները դրսեւորվել են հիմնականում երեք հարթակներում: Նախ Ֆլինիՙ թուրքական 15 միլիոն դոլարի դիմաց ամերիկյան քաղաքականության դեմ գործելը, ինչպես նաեւ Մուելերի բացահայտումն այն մասին, որ Ֆլինը դեր է ունեցել ամերիկյան ընտրական գործընթացի վրա ռուսական ազդեցության մեջ: (Ի դեպ այդ հետաքննությունն ավելի է սեղմում օղակը Սպիտակ տան շուրջ): Երկրորդՙ թուրք-իրանցի ոսկու վաճառքով զբաղվող Ռեզա Զարաբի պարագան, որին ձերբակալել էին 2016-ի մարտի 16-ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու ծրագիր մշակելու մեղադրանքով: Նրան հասանելիք տուգանքը կարող է 6 միլիարդ կազմել, բայց առավել լուրջ է այն, ըստ Սթիվն Քուկի բլոգում զետեղված զեկույցի, որ «թուրքական լվացքատան մեքենայություններից շատ բան է հրապարակվելու այդ առիթով»: Զարաբը շատ մոտիկ է եղել Էրդողանի հետ եւ նրա խոսակցությունները այդ ժամանակվա վարչապետ Էրդողանին էլ են մեղսակից դարձնում: Երրորդՙ վերջին շրջանի քաղաքական լարվածությունը Թուրքիայի եւ Մ. Նահանգների միջեւ առավել սրում է առաջին երկու կետերը: Կառավարությունները սովորություն ունեն շրջանցել կամ ներել միմյանց իրավունքների ոտնահարումները, եթե, եւ երբ, նրանք բարեկամական հարաբերությունների մեջ են: Բայց Էրդողանի դեպքում սուր քննադատությունները եւ Սիրիայում քրդական հարցի վերաբերյալ քաղաքական տարաձայնությունները Սպիտակ տան հետ, զգալիորեն իրարից հեռացրել են երկու երկրներին:
Այդ ամենին գումարած, Էրդողանը վերջերս պայմանագիր է կնքել գնելու երկու միլիարդ դոլարի արժողությամբ ծանր հրետանի Ռուսաստանից, ինչը հարիր չէ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ պետության:
Սթիվն Քինզերի մեկնաբանությամբ «Թուրքիան 65 տարիներ ի վեր հյուսիսատլանտյան կազմակերպության անդամ է, եւ դրանով ռազմավարական դաշնակիցը Մ. Նահանգների: Պաշտոնապես նա դեռեւս պահպանում է իր անդամակցությունը այդ կառույցին: Բայց իրականությունը տարբեր է, Թուրքիան կարծես ինքն իրեն դուրս է բերլ այդ կազմակերպությունից: Փոխանակ Վաշինգտոնից եւ Բրյուսելից ստացած որոշումներին հետեւելու նա իրեն պահում է ինչպես Մերձավոր Արեւելյան մի երկիր, որը պաշտպանում է իր ինքնուրույն շահերը: Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս մնացած առաջին անդամ-երկիրն է»:
Լինելով գերտերությունՙ Մ. Նահանգները կարող է վերահսկել կացությունը եւ սանձել Թուրքիայի անհաստատ քաղաքականությունը: Բայց Թուրքիան կարծես ավելի շատ թեքվում է դեպի Ռուսաստանը ամբողջովին խախտելով անհրաժեշտ հավասարակշռությունը: Էրդողանի հանդիպումները Պուտինի հետ հաճախակի են դարձել: Իրանի պարագայում Մ. Նահանգների պատժամիջոցների խախտումը հակասում է Ռուսաստանին մեկուսացնելու Մ. Նահանգների եւ ՆԱՏՕ-ի քաղաքականությանը: Գազի եւ էներգիայի բնագավառների պայմանավորվածությունները մշտապես տեղ են գրավում Պուտին-Էրդողան բանակցությունների օրակարգում: Ռուսաստանն արդեն համաձայնել է Թուրքիայում կառուցել մեկից ավելի ատոմակայան: Երկու կողմերը համաձայնել են առետրաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասցնել տարեկան 100 միլիարդ դոլարի: Էրդողանին իր կողմը գրավելով Պուտինը կարող է ծաղրուծանակի առարկա դարձնել Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները:
Բայց այս բոլոր պայմանավորվածությունները հետապնդում են նաեւ քաղաքական որոշ նպատակներ: Հաղորդվում է, որ ղարաբաղյան հարցը եւս քննարկվել է ռուս-թուրքական հանդիպումների ժամանակ: Մուսթաֆա Քեմալից եւ Լենինից սկսած Ռուսաստանը հարուստ պատմություն ունի գործելու Հայաստանի դեմ: Մոսկվան այժմ փորձում է ԵԱՏՄ-ի անդամ դարձնել նաեւ Ադրբեջանին: Թուրքիայի աջակցությունը կարող է նպաստել դրան: Բայց այդ դեպքում զոհասեղանին կդրվի Ղարաբաղի հարցը: Ոչ մի քաղաքական ցավ չզգալով Մոսկվան կարող է ստիպել Հայաստանին հրաժարվել իր մարտավարական դիրքերիցՙ ապահովելու համար Բաքվի եւ Անկարայի մերձավորությունը:
Ներկայիս միջկապակցված իրականության պայմաններում, գլոբալ հակամարտությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել աշխարհի ամենահեռավոր անկյունների վրա, որոնք արտաքնապես զերծ կարող են թվալ այդ շարունակական հակամարտություններից:
Երբ Թուրքիայի շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, Բաքուն այլ ելք չի կարող ունենալ, քան ընդառաջել, իսկ այդ դեպքում տուժողը դարձյալ Հայաստանը կլինի:
Ֆլինի ստախոսությունների եւ խաբկանքների ոստայնը ոչ միայն վնասելու է Մ. Նահանգների կառավարության շահերը, այլեւ է՛լ ավելի կաշկանդելու է Հայաստանի իրավունքներն ու շահերը:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)