«Ո՞ւմ վրա էիք մատ թափ տալիս՝ Սեյրան Օհանյանի՞, որն Արցախ է ազատագրել, Գեղամ Մանուկյանի՞, որի որդին մինչեւ պատերազմի վերջն ու դրանից հետո Արցախում կռվում էր, Արմեն Չարչյանի՞, որը հազարավոր կյանքեր է փրկել, Սյունիքի մեր ընկերների՞»,- հարցադրումներ անողն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «մատ թափ տալու» մասին ասած միտքն է վրդովեցրել նրան։ Նույնաբովանդակ մի ելույթ նաեւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ունեցավ ԱԺ լիագումար նիստի ժամանակ, թե «Արցախն ազատագրած Սեյրան Օհանյանի վրա եք մատ թափ տալիս»։
Սեյրան Օհանյանի վաստակի ու հանուն հայրենիքի կորցրած առողջության առաջ խոնրահվում ենք անշուշտ, բայց գեներալ-գնդապետ Օհանյանը նախքան պատգամավորական մանդատը վերցնելն պետք է գիտակցեր, թե ում հետ է նույն դահլիճում գտնվելու։ Բարձրաստիճան նախկին զինվորականը վստահաբար գիտակցում էր, որ հավասարը հավասարին այդ մանդատից նաեւ հայրենիքի ու պետության համար ոչինչ չարած, պետական բյուջեից կոճակ սեղմելու համար աշխատավարձ ստացողների հետ նույն հարթության մեջ է հայտնվելու։ Ու Փաշինյանի շվաքի տակ խորհրդարանում հայտնվածները անխնա քննադատելու են, ցավոտ հարցրեր հնչեցնեն՝ չհարգելով ո՛չ տարիքը, ո՛չ էլ վաստակը։
Եթե այդ ամենը գիտակցում են ընդդիմադիրներն ու շարունակում նույն դահլիճում նստել ՔՊ-ական՝ կենսագրություն չունեցող պատգամավորների հետ, ապա բնավ զարմանալ ու զայրանալ պետք չէ, որ քայլելով իշխանության եկածները մատ են թափ տալիս։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ