ԵՐԵՎԱՆ / ԼՈՆԴՈՆ – Իրանցի կինոյի եւ թատրոնի ռեժիսոր եւ գրող Նավիդ Միխակը ծնվել է 1990 թվականին, Իրանի Խորամաբադ քաղաքում: 2005-ից թատերական կրթություն է ստացել Խորամաբադի գեղարվեստի դպրոցում, ապա թատերական ռեժիսուրա է ուսանել Թավրիզի Արվեստի համալսարանում: Թատերական ռեժիսուրայի բակալավրի աստիճան է ստացել Թավրիզի Նաբի Աքրամի համալսարանական քոլեջում: Իր 17 տարվա անկախ գործունեության եւ Իրանի ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության հետ համագործակցության ընթացքում ձեռք է բերել բեմադրիչի, դերասանի, գրողի, պրոդյուսերի եւ ռեժիսորի օգնականի փորձ: Թատրոնում բեմադրել է «Վարազիլ», «Բարի քուն», «Բելբշո», «Էկորցիստ», «Երբ թատրոնը մեծանում է», «Արաշ» ներկայացումները: Նկարահանել է կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր՝ «Ուղերձ ճանապարհին», «Մենք իրար հետ խնդիր չունենք», «Ո՞վ է ստանալու այս օգնությունը», «Մարուսյա», «Փաամեյ Դարահ», «Աքամ», «Կոլոստոմիա» եւ այլն: Հրատարակել է նաեւ պատմվածքներ, բանաստեղծություններ, հոդվածներ եւ հարցազրույցներ իրանյան մամուլում:
–Նավի՛դ, դու հոդվածներ ես գրել եւ վավերագրական ֆիլմեր նկարահանել իրանահայերի մասին: Ինչպե՞ս մտար այդ թեմայի մեջ:
-Երբ դեռահաս էի, հանդիպեցի մի մարդու, որը Սպահանից էր: Քանի որ նա պատմում էր իր եւ իր քաղաքի մասին, մի փոքր խոսեց նաեւ իր հայ ընկերների եւ հարեւանների մասին: Նա որոշ բաներ բացատրեց Սպահանի հայերի կրոնի եւ մշակույթի մասին, որոնք նոր էին ինձ համար: Ավելի ուշ, երբ թատերարվեստ էի ուսանում Խորամաբադի գեղարվեստի դպրոցում, մտքումս մնաց հայերի մասին այդ տարրական տեղեկությունն ու գրավիչ կերպարը: Իրանի թատրոնի պատմության մի ժամանակահատվածն ուսումնասիրելիս պատահաբար հանդիպեցի տեղեկությունների հայ դերասանների, գրողների ու բեմադրիչների մասին, որոնք արդյունավետ դեր են խաղացել իրանական թատրոնի ծննդյան ու վերելքի գործում:
Հետո գնացի Թավրիզի համալսարան՝ շարունակելու կրթությունս թատերական ռեժիսուրայի ոլորտում: Թավրիզում է Իրանի ամենամեծ հայկական համայնքներից մեկը, որն Իրանի քաղաքական, մշակութային, գեղարվեստական, տնտեսական կարեւորագույն կենտրոններից է: Այս քաղաքում ուսանելիս հայկական թեման, թատրոնն ու արվեստը կրկին գրավեցին իմ ուշադրությունը եւ ստիպեցին ավելի լուրջ հետազոտություններ կատարել այդ ոլորտում: Այս շրջանում, երբ մասնակցում էի ուսանողական ներկայացումներին, որոշեցի հոդված եւ հարցազրույցներ հրապարակել Թավրիզի թուրքական եւ հայկական թատրոնների պատմության մասին: Ես հանդիպեցի մի հայ արվեստագետի՝ Կարեն Սարգսյանին, որն ինձ շատ օգնեց այդ ասպարեզում եւ մի քանի հոգու հետ հարցազրույցներ կազմակերպելուց հետո առաջարկեց հարցազրույց վարել Թավրիզի եւ Իրանի կարեւորագույն հայ արվեստագետներից մեկի՝ տիկին Մարուսյա Վահրամյանի հետ: Այդ հարցազրույցը վարելուց եւ «Թատրոն» ամսագրում տպագրելուց հետո ցանկացա վավերագրություն ստեղծել այս դերասանուհու եւ նրա կյանքի մասին, ինչպես նաեւ վերականգնել մի քանի տարի առաջ նրա մասնակցությամբ ներկայացված վերջին բեմադրությունը: Մարուսյան նույնպես համաձայն էր ֆիլմի իմ գաղափարին եւ ոգեւորված էր ներկայացմամբ՝ ցանկանալով նորից աշխատել տարբեր քաղաքներում կամ երկրներում ապրող իր խաղընկերների հետ: Ֆիլմում ներկայացնելիք իմ պիեսը՝ «Կոմիտասը», նրան ավելի խանդավառեց: Մարուսյա Վահրամյանի նվիրվածությունը հայ արվեստին, հանրությանը, Հայոց ցեղասպանությանը եւ իր խմբի անդամների հետ նրա վերջին հավաքը գրավեցին ինձ: Նրա խմբի՝ տարիներ անց 94-ամյա դերասանուհու հետ վերջին անգամ փորձեր անելը ստեղծում էր գրավիչ եւ գեղեցիկ պահեր, որոնք շատ հետաքրքրական կլինեին հանդիսատեսի համար: Մենք փորձեցինք պայմաններ ստեղծել, որպեսզի Մարուսյան սկսի իր աշխատանքը, բայց, ցավոք, առաջին նկարահանումներից հետո, Մարուսյայի կրտսեր քրոջ մահվան, նրա իսկ հիվանդության եւ խմբից դուրս ծագած այլ խնդիրների պատճառով խումբն այդպես էլ չհավաքվեց եւ ոչ մի փորձ տեղի չունեցավ: Այս իրավիճակում խնդիրը լուծելու եւ Մարուսյայի կյանքի հակիրճ պատկերը պահպանելու համար ես փորձեցի հնարավոր դարձնել նրա վերջին ցանկությունը, այն է՝ տեսնել հայ համայնքին պատկանող հին շենքը, որը դպրոց եւ վայր էր արվեստի դասերի համար: Բարեբախտաբար, դա տեղի ունեցավ, նա տեսավ այդ տունը, եւ նրա ցանկությունը դարձավ ֆիլմի կարեւոր իրադարձություններից մեկը: Հետո Մարուսյան մահացավ: Իրականում սա այն կետն էր, որն ինձ մղեց դեպի հայերի եւ քրիստոնեական արվեստը, եւ դրանից հետո փորձեցի շարունակել իմ գործունեությունը այդ ոլորտում:
–Ի՞նչն էր Մարուսյա Վահրամյանին առանձնահատուկ դարձրել:
-Նախ, կարեւոր էր տիկին Վահրամյանի տարիների փորձը: Չկար այդ տարիքի որեւէ կին, հատկապես հայ համայնքում, որ այդչափ փորձառու լիներ թատրոնում, երաժշտության ու նկարչության մեջ: Երբ Երեւանում հանդիպեցի եւ զրուցեցի ծեր թատերագետ պարոն Բախտիար Հովակիմյանի հետ (որը հոդվածներ էր տպագրել տիկին Վահրամյանի մասին) այս վավերագրական ֆիլմի համար, նա հաստատեց իմ խոսքերը, որ տիկին Վահրամյանը ներկայումս աշխարհի ամենատարեց հայ արվեստագետն է:
Մեկ այլ բան, որ գրավեց ինձ նրա մեջ, կնոջ կերպարն էր, որն ապրել էր կովկասահայության հանրային-քաղաքական պատմության տարբեր դարաշրջաններում եւ դրանք վերածել էր արվեստի գործի: Գործեր, որոնք ներառում են Հայոց ցեղասպանությունը, բոլշեւիկյան հեղափոխությունը, հայերի գաղթը Հյուսիսային Կովկասից Իրան, Խորհրդային Միության փլուզումը եւ Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի պատմության մեջ տեղի ունեցած այլ պատմական իրադարձություններ:
–Ինձ հետ հարցազրույցում Բահման Քիառոստամին ասել է, որ Իրանը վավերագրական ֆիլմեր նկարահանելու լավագույն վայրն է: Համաձա՞յն ես:
-Այո՛, լիովի՛ն: Իրանը մեծ երկիր է՝ հարուստ պատմությամբ եւ մեծ բնակչությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ պատմական, սոցիալական եւ քաղաքական իրադարձություններով, ինչի շնորհիվ նա խորը մշակութային արմատներ ունի միջազգային հարաբերությունների մեջ: Այսպիսով, դա արվեստագետին, հատկապես վավերագրողին, խիզախություն եւ հետաքրքրություն է տալիս այս երկրում փաստագրական ֆիլմ նկարահանելու համար: Արտագաղթի իմ փորձառությունից եւ տարիների ընթացքում այլ երկրների հետ ունեցած իմ շփումներից եկել եմ այն եզրակացության, որ նույնիսկ եվրոպական երկրներում կարելի է գտնել ընդհանուր խնդիրներ՝ կապված Իրանի հասարակության հետ: Նման փորձը հազվադեպ է հանդիպում այլ մշակույթներում ու երկրներում, եւ եթե հետեւում եք միջազգային նորություններին եւ լրատվամիջոցներին, ապա սովորաբար ամեն օր կարելի է լսել Իրանի մասին նորություններ, որոնք ցույց են տալիս այդ երկրի պատմական, քաղաքական եւ սոցիալական նշանակությունը միջազգային ասպարեզում:
–Մենք ծանոթացանք տաս տարի առաջ, երբ դու մասնակցում էիր Երեւանի «Ոսկե ծիրան» փառատոնին: Որո՞նք են քո ամենահիշարժան մտքերը Հայաստան կատարած այցից հետո:
-Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի, ձեռք էի բերել կինոարվեստի ու անկախության իմ առաջին փորձը եւ ոգեւորությունս շատ մեծ էր: Ես կարոտով եմ հիշում այդ օրերս, կցանկանայի վերադառնալ Հայաստան եւ այդ ժամանակաշրջանը: Որովհետեւ զգում եմ, որ Հայաստանում այդ ընթացքում պատուհան բացվեց դեպի իմ խոհերն ու գաղափարները, եւ տարբեր մարդկանց հետ շփումներն ինձ շատ օգնեցին՝ գտնելու իմ սեփական կինոուղին: «Ոսկե ծիրան» փառատոնի նախագահ պարոն Հարություն Խաչատրյանի, ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանի եւ ուրիշ կինոռեժիսորի ու քեզ նման կինոյի մասնագետ ընկերների հարգանքն ու ընկերությունը ստիպեցին զգալ, որ կինոն եւ փառատոնը բարեկամներ ձեռք բերելու եւ նոր բաներ սովորելու միջոց են: Մյուս կողմից, Հայաստանն ինձ համար պարզապես ընդհանուր պատմություն եւ մշակույթ ունեցող բարեկամ եւ հարեւան երկիր չէ: Այն ավելի շուտ հե՛նց այն վայրն է, որտեղ մարդը գտնում է սեր, գտնում է ինքն իրեն, նաեւ՝ կիրք, հույս եւ մոտիվացիա: Իրականում, եթե ցանկանամ բացատրել կրոնական տեսանկյունից՝ Հայաստանն ինձ համար սրբազան մի բան է՝ տաճար, եկեղեցի կամ մզկիթ:
–Ես հիացած եմ Իրանով: Դու հիացած ես Հայաստանով: Մեր երկու ժողովուրդները միմյանց ավելի խորը ըմբռնման եւ իմացության կարիք ունեն:
-Ես սիրում եմ Հայաստանը եւ զգում եմ, որ այն իմ երկիրն է: Եթե հիշում ես, մեր զրույցների ժամանակ քեզ հարցնում էի. «Ի՞նչ է կատարվում իմ գեղեցիկ Հայաստան երկրում»: Իրանի ժողովուրդը շատ գունեղ զգացմունքներ ունի իրանահայության եւ Հայաստանի նկատմամբ: Այս զգացումը ձեւավորվեց իմ մեջ, երբ առաջին անգամ մեկնեցի այդ երկիրը եւ զգացի հայ ժողովրդի ջերմ ու անկեղծ շփումը, գտա ընկերներ արվեստագետների ու հասարակ մարդկանց մեջ եւ ունեցա Հայաստանի տարբեր մարզեր այցելելու փորձառություն: Հիմա համարձակորեն կարող եմ ասել, որ իմ այս հետաքրքրությունը ոչ թե ավելորդության կամ չափազանցության պատճառով էր, այլ, ավելի շուտ, իմ ժողովրդի եւ Հայաստանի հետ ունեցած ընդհանրությունների:
Վերջին տարիներին արցախյան պատերազմը եւ վերջին իրադարձությունները պատճառ դարձան, որ ես եւ այլ իրանցիներ ուշադրություն դարձնենք հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարքագծին եւ ցուցաբերենք բացասական արձագանք եւ ծայրաստիճան մտահոգություն: Որպեսզի ժողովուրդը, քաղաքական ու հասարակական ակտիվիստները ճնշում գործադրեն իշխանության վրա եւ թույլ չտան, որ հայկական տարածքներ ներխուժվեն կամ գրավվեն:
–Այժմ դու ապրում ես Լոնդոնում: Ի՞նչ է «կորցրել» այնտեղ իրանցի երիտասարդ կինոռեժիսորը
-Գրեթե ամեն ինչ: Արտագաղթելով այլ երկիր՝ մարդ իրականում ինքնասպանություն է գործում, բայց որքան բախտդ կբերի այդ գործողության մեջ՝ գոյատեւելու համար, կախված է ժամանակից եւ իրավիճակից: Ես դատապարտված եմ ամեն ինչ նորից սկսելու այս նոր երկրում, նոր մշակույթով, նոր լեզվով, նոր հարաբերություններով եւ նոր կյանքով, եւ հավանականությունը, որ կարող եմ հաջողության հասնել կամ ձախողվել, կախված է իմ մտավոր, հոգեբանական պայմաններից եւ հարաբերություններից:
–Ապագայի համար ունե՞ս Հայաստանին առնչվող որեւէ նախագիծ:
-Նախ հուսով եմ, որ Հայաստանում խաղաղություն եւ անվտանգություն կհաստատվի, ինչն ինձ համար ավելի կարեւոր է, քան կինոնկար ստեղծելը: Բայց այս հարցին ի պատասխան ասեմ՝ այո՛, տարիներ շարունակ ծրագրել եմ ֆիլմ նկարահանել Հայաստանում: Իհարկե, ամեն ինչ կախված է այնտեղ, որպես անկախ կինոբեմադրիչ, աշխատելու պայմաններից: Եթե ֆինանսական պայմաններ ապահովեմ, մտադիր եմ Հայաստանում երկու ֆիլմ նկարահանել՝ մարդկային գրավիչ թեմայով: Քանի որ այս պահին նման պայմաններ չունեմ, ինձ մնում է միայն հուսալ, որ հետագայում ֆինանսական աջակցություն կգտնեմ:
Վերջում ասեմ, որ շատ եմ կարոտում Հայաստանն ու իմ լավ ընկերներին, իսկ նրա մշակութային ու բարի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու երջանկություն: Հուսով եմ, որ հնարավորություն կլինի նորից մասնակցել Երեւանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, եւ ես նորից կգամ ձեզ հանդիպելու…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ