Սկիզբը` նախորդ համարում
–Ջութակը երբեւէ ձեզ դավաճանե՞լ է: Եվ դուք երբեւէ դավաճանե՞լ եք նրան:
-Ջութակն ամենաքմահաճ գործիքն է, բայց եթե նրան տրվում ես ամբողջությամբ, համբերությամբ եւ սիրով, գալիս է մի պահ, երբ այլեւս պարզապես ոչ թե նվագում ես այն, այլ տիրում ես նրան: Կամ, ավելի ճիշտ, դու եւ ջութակը դառնում եք մեկ ամբողջություն: Երբ ուշադրությունդ թեկուզ մի փոքր թուլանում է, ջութակը զգում է դա: Եվ երբ դա տեղի է ունենում, նա վրեժ է լուծում քեզնից: Ջութակը ոչ միայն գործիք է, այլեւ կենդանի գործընկեր՝ խիստ զգայուն քո հոգեկան ու ֆիզիկական վիճակի հանդեպ: Այն նաեւ խորապես ազդվում է շրջակա միջավայրից՝ տաքությունից, խոնավությունից, օդի ամենաչնչին փոփոխությունից: Պետք է անընդհատ հարմարվել նրան, լսել նրան, ինչպես սիրելիիդ տրամադրությունը կկարդաս: Ժամանակի ընթացքում զարգացնում ես ներըմբռնում՝ կանխատեսելու նրա քմահաճույքները: Սովորում ես՝ որքան հեռու կարելի է նրան մղել եւ ինչպես ղեկավարել, երբ նա դիմադրում է:
Բայց այո՛, ես դավաճանել եմ նրան: Եղավ մի ժամանակ, երբ դժվար հարաբերությունների մեջ էի, եւ իմ կենտրոնացումն ու ներքին էներգիան հեռացել էին ջութակից: Ջութակն, իհարկե, դա զգաց ու դարձավ անկանխատեսելի՝ ասես արտացոլելով իմ ներքին խռովքը: Որովետեւ ջութակը ոչ միայն ձայնդ է կրկնում, այլեւ հոգիդ է արտացոլում:

–Եթե ձեր ջութակն ունենար հիշողություն, ո՞ր պահերն էր ամենաշատը հիշելու:
-Ինչու՞ «եթե»: Ջութակն իսկապես ունի՛ հիշողություն: Ես նվագում եմ մի գործիք, որը ստեղծվել է դարեր առաջ, եւ ինչպես իր նման բազմաթիվ ջութակներ, կրում է նախորդների հոգին: Այս գործիքները հաճախ կրում են այն մեծ ջութակահարների անունները, որոնք նվագել են դրանք:
Ասացի, թե որքան եմ հիացել Սարասատեի երաժշտության Հեյֆեցի կատարումներով: Ավելի խորհրդավոր է դառնում այն փաստը, որ նա նվագել է հենց Սարասատեի անձնական ջութակը: Պատմությունը ներկառուցված է հենց գործիքի փայտի մեջ:
Դիպչելով ճշմարիտ վիրտուոզի մատներին՝ ջութակը փոխակերպվում է: Այն դառնում է ավելի մեծ մի ամբողջության շարունակություն, որտեղ ջութակահարը հնչեցնում է անցյալի արձագանքները՝ միաժամանակ ներդնելով իր բաժինը դրա կենդանի հիշողության մեջ:
–Ի՞նչը մարդիկ առավել հաճախ չեն հասկանում ջութակահարի մասնագիտության մեջ:
-Շատերը, հավանաբար, չեն հասկանում ջութակ նվագելու դժվարությունն ու կատարողական վարպետություն ձեռք բերելու համար անհրաժեշտ ջանքն ու նվիրումը: Այն ամենաբարդ գործիքներից է, եւ բեմում հեշտությամբ նվագելու պատրանքը կարող է խաբուսիկ լինել: Երբ երաժիշտը կատարում է բարդ ստեղծագործություն՝ կարծես առանց ճիգերի, դժվար է նկատել դրա ետեւում առկա տարիների շարունակական աշխատանքը, կարգապահությունը եւ զոհաբերությունը: Բեմում հանդիսատեսը տեսնում է նրբություն ու գեղեցկություն, բայց ո՛չ այն ահռելի աշխատանքը, որը պահանջվել է, որպեսզի այդ բարդը երեւա բնական: Բացի այդ, անկախ այն բանից, թե ինչպես ենք զգում ֆիզիկապես կամ հոգեպես, բեմում, թե ձայնագրման ստուդիայում, մենք պետք է պատրաստ լինենք եւ անթերի նվագենք՝ ցույց տալու մեր եւ մեր արվեստի լավագույնը:

-33 ժամ անընդմեջ նվագելուց հետո (որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես «պաշտոնապես ապշեցուցիչ») փոխվե՞ց ձեր հարաբերությունը երաժշտության հետ:
-Անպայմա՛ն: Այդ փորձառությունը փոխեց ինձ: Շատերը չեն գիտակցում, որ երաժշտությունը տարբեր կերպ է ազդում մեզ վրա՝ կախված օրվա ժամից: Մեր մարմինն արտասովոր խելացի է, եւ մեր ներքին համակարգը ցերեկվա եւ գիշերվա ընթացքում յուրահատուկ կերպով արձագանքում է ձայնին՝ ազդելով ամեն ինչի վրա՝ տրամադրությունից մինչեւ ներքին ռիթմերը:
Կան համոզիչ գիտական հետազոտություններ, եւ հայրս, որը խորապես մասնագիտացած էր նյարդաբանության մեջ, հայտնաբերել է, թե ինչպես է երաժշտությունն ազդում ուղեղի եւ մարմնի վրա: Այդ 33-ժամյա կատարման ընթացքում ես իսկապես զգացի էներգիաների տատանումները, երաժշտության զգացմունքային արձագանքը: Ես փորձարկում էի իմ սահմանները՝ մտավոր, ֆիզիկական եւ հոգեկան: Եվ հասա կարեւոր գիտակցման՝ մարդու ներուժը շատ ավելի մեծ է, քան մենք հաճախ պատկերացնում ենք: Երբ խորապես կապվում ես ինչ-որ բանի հետ եւ անկեղծ հավատում դրան, սահմանները սկսում են ջնջվել:
Այդ «ճանապարհորդությունն» ինձ տվեց նաեւ եզակի տեխնիկական ազատություն՝ թույլ տալով կենտրոնանալ արվեստի էության եւ երաժշտության գլխավոր բովանդակության վրա: Սա մի նվեր է, որն ինձ շնորհեց այդ փորձառությունը եւ որը ես կրում եմ իմ յուրաքանչյուր կատարման մեջ:
–Բեմ դուրս գալիս, հատկապես Պագանինիի 24 Կապրիսների պես ծրագրերի համար, ունե՞ք մտավոր կամ ֆիզիկական վարժություններ, որ կատարում եք նախապես:
-Ես չեմ սիրում ակտիվ նախակատարումներ համերգից անմիջապես առաջ: Փոխարենը, նախընտրում եմ ներամփոփվել՝ խորհելով այն արվեստի եւ գաղափարական էության մասին, որը պատրաստվում եմ ներկայացնել: Ավելի շատ մտածում եմ մեկնաբանությունս բեմում կենդանացնելու, ոչ թե հատվածները մեխանիկորեն կրկնելու մասին:
–Կյանքում երբեւէ վախ զգացե՞լ եք կատարման ընթացքում, որ կմոռանաք, կձախողվեք կամ կշեղվեք պահի ծանրությունից:
-Ո՛չ: Ինձ համար իսկական աշխատանքը կատարվում է համերգից առաջ: Երբ դուրս եմ գալիս բեմ, հենվում եմ ամուր հիմքի վրա, որը կառուցվել է ակտիվ պատրաստության միջոցով եւ որն աջակցում է այն ամենին, ինչը ձգտում եմ արտահայտել: Ես ճշտգրիտ գիտեմ, թե ինչպես պետք է զարգանա կատարման գաղափարը: Այդ հստակությունն ինձ լիակատար վստահություն է տալիս: Իսկ երբ ադրենալինը փորձում է գերիշխել, ես ոչ թե ճնշում, այլ փոխակերպում եմ այն: Ես դրան մոտենում եմ հոգածությամբ եւ գիտակցված կերպով՝ թույլ տալով, որ այն վերածվի ստեղծագործական էներգիայի: Ես այն ուղղորդում եմ ծառայելու երաժշտությանը: Այդպիսով ստեղծվում է յուրահատուկ միջավայր, որտեղ յուրաքանչյուր տարր լրացնում է մյուսին եւ ամեն ինչ միավորվում է միասնության զգացողության մեջ:
-Հայաստանն ունի երաժշտական հոգի՝ հնչերանգ, ռիթմ, թաքնված ձայնեղանակ: Ի՞նչ է դա ձեզ համար եւ ինչպե՞ս եք այն փոխանցում համաշխարհային բեմերից:
-Ինձ համար այն կարոտի ձայնն է՝ մոդալ, նուրբ, ինչպես հնագույն մի օրհներգ, որը հառնում է մեր քարերից ու լեռներից: Դա պարզապես տոնայնություն չէ, այլեւ հիշողություն: Այդ ձայնն ապրում է իմ ներսում, եւ ես այն տեղափոխում եմ աշխարհի բեմերը, որպեսզի նույնիսկ Փարիզում կամ Տոկիոյում կարելի լինի լսել Հայաստանի եւ Արցախի արձագանքն իմ կատարումներով:
Ինձ համար «Կռունկը» խորհրդանշական ստեղծագործություն է՝ մեր ժողովրդի զգացմունքային դրոշմը: Ես այն կատարել եմ ողջ աշխարհի համերգասրահներում: Այն ունի խորություն եւ ինքնություն, որոնք խոսում են այն մասին, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ինչ ունենք մեր սրտում:
–Ո՞վ եք դուք առանց ջութակի:
-Կյանքն առանց բեմի եւ ջութակի անհնարին է. ջութակը դարձել է իմ շարունակությունը, եւ առանց նրա ես զգում եմ անբացատրելի ներքին խառնաշփոթ: Ուստի, աղեղից եւ բեմից անդին ինձ հետ կապված քիչ բան կա, որը կարող է առանձին լինել: Ինձ համար ջութակն ավելին է, քան գործիքը: Դարերի ընթացքում տարբեր միջավայրերում արձագանքած նրա ձայնն ինձ հույս է ներշնչում, ուժ է տալիս և հոգևոր բավարարվածություն է պարգևում:
–Ինչպիսի՞ն է ձեր ոչ երաժշտական օրը:
-Ես շատ ժամանակ եմ անցկացնում մարզասրահում ու լողավազանում: Ամռանը սիրում եմ թենիս խաղալ ընկերներիս հետ. սա գալիս է մանկությունից: Սիրում եմ նաեւ հեծանիվ քշել՝ նոր ուղղություններ բացահայտելու եւ բնությունը վայելելու համար:
–Ինչպիսի՞ն կլինեն դասական համերգները 50 տարի անց: Մերօրյա ավանդույթները դեռ արդիակա՞ն են, թե՞ անհրաժեշտ կլինի ամբողջությամբ փոխել ձեւաչափը:
-Իհարկե, ձեւաչափերը կփոխվեն: Տեխնոլոգիան կարող է փոխել ձայնի մեր զգացողությունը եւ այն, թե ինչպես ենք տեսնում կամ լսում կատարողին: Նույնը վերաբերում է նաեւ համերգային ձայնագրություններին. արհեստական բանականության ակտիվ զարգացումը ստիպում է որոշ հնչյունային ճարտարագետների կիրառել այն՝ ստանալու կատարումների ճշգրիտ պահերը նոտաներին համապատասխան: Բայց հիմնականում անփոփոխ կմնա էությունը՝ կատարողի, երաժշտության եւ ունկնդրի միջեւ խոր զգացմունքային երկխոսությունը: Դա սրբազան է:
Մարդիկ միշտ ձգտում են էներգիայի փոխանակման: Վստահ եմ, որ մենք բնորոշ ձգտում ունենք կապվելու՝ միմյանց հետ, հնչյունների հետ, պահի հետ: Մենք համերգներ չենք գնում միայն լսելու, մենք գնում ենք միասին զգալու: Դա այն է, ինչը երբեք չեն կարող փոխարինել էկրանները, ալգորիթմները կամ արհեստական բանականությունը: Մարդիկ բնույթով զգացմունքային են: Բախը, Մոցարտը, Վիվալդին վերացական ինտելեկտուալներ չէին: Նրանք սիրել են, տառապել, պայքարել, զգացել: Եվ նրանց երաժշտությունը դեռ մեզ հետ խոսում է, քանզի ծնվել է ճշմարիտ մարդկային փորձառությունից
Ես չեմ կարծում, որ դասական երաժշտության ավանդույթները երբեւէ կարող են հնանալ: Դրանք ժառանգություն չեն, այլ հիմնաքարեր: Բարձր արվեստը երբեք չի կարելի հարմարեցնել նոր միտումներին: Մենք, որպես արվեստագետներ եւ ունկնդիրներ, շարունակելու ենք ինքնությունը հաստատել այն լավագույնով, ինչ ստեղծել է մարդկությունը: Մարդկային զգացմունքների հոսքը, որը ստեղծվում է երաժշտության միջոցով, միշտ պետք է պահպանվի:
–Ողջ աշխարհում հանդես գալուց, մեծ վարպետների մոտ սովորելուց եւ ջութակահարի սահմանները վերաձեւավորելուց հետո, ի՞նչն է դեռեւս ձեզ անհասկանալի ջութակի հետ կապված: Ի՞նչ գաղտնիքներ կան:
-Կարծում եմ՝ կատարյալն անսահման է: Որքան էլ սովորեմ, կատարեմ կամ հայտնաբերեմ, միշտ կա ավելին՝ ավելի խորություն, ավելի շատ գույներ եւ նրբերանգներ, որոնք կարելի է հայտնաբերել ջութակի միջոցով: Միշտ բացահայտում եմ ձայների նոր գունապնակներ, որոնք կարող եմ ձեւավորել եւ կատարելագործել, եւ այդ գործընթացն իրականում երբեք չի ավարտվում: Դա է գեղեցկությունը: Իրական սահմանի բացակայությունը տալիս է ինձ էներգիա, նպատակ, ուրախություն: Անսահման կատարյալի այս ձգտումն է, որ խթանում է երաժշտության հանդեպ իմ կրքի եւ ստեղծագործականության աճը: Ջութակի գաղտնիքն այն իրողության մեջ է, որ այն շարունակաբար փոխակերպվում է արվեստագետի հետ, եւ դա է իմ արվեստի ճանապարհորդության իմաստը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ