1974-ին Հայաստան այցելած իտալացի նշանավոր կինոբեմադրիչ Ջուլիանո Մոնտալդոն հայ լրագրողի հետ զրուցելիս ասել է հետևյալը. «Իտալիայում աշխատում է ազգությամբ հայ մի մոնտաժոր, ազգանունը` Բաղդիկյան: Նրա հետ ես շատ եմ աշխատել, նա մոնտաժի տաղանդավոր վարպետ է: Իտալիայում այդպես կարող է մոնտաժել միայն նա»: Ցանկանալով իմանալ ավելին` նամակով դիմեցի Ջուլիանո Մոնտալդոյին: Վերջինս 1997-ին գրած պատասխան նամակում մեզ հայտնեց, որ Բաղդիկյանը կամ Բադը «ողջ 1970-ականներին ամենագնահատված մոնտաժողներից մեկը լինելուց հետո «անհետացել» է: Նա ինձ հետ համագործակցել է «Ժնև` մի քաղաքի դիմանկարը» վերնագրով լիամետրաժ կինոնկարում: Բադի հետ աշխատելով` գնահատել եմ նրա մոնտաժի աշխատանքը, արագ իրագործված: Շատ արդիական ոճ էր: Պիտի ասեի (բայց այդ ժամանակ շատերն էին ասում), որ Բադը «հեղափոխական» ոճի ռահվիրան էր: Գրավիչ երիտասարդ (մի քիչ Կազանովա), աշխատասեր (մի քիչ անկարգ), համակրելի (մի քիչ եսակենտրոն), բայց միշտ խանդավառությամբ լեցուն»: Բաղդիկյանի «անհետացած» լինելու մասին Մոնտալդոն կրկնեց մեր ճեպազրույցի ժամանակ, 1998-ի նոյեմբերին, Իտալիայի Սենտ Վինսենտ քաղաքում կայացած իտալական կինոյի փառատոնում:
Դիմագրքի միջոցով, սակայն, հնարավոր եղավ գտնել Բաղդիկյանի ազգականներին, իմանալ, որ նա անհետացած չի եղել եւ անունն էր Ջուզեպպե: Ավելին, պարզվեց, որ նրա մորաքրոջ դուստրը բնակվում է Երեւանում: Վերջինս` իտալերենի դասախոս Սառա Մխիթարյանը կամ սինյորա Սառան, ինչպես նրան անվանում են ուսանողները, Իտալիայում, Գերմանիայում եւ Իրանում ապրելուց հետո քսան տարուց ավելի է, ինչ ընտանիքով հաստատվել է Հայաստանում: Եվ իմ հանդիպումն ու զրույցը սինյորա Սառայի հետ տեղի ունեցավ Դավիթաշեն թաղամասում գտնվող նրա հաճելի տանը…
-Սինյո՛րա Սառա, ես շատ ուրախ եմ, որ ձեր զարմիկ Ջուզեպպե Բաղդիկյանը մեր ծանոթության առիթ դարձավ: Մեր զրույցն սկսենք հենց նրանից: Ինչպե՞ս այդ «հայ Կազանովան» մտավ կինոյի աշխարհ:
-Նա չտեսնված գեղեցիկ եւ ճարպիկ տղա էր: Լավ հիշում եմ նրա շատ գեղեցիկ աչքերը: Նրա մասին մի հոդված վերնագրված էր «Հայի աչքերը նայում են աշխարհին»: Ջուզեպպեի հայրը` Լեւոնը, ամուսնացած էր մի հայ որբուհու հետ` Միլանի որբանոցից, տղայից բացի ուներ երկու դուստր` Էլիզաբետտա ու Մարիա: Առաջինն ամուսնացավ ֆրանսահայի, երկրորդն` իտալացու հետ, բայց ամուսնալուծվեց: Ջուզեպպեն սեր չուներ դասերի հանդեպ, վաղ տարիքից սկսեց աշխատել «Փարամաունթ» կինոստուդիայի Հռոմի մասնաճյուղում, որտեղ հայրը պահակ էր աշխատում: Այսպես Ջուզեպպեն մտավ այդ ոլոտը, սովորեց կինոմոնտաժ եւ կարեւոր ֆիլմերի մասնակցեց: Հետո զբաղվեց լրագրությամբ, ստեղծեց հեռուստահաղորդումներ: Երկար տարիներ չէի հանդիպել նրան, բայց վերջին անգամ տեսա մահից մի քանի ամիս առաջ, Հռոմում: Հիվանդ էր, բայց մնացել էր նույն հմայիչը: Խոսում էր հայերեն: Նա մահացավ 60 տարեկանում, 1997 թվականին: Ջուզեպպեն ամուսնացած էր իտալուհու հետ, որից զավակ չունեցավ եւ բաժանվեց, սակայն մեկ ուրիշ կնոջից աղջիկ ունեցավ, որին Արմենիա անվանեց: Արմենիա Բաղդիկյանն աշխատում է հեռատեսիլում: Տարիներ առաջ նա այցելեց Հայաստան:
-Որքան գիտեմ` Բաղդիկյաններն Իզմիրից էին…
-Այո՛: Ցեղասպանության ժամանակ նրանց տեղահանել են եւ քշել անապատները: Արուսյակ մեծ մայրս տարագրության ժամանակ կորցրել է ամուսնուն եւ երկու զավակներին: Ողջ մնալով` հասել է Կոստանդնուպոլիս, հանդիպել է մեծ հորս, որն էլ փրկվել էր երկու որդիների հետ: Ամուսնացել են, Պոլսում ծնվել է մորաքույրս, ապա մեկնել են Հունաստան` Պատրաս, որտեղ էլ ծնվել է մայրս` Պայծառը: Պապիկի երկու որդիները սովորելու են մեկնել Վենետիկ` Մուրատ-Ռափայելյան վարժարան: Ընտանիքը որոշել է Հունաստանից տեղափոխվել Ֆրանսիա, ճանապարհին կանգ են առել Վենետիկում` վերցնելու որդիներին: Սակայն քանի որ Ֆրանսիան դադարել է ընդունել հայ գաղթականներին, մեծ ծնողներս որոշել են մնալ Իտալիայում: Կառավարությունը նրանց ուղարկել է Սուբիակո քաղաքը` Հռոմից 60 կիլոմետր հեռու, որտեղ էլ ծնվել է իմ քեռի Բենեդետոն:
-Ի դեպ, Սուբիակոն հայտնի է որպես նորոգ հանգուցյալ Ջինա Լոլոբրիջիդայի ծննդավայր…
-Այո՛, եւ գիտե՞ք, Ջինան մանկապարտեզ է հաճախել հենց նոր հիշածս քեռի Բենեդետոյի հետ:
-Իսկ դուք գիտե՞ք, որ Փարաջանովն ուզում էր Ջինա Լոլոբրիջիդային նկարահանել իր ծրագրած «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ֆիլմում` Շամիրամի դերում:
-Իսկապե՞ս: Ի՜նչ լավ կլիներ: Աշխարհն ավելի շատ կծանոթանար մեզ հետ, որովհետեւ Փարաջանովը շատ ծանոթ է յուրահատուկ մարդկանց, բայց եթե Ջինային իր ֆիլմում նկարահաներ` ամբողջ աշխարհը կիմանար նրան:
-Հրաշալի՛ կլիներ, Ջինան` «Հայֆիլմում», Շամիրամի դերում… Լա՛վ, իսկ ամերիկացի նշանավոր լրագրող Բեն Բաղդիկյանը ձեզ ազգակա՞ն էր:
-Ո՛չ, սակայն մենք ծանոթացանք, երբ նա եկավ Հռոմ: Նրա հետ պատահաբար Հռոմի օդակայանում ծանոթացել էր Բենեդետո քեռիս: Ի դեպ, հիմա փորձում եմ գրել Բաղդիկյան ընտանիքի պատմությունը, ինչը հեշտ չէ, քանի որ շատ երկար է, շատ սերունդների մասին պիտի գրել…
-Իսկ ձեր հայրակա՞ն կողմը որտեղից է:
-Հայրս` Գեւորգ Մխիթարյանը, գյումրեցի է: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի է ընկել գերմանացիներին, տարվել է Իտալիա եւ փախել է գերությունից: Իտալացիներն իմացել են, որ նա հայ է եւ ծանոթացրել են մորս ընտանիքի հետ: Մինչեւ կռվի վերջ հորս թաքցրել են նացիստներից, եւ ի վերջո նա ամուսնացել է մորս հետ: Ծնվել են երեք աղջիկ` Մարիա, Սառա, Դոնատելլա: Պատերազմից հետո, ամուսնությունից հինգ տարի անց հայրս գնացել է Հռոմի խորհրդային դեսպանատուն եւ հայտարարել, որ ուզում է վերադառնալ Հայաստան: Նա չի իմացել, որ Ստալինը պատերազմի ժամանակ գերի ընկածներին դավաճան է հայտարարել: Եվ ահա մի օր ռուսները եկել են Սուբիակո, բռնել են մեր ողջ ընտանիքին ու մեքենայով տարել են Հռոմ: Քանի որ հայրս խորհրդային քաղաքացի էր, նրա դուստրերը հպատակություն չունեին, ուստիեւ զավակներին էլ են տարել, եւ ոստիկանները չէին կարող մեզ պատշպանել: Ես երկու տարեկան էի: Երբ մերոնց տանում էին, մեծ մայրս այդ պահին ինձ հանձնել է այնտեղ գտնվող մի 12-ամյա իտալացի աղջկա ու ասել` այս երեխայի հետ փախի՛ր: Աղջիկն ինձ առել-փախել է, ես ազատվել եմ ռուսներից, մեզ չեն կարողացել բռնել, իսկ Սուբիակոյի բնակիչները չեն մատնել իմ տեղը: Այսպիսով, ես մնացի Իտալիայում մինչեւ 15 տարեկանս: Իսկ ընտանիքիս տարել են Դրեզդեն եւ 10 տարի պահել են մի ճամբարում, որտեղ ապրում էին նախկին գերիներն իրենց ընտանիքներով: Շատ ծանր է եղել այնտեղ կյանքը, քույրերս թոքախտ եւ ուրիշ հիվանդություններ են ձեռք բերել: Երբ կառուցվել է Բեռլինի պատը, հայրս մի օր Դրեզդենից ընտանիքին փախցրել է Բեռլին եւ տարել արեւմտյան մաս, բայց նրան բռնել են ու երկու տարով բանտարկել: Այնուհետեւ հայրս փախել է նաեւ բանտից ու սկսել փնտրել ընտանիքին: Նա կարծել է, թե կինը վերադարձած կլինի Իտալիա, բայց մայրս սպասել է նրան Արեւմտյան Բեռլինում: Ու թեեւ Իտալիայում տատիկս եւ մյուս ազգականներս իմ հանդեպ շատ հոգատար էին, 1961 թվականին ես մեկնեցի Գերմանիա, ծանոթացա ծնողներիս ու քույրերիս հետ, ու մեր ընտանիքը վերամիավորվեց: Ապրում էինք Ռավենսբուրգ քաղաքում, որտեղ ուսանեցի դպրոցում, ապա մասնագիտացա սննդի քիմիայի մեջ եւ աշխատում էի որպես քիմիայի տեխնիկական ասիստենտ: 23 տարեկանում Մյունխենում հանդիպեցի իմ ապագա ամուսնուն, որ պարսկահայ է: Ամուսնությունից հինգ տարի անց մեկնեցինք Իրան, քանի որ ամուսինս ծնողների միակ զավակն էր, եւ մայրն ուզում էր, որ որդին իր մոտ լինի: Իրանում` Թեհրանում, ապրեցի 30 տարի, մի որդիս ծնվեց այնտեղ, ավագն արդեն ծնվել էր Գերմանիայում: Ամուսինս ինձ արգելեց աշխատել, սակայն ես տանը սկսեցի իտալերենի եւ գերմաներենի անհատական դասեր տալ: Հայերենը սովորեցի Իրանում. մինչ այդ իմացածս միակ հայերեն նախադասությունն էր` բարեւ, ես հայ եմ: Դա իմ ինքնության քարտն էր: Շատ դժվար էր հայերեն սովորելը, քանի որ այնտեղ պարսկերեն էին խառնում ու ես չէի հասկանում` ո՛րն է հայերեն, ո՛րը` պարսկերեն: Բայց կամաց-կամաց սովորեցի: Ես միշտ զուրկ եմ եղել հպատակությունից, եթե մեկն ինձ հարցնում էր` ո՞րտեղից ես, պատասխան չունեի: Ո՛չ իտալուհի էի, ո՛չ գերմանուհի, ո՛չ պարսկուհի: Կարող էի ասել` կոսմոպոլիտ եմ: Միակ բանը, որ հաստատ էր իմ կյանքում` Սուբիակոն էր… Անշուշտ, միշտ հայ եմ եղել, բայց դա ազգություն է, ո՛չ քաղաքացիություն: Տաս տարի առաջ նոր ստացա հայկական քաղաքացիություն:
-Եվ ինչպե՞ս եղավ, որ հաստատվեցիք Հայաստանում:
-Ես ողջ կյանքում ասել եմ, որ կարող եմ ապրել ամեն տեղ, քանի որ շատ սեր եւ հարգանք ունեմ բոլոր ժողովուրդների ու մշակույթների հանդեպ, կարող եմ ընկալել ամեն տեսակ ապրելաձեւ, բայց կարեւոր է, թե որտե՛ղ ես մեռնելու, քանի որ դա վերջին քայլդ է: Իրանում միշտ մտածել եմ, որ եթե մեռնեմ, ինձ թող տանեն կա՛մ Իտալիա, կա՛մ Հայաստան, որը չէի ճանաչում, բայց իմն էր: Այն ժամանակ Հայաստանը խորհրդային էր, այնքան էլ հեշտ չէր ճամփորդելը: Անկախությունից հետո եկանք այստեղ. բարեկամներս ինձ տարան առաջին անգամ Արագած: Շատ մռայլ, անձրեւոտ օր էր` ծանր սեւ ամպերով: Վերադարձին մեքենան խնդիր ունեցավ, կանգնեցինք: Հանկարծ ուժեղ քամի եղավ, ամպերը ցրվեցին, բացվեց մուգ կապույտ երկինք, որի մեջտեղից երեւաց սպիտակ Արարատը: Ես այդ տեսարանի զորությունը չեմ մոռանում: Այդ օրը մտածեցի` եթե այս հողում մեռնեմ ու ոչ ոք չիմանա էլ` հանգիստ կլինեմ: Զգում էի, որ իմ ծառը վերջապես գտավ իր հողը, ես գտա իմ արմատները: Միշտ ասում եմ, որ աշխարհում անհավատալի գեղեցիկ վայրեր կան, բայց եթե ուզում եք զգալ Աստծո բուրմունքը` գնացե՛ք հայոց լեռները: Աշխարհում ոչ մի լեռնաշխարհ չունի այդ միստիկական զգացումը: Ես տեսել եմ գեղեցիկ սարեր Գերմանիայում եւ Իտալիայում, բայց նրանք չունեն այդ հզորությունը:
Հայաստանում ապրում եմ 2001 թվականից եւ այստեղ բնակվող միակ Իտալայում ծնված հայն եմ: Ճանաչում եմ դեսպանատանն աշխատող իտալացիներին, նաեւ 30 տարի Հայաստանում բնակվող գործարար, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին…
-Եվ այստեղ աշխատեցիք որպես իտալերենի դասախոս…
-Սկզբում ամուսնուս հետ յոթ տարի աշխատեցինք Երեւանի պարսկական մզկիթում: Իրանի դեսպանատունն այն բացեց որպես մշակութային եւ զբոսաշրջության կենտրոն, որտեղ պարսկերենի անվճար դասեր էին կազմակերպվում, կար մեծ գրադարան եւ ֆիլմադարան: Ի դեպ, այնտեղ երեք անգամ հանդիպել եմ Շառլ Ազնավուրին, որը շատ էր սիրում գալ մզկիթ, իր մարոկկացի փեսան մահմեդական է: Ինձ ասաց, որ ինքը հայ է, բայց ընտանիքն ինտերնացիոնալ է, եւ որ շատ է սիրում իր մարոկկացի փեսային:
Ապա իտալերեն եմ դասավանդել Հումանիտար համալսարանում, շատ կարճ ժամանակ էլ` կոնսերվատորիայում: Շատ էի սիրում աշխատանքս, նայել ուսանողուհիներիս աչքերին` լի երազանքներով ու նպատակներով, ասես ուզում են աշխարհը գրավել: Այդ աշխատանքը լցնում էր կյանքս: Տարիներ են անցել, բայց շատ ուսանողներ ինձ չեն մոռացել: Հոգու համար կա՞ դրանից ավելի մեծ հաճույք…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ