Օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը արժանացել է աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա-2022» համաշխարհային հեղինակավոր մրցույթի առաջին մրցանակին՝ «կանացի ձայն» անվանակարգում: Արժանացել է նաև Rolex Audience Price հատուկ մրցանակի:
Նշենք, որ ավելի վաղ՝ 2022-ի հունիսին, տաղանդավոր երգչուհին արժանացել է նաեւ Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին, հաղթող ճանաչվել նաեւ իտալական ամենամեծ առցանց «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում:
Այս տարի կայացել է երգչուհու դեբյուտը Ալ. Սպենդիարյանի ազգային օպերայի և բալետի թատրոնում՝ Զեմֆիրայի դերերգով Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերայի ներկայացման մեջ:
Ելույթներ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան, երիտասարդական օպերային ծրագրին է միացել 2018-ին:
Ա. Ա.