Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հետազոտությունների արդյունքների հանրայնացման ու միջազգայնացման նպատակով ստեղծվել է գիտական նոր հարթակ: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել են «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր» նորաստեղծ գիտական պարբերականի 2023 թ. երկու համարները, որոնցում տպագրվել են 2022թ. դեկտեմբերի 1-2-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կազմակերպած Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 15-րդ նստաշրջանի (նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին) ընթացքում ներկայացված զեկուցումները:
Հայ ակադեմիական արվեստագիտության պատմության մեջ առաջին անգամ ընթերցողի սեղանին է դրվել բացառապես երիտասարդ արվեստաբանների արվեստագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրատարակման համար նախատեսված գիտական պարբերական, որի բոլոր հոդվածներն ունեն DOI: «Գիտական պարբերականում հրատարակված հոդվածներն արդեն ընդգրկված են CrossRef համակարգում եւ հասանելի են հայ արվեստով բոլոր հետաքրքրվողների համար ամբողջ աշխարհում»,- նշում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, որի մտահղացմամբ էլ ստեղծվել է գիտական նոր պարբերականը:
Պարբերականը հրատարակվելու է տարեկան երկու համարով, որոնցից մեկում ներկայացվելու են հայկական ժամանակային (երաժշտություն, թատրոն, կինո եւն), իսկ երկրորդում՝ տարածական (կերպարվեստ, դիզայն, ճարտարապետություն եւն) արվեստների ուսումնասիրության արդյունքները:
Պարբերականի անդրանիկ համարներում ներկայացված է 21 գիտական հոդված, որոնց հեղինակներն ինչպես արդեն կայացած երիտասարդ հետազոտողներ են՝ արվեստագիտության եւ ճարտարապետության թեկնածուներ, այնպես էլ հայ արվեստագիտության մեջ առաջին քայլերը կատարող ասպիրանտ-դեբյուտանտներ: Գիտական պարբերականն ունի համահայկական ընդգրկում, քանի որ համախմբել է հայ արվեստաբաններին նաեւ Ֆրանսիայից եւ Չինաստանից:
Գիտական պարբերականի խմբագրական խորհրդում ընդգրկված են ինչպես առաջատար ու վաստակաշատ մասնագետներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից եւ տարբեր երկրների (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան եւն) գիտակրթական հաստատություններից, այնպես էլ երիտասարդ հետազոտողներ՝ արվեստագիտության թեկնածուներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Երիտասարդ արվեստաբանների գիտական նախորդ նստաշրջանների կազմակերպման ու անցկացման գործում:
Պարբերականի գլխավոր խմբագիրն է պրոֆեսոր Աննա Ասատրյանը, պատասխանատու քարտուղարները՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը եւ Խորհրդի պատվավոր նախագահ, արվեստագիտության թեկնածու Մերի Կիրակոսյանը:
Շնորհավորելով արվեստաբանական երիտասարդական գիտական պարբերականի ծնունդը՝ մաղթենք կանաչ ճանապարհ եւ արժեքավոր հոդվածներ:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ