Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիլ Մաքֆերսոն. Ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը բրիտանական բեմում

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիլ Մաքֆերսոնը (ծնված Լոնդոնում, 1969 թվականին) բրիտանացի բեմադրիչ եւ թատերագիր է: 1991-1994 թթ. դերասանական կրթություն է ստացել Լոնդոնի Խոսքի եւ դրամայի կենտրոնական դպրոցում եւ ութ տարի եղել Ազգային պատանեկան թատրոնի անդամ: 1996-1997 թթ. եղել է Հեմփսթեդի «Նյու Էնդ» թատրոնի, իսկ 1999-ից՝ Լոնդոնի «Ֆինբորո» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: «Ֆինբորոյի» համար պատվիրել է բազմաթիվ բեմադրություններ, որոնց թվում՝ թատրոնի «վերաբացահայտումների» շարքի մեծ մասը (ներառյալ «Ակկոլադը», «Խառնամուսնությունը» եւ «Կոռնելիուսը»):

Նրա առաջին մրցանակակիր պիեսը՝ «Ես երգելով կþուզեմ մեռնիլ. ձայներ Հայոց ցեղասպանությունից», ներկայացվել է «Ֆինբորո» թատրոնում 2015 թվականին, իսկ մի հատված միաժամանակ ներկայացվել է նաեւ Լոս Անջելեսում: Երկրորդ թատերախաղը՝ «Հեշտ է մեռած լինել», ներկայացվել է «Ֆինբորո» եւ «Վեսթ Էնդ» թատրոններում, առաջադրվել է «Օլիվիե» մրցանակին եւ հյուրախաղերով շրջագայել Շոտլանդիայում: Երկու պիեսները հրատարակել է «Օբերոն բուքս» հրատարակչությունը: Մաքֆերսոնն արժանացել է մի շարք մրցանակների՝  բեմադրությունների եւ  թատրոնին մատուցած ծառայությունների համար:

–Նի՛լ, մենք ընկերացանք Ֆեյսբուքում այն բանից հետո, երբ 2015 թվականին «Ֆինբորոյում» ներկայացվեց ձեր առաջին մրցանակակիր «Ես երգելով կþուզեմ մեռնիլ. ձայներ Հայոց ցեղասպանությունից» ներկայացումը: Մենք՝ հայերս, զգայուն ենք այն ոչ հայերի նկատմամբ, որոնք ապրում են մեր ցավով ու մտահոգություններով: Եվ շատերի մտքում տրամաբանական հարց կառաջանա. ինչո՞ւ ընտրեցիք այս թեման:

-Որքան հիշում եմ՝ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ տեղեկացա 18 տարեկանում՝ կարդալով Թիմ Քրոսի «Առաջին համաշխարհային պատերազմի կորսված ձայները» ժողովածուն: Այնտեղ ներառված էին նաեւ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսից աքսորված եւ սպանված երեք հայ առաջատար բանաստեղծների ստեղծագործությունները: Տասնյոթ տարի անց, որպես Լոնդոնի «Ֆինբորո» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ես ծրագրեցի 2005 թվականի թատերաշրջանը: Ինչպես միշտ, ուսումնասիրեցի սպասվող տարեդարձները եւ տարելիցները, քանի որ մարքեթինգի առումով դրանք երբեմն կարող են օգտակար «խայծ» լինել թատրոնի համար: Երբ իմացա, որ 2005 թվականը Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցն է, որոշեցի գտնել մի թատերախաղ, որը մենք կարող էինք բեմադրել՝ ի հիշատակ այդ իրողության: Բայց գտածս բոլոր պիեսների մեծ մասը շատ կարճ էր եւ կենտրոնացած էր Միացյալ Նահանգների հայ համայնքի փորձառության վրա: Դրանք բոլորը ենթադրում էին, որ իրենց հանդիսատեսն արդեն լավ տեղյակ է Ցեղասպանությունից: Բայց ես արագ իմացա, որ Հայոց ցեղասպանությունը շատ հեռու է ընդհանուր տեղեկացվածությունից: Մարդկանց մեծ մասը, ում հետ խոսեցի, երբեք չէին լսել դրա մասին: Շատ քչերը գիտեին, այն էլ միայն անորոշ կերպով եւ միայն Հոլոքոսթի հետ կապված, ոչ թե որպես առանձին մի իրողություն: Ի վերջո, չկարողանալով գտնել հարմար պիես՝ որոշեցի ինքս փորձեմ ստեղծել:

–Ցավոք, ցեղասպանության դրսեւորումները շարունակվում են, նկատի ունեմ 2020 թվականին Հայաստանի եւ Թուրքիայից աջակցվող Ադրբեջանի միջեւ պատերազմը եւ Արցախի ներկայիս շրջափակումը: Իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ պես արվեստագետներին, բայց հավատո՞ւմ եք, որ դեռեւս կկարողանաք որոշակի դրական փոփոխություններ կատարել արվեստի միջոցով:

-Իհարկե, թատրոնը չի կարող փոխել աշխարհը, բայց դա չի նշանակում, թե չպետք է փորձել: Այսպես, օրինակ, անցած դեկտեմբերին «Ֆինբորոն» դարձավ առաջին արտասահմանյան թատրոնը, որը ռուսական ներխուժումից հետո մեկնեց Կիեւ ու հանդես եկավ ուկրաինացի մի դրամատուրգի մենաներկայացմամբ: Պիեսն ինքնին մեծ ճանաչում գտավ, բայց, հավանաբար, առավել նշանակալից էր այն փաստը, որ մեր դերասանուհին անվտանգ Մեծ Բրիտանիայից ճանապարհորդեց եռուն պատերազմական գոտի՝ մարդկանց ներկայացնելու իր աշխատանքն ու արվեստը: Աջակցման եւ համերաշխության ժեստը, զուգորդված արվեստի հետ, դարձավ խորապես իմաստալից մի բան:

–Ենթադրում եմ, որ դուք մի փոքր ծանոթ եք հայ գրականությանը, քանի որ ձեր պիեսի վերնագիրը փոխառված է եղեռնամահ բանաստեղծ Սիամանթոյից: Ընդհանրապես, պիեսը գրելիս ի՞նչ աղբյուրներ եք օգտագործել:

-Ակնհայտ է, որ չլինելով հայ՝ ես թատերախաղի համար սպառիչ հետազոտություններ եմ կատարել: Լայնորեն օգտագործել եմ Փիթեր Բալաքյանի գործերը, ինչպես նրա սեփական գրվածքները («Հունիս-Ծառ. Նոր եւ ընտրված բանաստեղծություններ», «Ճակատագրի սեւ շունը», «Այրվող Տիգրիսը. Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը»), անյպես էլ թարգմանությունները (Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամես» եւ Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթան»): Ես օգտագործել եմ նաեւ ընդհանուր սկզբնաղբյուրները, ինչպիսիք են Հենրի Մորգենթաուի եւ ժամանակակից վկայությունները, ինչպես, թուրք հեղինակ Ֆեթհիյե Չեթինի հուշագրությունը. վերջինս պարզել էր, որ իր տատիկը Հայոց ցեղասպանությունը վերապրած, բռնի մահմեդականացված հայուհի է: Անշուշտ, օգտագործել եմ նաեւ այնքան հայկական պոեզիա, որքան կարող էի տեղավորել պիեսում:

Թամար Կարաբեկյանը «Ես երգելով կþուզեմ մեռնիլ» բեմադրության մեջ

–Ինչպե՞ս արձագանքեցին հանդիսատեսն ու քննադատները:

-Մենք շատ հաջող ելույթներ ունեցանք՝ բազմաթիվ հիանալի թատերախոսականներով եւ տոմսերի լիակատար սպառումներով: Կատարեմ մի քանի մեջբերում մամուլից. «Հայոց ցեղասպանության սրտակեղեք պատմությունը… այն հուզիչ կերպով հասնում է իր առջեւ դրված նպատակին» (Մայքլ Բիլինգթոն, «Գարդիան»): «Պարզ, հուզիչ եւ շատ հզոր… Հանդիսատեսը թատրոնից հեռանում է՝ զայրույթով լի հոգով» (Ալեքս Սիերզ, «Սթեյջ»): «90 րոպե շարունակաբար գրավող ներկայացում» (Հոուարդ Լոքսթոն, «Բրիտանական թատրոնի ուղեցույց»):
Հայ համայնքի արձագանքն անպատմելի էր. ծնողները թատրոն էին բերում իրենց երեխաներին, եւ նույնիսկ եղան մարդիկ, որոնք հատկապես մեր ներկայացումը դիտելու էին եկել Բեյրութից ու Երեւանից:

–Եղել են դեպքեր, երբ նման ներկայացումների ժամանակ որոշ հանդիսատեսներ մկրատ կամ այլ սուր առարկաներ են նետել բեմ: Հուսով եմ՝ ձեր ելույթներն անցան առանց նման միջադեպերի:

-Իրականում մենք մահվան սպառնալիքներ ստացանք, երբ ներկայացրինք բեմադրությունը 2005-ին: Իսկ երբ ամբողջական արտադրությունն իրականացավ 2015-ին, Ցեղասպանության սկզբի ճիշտ տարելիցին` ապրիլի 24-ին, մեր բախտը բերեց, քանի որ ժխտողական լոբբին կարծես զգուշանում էր հարյուրամյա տարելիցի ընթացքում: Մի քանի աննշան միջադեպեր եղան, օրինակ, մի կին փորձեց հանդիսատեսներին թռուցիկներ բաժանել՝ ժխտելով Ցեղասպանությունը, եւ վիրավորական գրառումներ կատարելով Թվիթերում, բայց ոչ մի վատ բան տեղի չունեցավ: Հետաքրքրականն այն է, որ մեզ հասած ամենազայրալից բողոքը ոչ թե թուրքական աղբյուրներից էր, այլ բրիտանացի մի զույգից, որը վրդովված էր, որ Իսրայելին քննադատել են Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու համար:

–Մի քանի տարի առաջ ես թարգմանեցի վավերագրական թատրոնի լավագույն գործերից մեկը՝ «Յոթը»: Ի՞նչ եք կարծում, ապագայում վավերագրական դրամաներն ավելի շա՞տ տեղ կունենան թատրոնում:

-Այո՛, իսկապես, կարծում եմ, որ վավերագրական թատրոնի համար միշտ տեղ կգտնվի: Կան թեմաներ, որոնք այնքան ընդգրկուն են, որ դրանց վերաբերյալ իրականությունն ավելի լավ է խոսում, քան գեղարվեստը:

–Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:

-Ցավոք սրտի՝ ոչ: Թատրոն ղեկավարելու եւ երբեմն թատերախաղեր գրելու պատճառով հազվադեպ եմ որեւէ տեղ ճամփորդում: Բայց մի օր՝ անպայմա՛ն…

–Միշտ ուրախ կլինենք ողջունել ձեզ Հայաստանում… Նի՛լ, շնորհակալությո՛ւն ողջ հայ ժողովրդի անունից:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տխրունի. ՌՈՒԲԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ  (1947-2023)

Հաջորդ գրառումը

Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական