Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Օրակարգում Սեւանի էկոհամակարգն է

2022թ.  հոկտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Սեւանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցը:

Հանձնաժողովի անդամները ներկայացրեցին Սեւանա լճի ավազանում շահագործվող բոլոր հանքերի վերաբերյալ տվյալներ: Պարզվում է, որ ամեն գյուղ իր համար խարամի հանք է բացում: Ուսումնասիրության եւ շահագործման համար տրված է 8 լիցենզիա, բայց 2019թ. տիեզերական նկարով գոյություն ունի 38 մեծ ու փոքր փորվածք: Արդյունքում լանդշաֆտներն են փոխվում: Հնարավոր է  էրոզիայի, սողանքների եւ  փլուզումների առաջացում: Գետերի մեխանիկական աղտոտման պատճառով խախտվում է  էկոհամակարգը: Չպետք է մոռանալ,որ գետերը Սեւանի ձկների ձվադրավայր են հանդիսանում:

Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամները քննարկեցին  նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլի կոնգլոբրեկչային հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության նախնական գնահատման հայտը: Քննարկվեց նաեւ Սեւանա լճի ափամերձ ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքների կատարման ընթացքը:

2019թ. նախատեսվել էր Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասում մաքրել 98 հա տարածք, սակայն մաքրվել է 78 հա: 2020թ. նախատեսվել էր 271 հա տարածքի մաքրում, սակայն մաքրվել է 66 հա: 2020 թ. սեպտեմբերի վերջին դադարեցվել են մաքրման աշխատանքները: 2021թ. մաքրման աշխատանքներ չեն իրականացվել ընդհանրապես:

2022թ. ընթացքում նախատեսված է Սեւանա լճի ափամերձ ջրածածկ եւ ջրածածկման ենթակա 64.8 հա տարածքների մաքրում: Սեպտեմբերի 12-ի դրությամբ մաքրվել է շուրջ 30 հա տարածք: «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հնարավոր է համարում մինչեւ տարեվերջ ավարտել նախատեսված աշխատանքները:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր