Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմում պարտության եւ Արցախի կորստի խարանը ճակատին սերունդը

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմից հետո ամենաողբերգական օրերն ապրեցինք այս շաբաթ՝ սեպտեմբերի 19-20-ին, երբ Արցախն ընկավ 24 ժամում, թշնամու լայնածավալ հարձակումից հետո: Եւ հայոց ողջ ընտրախավը՝ ընդիմադիր եւ իշխանական, լուռ նայեց, թե ինչպես է դա տեղի ունենում: Հայաստանի ներկա իշխանության ճակատին կմնա ե՛ւ 44-օրյա պատերազմի պարտության, ե՛ւ Արցախի հանձնման խարանը՝ դրանց նպաստող գործողությունների մասին շատ ենք գրել, այս անգամ դա չանենք:

Նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը, որ այդքան սիրում են մեջբերել իշխանությունում, բուն Արցախը թշնամուն հանձնելու մասին որեւէ կետ չէր պարունակում, իսկ որ թշնամին հարձակվելու էր՝ ամեն օր նրա նոր կուտակումներից էր պարզ: Ոչինչ չարեցիք, լուռ թույլ տվեցիք, որ արցախցին մենակ կռվի ու հանձնվի: Արցախի նոր, իբր ընդդիմանպաստ իշխանությամբ հանդերձ, իբր նախորդների՝ որոշում չկայացնողներին փոխարինելով, ուշացած խոսելով բանակցելու անհրաժեշտությունից, սրա՞ համար էիք փոխում: Այն պատճառաբանությունները, այդ թվում՝ թշնամական, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այդպես նպաստելով հարձակմանը, միգուցե իրականությանը մոտ են, բայց զարմանալին ուրիշ բան է՝ Հայաստանն այպիսի փաստաթուղթ չի ընդունել, Փաշինյանի բանավոր ասածով ընթացած իրադարձությունները միշտ էլ իրավական ճանապարհով խմբագրելու հնարավորություն մնալու է: Մի ողջ սերնդի ճակատին է նաեւ պարտության եւ Արցախի կորստի խարանը:

Հիմա Հայաստանում ընդդիմադիրների հավաքները ուշացած գնացքի հետեւից վազելուն են նման, այն եւս, Արցախի հանձնման դեմ բազմաթիվ իրոք անկեղծ ընդվզողների առկայությամբ, երբեմն ֆարսի տպավորություն է թողնում՝ ռուսական ազդեցության գործիչների առկայությամբ, որոնք առանց Ռուսաստանի հավանության երբեք ոչինչ չեն անում, այս դեպքում տեղի ունեցողը ակամա թե կամա կարող է նպաստել Արցախում տեղի ունեցողի ավարտմանը, ավելին՝ Հայաստանի անկախության շուրջ սողացող դավադրությանը, մարդկանց զբաղեցնելով իշխանափոխության մտքով եւ իրավիճակից այլ ելքի փնտրտուքը բացառելով: Էն ազնիվ բողոքողները հետո չասեն՝ չզգուշացրեցի: Կհետեւենք դեռ հրապարակում տեղի ունեցող զարգացումներին, այս պահին նշելով ոստիկանության գազանաբարո պահվածքը, որն անհարիր է իրեն ժողովրդավարական անվանող պետությանը:

Արցախը պատանդ է վերցված, այնտեղ տերուտիրական է թշնամին, ռուս խաղաղապահները նախ իրենց անգործությամբ, կամ անգամ դիտավորությամբ նպաստեցին Արցախի անկմանը, հիմա էլ փրկչի կերպարանք են ստանձնել, ու չար լեզուների պնդմամբ, հիմա էլ փող են աշխատում արցախցիներին փողի դիմաց տարհանելով երկրից, այն դեպքում, երբ Հայաստանն անգամ արցախցիներին թշնամու բերանից ազատել- կազմակերպված Հայաստան բերելուց է ձեռքերը լվացել ու նայում է, թե թշնամին, երկար ժամանակ սովի ու շրջափակման մեջ հյուծելով Արցախն ու արցախցուն, ինչպես է հիմա էլ նվաստացման գործընթացներով տանջելու: Չնայած Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի՝ համաներման խոստումներին (էս ի՜նչ անտանելի նվաստացում է հայրենիքը պաշտպանած մարդկանց համար)՝ արցախցուն այս պահին սպառնում է կռված տղամարդկանց ձերբակալումն ու Բաքվի բանտ ուղարկելը, լուրեր կան կանանց հանդեպ ադրբեջանցիների սեռական ոտնձգությունների վերաբերյալ, տասնյակ հազարավոր մարդիկ գյուղերից տեղահանված են ու հազիվ թե վերադառնան, քանի որ նրանց տներում արդեն տերուտնօրինություն, թալան են անում թշնամու զինվորները: Տեղահանվածների մեջ կան միմյանց կորցրածներ, որոնք կապի բացակայությամբ չեն կարողանում միմյանց գտնել, հատկապես ցավալի է կորած երեխաների պարագան, ու պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ ու պարզվի, որ նրանց, առանց ծնողների գիտության, հանել են երկրից…

Հաջորդելու է արցախցիներին ստիպողաբար ադրբեջանական անձնագրի, ադրբեջանական մանաթի, ադրբեջանական վարչակարգի պարտադրումը, հայկական մշակութային ժառանգության կողոպտումն ու ոչնչացումը, պարտադրանքներին չենթակվողների բռնաբարումն ու սպանությունը: Ո՞վ է հավատում արցախցիների իրավունքները պաշտպանելու մասին ադրբեջանցիների կեղծ խոստումներին:

Վերեւի սարսափելի նկարագրությունը տեղի է ունենում քսանմեկերորդ դարում, քաղաքակի՜րթ աշխարհի հայացքի ներքո, որը մեղսակից է այդ բոլորին, քանի որ հազարամյակներով իրենց հայրենիքում ապրող արցախցու համար իրավական որեւէ լուծում չառաջարկեց, եւ Հայաստանի իշխանության հետ ձեռք-ձեռքի՝ միայն խոսեց էթնիկ զտումներից եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: ՄԱԿ-ի ամբիոնից մեկ օր առաջ Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչները, ուրիշ մեծ խաղացողներ, հախուռն ելույթներով դատապարտում էին Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժումը, հախուռն կերպով մեղադրում Ադրբեջանին՝ Արցախի հայերին շրջափակելու եւ սպանելու համար, բայց նրանցից ոչ մեկը չընդունեց իր մեղքն առ այն, որ տասնամյակներով չի կարողացել բնիկ ժողովրդի ապրելու իրավունքին իրավական լուծում տալ, իսկ երկդիմի Ռուսաստանի ներկայացուցիչն անգամ հասավ մառազմի եւ Ստեփանակերտը նաեւ Խանքենդի կոչեց:

Արարատ Միրզոյանի՝ արցախցիներին սպառնացող վտանգը ներկայացնող պերճախոս ելույթում այդպես էլ բացակայեց որեւէ կռվան, որը կօժտեր նրա խոսքն իրավական-պատմական հիմքով, իսկ նրա այն պնդումներին, թե արցախցիների կյանքին այժմ վտանգ, կանանց՝ բռնաբարություն, տղամարդկանց դատապարտում է սպասվում, անմիջապես ադրբեջանական կողմը հակադրեց Նիկոլ Փաշինյանի նույն օրվա անդրադարձը, թե այս պահին արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում: Մեծ խելք չի պահանջվում հասկանալու, որ դա պատահականություն լինել չէր կարող, այլապես պիտի հարցնեինք՝ լսեք, դուք իրար հետ չե՞ք պայմանավորվում՝ ի՞նչ խոսել, Փաշինյանը խորհրդատու չի՞ ունեցել, թե դիտմամբ է այդպիսի բան ասել, ակամա դառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի փաստաբանը, ի՞նչ է կատարվում: Արարատ Միրզոյանին, բացի Ադրբեջանի արտգործնախարարի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի դահլիճը լքելուց, մնում է այսպիսի նվաստացման ու զրոյացման համար խարակիրի անել ինքն իրեն:

Արցախի ներկայացուցիչների եւ ադրբեջանական կողմի միջեւ բանակցությունները Եւվլախում եւ կնքվելիք պայմանագիրը գուժելու են հայկական տարածքների կորուստ՝ համարժեք հարյուր տարի առաջվա կորուստների հետ: Սա բոլոր հայերիս ցավն ու նվաստացումն է:

Արցախի ժողովրդին Ադրբեջանը թույլ չի տա դուրս գալ Արցախից՝ նրանց կյանքի հանդեպ ոտնձգություններով Հայաստանից պահանջելուվ ուզածը՝ տարածքներ, միջանցքեր, դա նույնիսկ ամեն դպրոցական կարող է գլխի ընկնել:

Մեծ հաշվով այս բոլորը հավանաբար կազմակերպիչ ունի, ու կասկածն առաջին հերթին ռուս-թուրքական միացյալ նախաձեռնության ուղղությամբ է (երեւի Սոչիում Էրդողանն ու պուտինն են պայմանավորվել), նրանց՝ իրար պասերով արված հերթագա գործողությունները եթե նկատի առնենք: Ու նույնիսկ միջազգային հանրության մատն է խառը՝ ո՞նց եղավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընկել էր Արցախի պարտության հենց հաջորդ օրը, եւ նույն կերպ ՄԱԿ-ի բոլոր ելույթներն արձանագրում էին արդեն կատարված իրողությունը՝ Ադրբեջանին հումանիտար պահանջներ միայն ներկայացնելով:

Հրապարակում ընդվզումներ սկսած ընդդիմության ստեղծած հեղկոմի անդամ Վազգեն Մանուկյանը, որ ասում է, թե մեծամասնությունը հրապարակում այժմ բողոքի եւ ընդվզման ցույցեր անող ընդդիմության կողմնակիցը չէ, բայց Նիկոլին դեմ է, ասենք, որ այս սիլլոգիզմը բնավ էլ չպիտի մխիթարի ընդդիմությանը, շատ պարզ պատճառով՝ Նիկոլին դեմ մարդիկ, վկա՛ մայրաքաղաքի ընտրություններին չգնացած վեցհարյուրհազարից ավելի երեւանցիների փաստը, ավտոմատ չեն դառնա հրապարակի երկրպագու: Մի շատ պարզ պատճառով՝ նրանք սկսել են հասկանալ իրադարձությունների իրական ենթատեքստերը, նրանք տեսնում են, որ հրապարակում հավաքվածները մի թթու խոսք չեն ասել Արցախում տեղի ունեցածում ռուսական տգեղ դերակատարության մասին, իսկ Հայաստանի մտածող հատվածն այդ ամենը վաղուց նկատել է: Մաքրեք ձեր շարքերը ռուսական ազդեցության դերակատարներից, հենց ինքներդ ազատվեք ռուսական ազդեցությունից, եւ կտեսնեք ՝ իրադրությունը կփոխվի: Այլապես մեծամասնությունը Արցախում, մեր հանրապետության հրապարակում եւ իշխանության միջանցքներում կատարվողը համարում է նույն սցենարի տարբեր բաղադրիչներ, հուսով եմ, ճանաչելով ինձ՝ չեք կասկածում ասածիս անկեղծությանը: Եթե չեք վերհանում Ռուսաստանի վատ դերակատարումը Արցախի խնդրում, խառնշտորելով Հայաստանում եւ Արցախում՝ իր ներկայության ապահովումը տարածաշրջանում, հրապարակն ազատեք աշխարհաքաղաքական խաղերում չներքաշված ուրիշների համար, քանի որ, իրոք, այս պահին հայերի հավաքական խոսքն է պետք: Այլապես նպաստում եք այն սցենարին, որը տանում է ոչ միայն Արցախի վերջնական կորստին, այլեւ Հայաստանի պետականության չգոյությանը. մի ամբողջ սերունդ իր կյանքը չի վատնել, որ Հայաստանը վերածվի ռուսական գուբերնյայի: Ժամանակ չունենք, իրադարձությունները զարգանում են լույսի արագությամբ:

Չնայած սիրտ չկա անցած կիրակի տեղի ունեցած մայրաքաղաքի ավագանու ընտրություններին անդրադարձ անելու, բայց մի երկու կարեւոր նկատառում նշենք: Կարեւոր ենք համարում 600 հազարից ավելի երեւանցիների չմասնակցությունն ընտրություններին, դա այն ռեսուրսն է, որն ի վիճակի է առաջիկայում ինքնակազմակերպվել եւ սահմանազատվելով ներկա իշխանությունից եւ ընդդիմությունից՝ ի վերջո բան փոխել երկրում: Այդ մարրդկանց մի զգալի շերտը մտածող, ինքնուրույն մարդիկ են, որոնք հոգնել են ներկա ամեն ինչից, հայրենազրկումից եւ դեռ սպասվող արհավիրքներից:

Երկրորդ նկատառումով պետք է հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե 14 մանդատ ստացող «Ազգային առաջընթաց»-ն ու Հայկ Մարությանը ընդդիմություն են, 8 մանդատ ունեցող «Հանրապետության» հետ նրանք 24 մանդատ ստացած ՔՊ-ին են բալանսավորում իշխանության համար, ձվերը դրվել են տարբեր զամբյուղների մեջ, որ քաղաքապետ ընտրելիս իշխանականների հնարավորությունները մեծ լինեն, եթե պետք լինի՝ Մարությանին դարձնելով քաղաքապետ: Անգամ կասկածում եմ, թե 7 մանդատ ունեցող «Հանրային ձայնն» է ընդդիմադիր: Մնաց «Մայր Հայաստան» դաշինքի 12 մանդատը: Վերահաշվարկից հետո կարող է ՔՊ-ին հարկավոր մեկ մանդատը իշխանականները եւս իրենցով անեն, սակայն դա հազիվ թե նրանց հարկավոր է: Մարությանի այն նկատառումը, թե կա՛մ առանց համաձայնագիր ստորագրելու իրենց ընդդիմադիր անվանող ուժերն իրեն պետք է քաղաքապետ ընտրեն, կա՛մ նոր ընտրություններ լինեն՝ սա եւս ՔՊ-ի հնարավորությունների պատուհանն է: Իսկ ահա խնդիր է այն, որ Հայաստանի մայրաքաղաքի իշխանությունը ձեւավորում է նրա բնակչության մեկ հինգերորդը, սա այդ իշխանությանն առանձնապես մեծ լեգիտիմությամբ չի օժտում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանի փողոցներում «ասկյարներն» են

Հաջորդ գրառումը

Կորսնցուցինք Արցախը «ժամանակաւորապէս». ուշքի պէտք է գանք Չկորսնցնելու համար Հայաստանը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Կորսնցուցինք Արցախը «ժամանակաւորապէս». ուշքի պէտք է գանք Չկորսնցնելու համար Հայաստանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական